Սյունեցիները կարևորեցին հնգամյա զարգացման ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բաղադրիչի ներդրումը

Սյունեցիները կարևորեցին հնգամյա զարգացման ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բաղադրիչի ներդրումը

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչները մեծ կարևորություն են տալիս համայնքների զարգացման հնգամյա ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բաղադրիչի ներդրմանը, էկոկրթության զարգացմանը և էկոդաստիարակության սերմանմանը: Այս մասին նրանք նշեցին հունիսի 10-ին՝ Գորիսում, Սիսիան և Գորիս համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագծի ներկայացման նպատակով կազմակերպված ֆորումի ժամանակ: Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը մշակվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում: 

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետիսյան

«Այս ծրագիրը տարբերվող է, քանի որ էկոլոգիական ծրարգեր քիչ են իրականացվում, իսկ համայնքներում էկոլոգիական խնդիրները բազմաթիվ են: Հուսով եմ, որ ծրագիրը դրական միտում կունենա համայնքներում: Մեր բնակավայրն էլ ունի բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Կարևորում եմ էկոլոգիական կրթությունը՝ սկսած ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից: Որքան շատ ծրագրեր ու միջամտություններ անեն, միևնույն է՝ բնակիչը պետք է ունենա էկոլոգիական կրթություն, որպեսզի արվածը ջուրը չլցվի, որ քաղաքականությունը կարողանանք պահպանել և իրականացնել: 

Ավագանու նիստին քվեարկելու իրավունք չունեմ, բայց ելույթով հանդես կգամ, կներկայացնեմ քաղաքականության դրական և ուժեղ կողմերը, ինչ արդյունք կտա համայնքին: Համոզված եմ, որ արդյունքում համայնքում կունենանք լուծված խնդիրներ»:

Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյան

«Տարիներ շարունակ համայնքում փոքր բնապահպանական ծրագրեր իրականացվում էին, բայց մարզային կամ հանրապետական նշանակության ծրագիր առաջին անգամ է իրականացվում: Գորիսում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց մասին երբեմն բարձրաձայնում են տարբեր անհատներ, բնակիչներ, բայց գործողությունների պլան առ այսօր չի մշակվել: Ակտիվ քննարկումներ եղել են, բայց մշակված քաղաքականություն համայնքը չունի: Ողջունում եմ, որ նախատեսվող փաստաթուղթը ներառվելու է համայնքի զարգացման ծրագրի մեջ որպես բաղկացուցիչ մաս: Համոզված եմ, որ ավագանու կողմից հավանության կարժանանա, որովհետև միայն խոսել, բայց խնդիրներին լուծում չտալով ոչ մի արդյունքի չենք հասնի:

Որքան էլ բարձրաձայնենք խնդիրների մասին, շատ կարևոր է վաղ տարիքից երեխաների մոտ էկոդաստիարակություն սերմանելը, էկոլոգիական գիտելիքներ տրամադրելը և այդ առումով պատրաստակամ ենք մեր ծրագրերով աջակցել: Երբ խոսում ենք հայրենասիրության մասին, պետք է լինենք հայրենատեր, սիրենք, պահպանենք, տեր կանգնենք մեր հայրենիքին՝ նաև բնապահպանական նախաձեռնություններ իրականացնելով»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան

«Ծրագիրը յուրահատուկ է այն տեսակետից, որ տալիս ենք տվյալների բազա, թե այդ համայնքում ինչ ձեռնարկություններ են աշխատում, որոնք ունեն հիմնականում բացասական ազդեցություն շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա: Սոցիալական պրոֆիլն ենք տվել, առկա են տվյալներ համայնքներին բիզնեսի կողմից տրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ: Տվել ենք լուրջ օրենսդրական բազա: Ունենալով այդ փաստաթուղթը՝ համայնքը կարող է օգտվել այդ բազայից, հասկանալ, թե որ օրենքներն են պաշտպանում իրենց իրավունքները:

Շատ կարևոր է ակտիվ երիտասարդության մասնակցությունը: Այն միշտ արտահայտել է իր մտահոգությունը, տարբեր առաջարկություններ, հարցումներ են ուղարկել: Սակայն շատ դժվար է ակնկալել, որ իրենք պատասխան կստանան: Եթե համայնքն ընդունի այդ սոցիալ-էկոլոգիական փաստաթուղթը որպես հնգամյա զարգացման ծրագրի բաղադրիչ, հղում անելով այդ բաղադրիչին, համայնքը կկարողանա նոր մակարդակի երկխոսություն ունենալ բիզնեսի և կառավարության հետ: Համայնքը կարող է նվազեցնել ռիսկերը և արդեն իսկ ունեցած բացասական ազդեցությունը բիզնեսի կողմից և պահանջատեր լինել, ոչ թե խնդրի աջակցություն: Բիզնեսն իր սոցիալական-կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում արդեն պարտադիր կերպով ֆինանսական օժանդակություն կտրամադրի` համայնքի բնապահպանական խնդիրները լուծելու համար: 

Փաստաթղթի մշակմանը մասնակցել են ՏԻՄ-ը, ակտիվ բնակչությունը, տեղական ՀԿ-ները, դա շատ լավ գործոն է: Եթե ընդունեն փաստաթուղթը, առաջին դրական արդյունքն ունենալու դեպքում այն արդեն ստարտափ կլինի մեր բոլոր վեց ազդակիր համայնքների համար»:

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հունիս 18, 2022 at 15:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր