

Ի շարունակություն Գեղարքունիքի մարզում անցկացված ֆորումի վերաբերյալ հոդվածի, որի ժամանակ քննարկվել է Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, «Էկոլուրը» ներկայացնում է ֆորումի առանձին մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-ի ներկայացուցիչների, ծրագրի փորձագետների ու տեղի ակտիվիստների կարծիքները։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած ֆորումի նպատակն էր քննարկել Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը, որը մշակվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակում:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյան
«Քաղաքականությունը վերաբերում է այն սկզբունքներին ու նպատակներին, որոնցով պետք է ուղղորդվեն համայնքները համաչափ զարգացում ունենալու, սոցիալ-էկոլոգիական խնդիրները լուծելու համար: Այդ քաղաքականության մեջ տրված են սկզբունքներ, ստանդարտներ, համայնքների ուժեղ և թույլ կողմերը, իրավական դաշտը, որով պետք է ուղղորդվեն: Դուրս են բերված այն առաջնային խնդիրները և ծրագրերը, որոնք համայնքը որոշել է մասնակցային հիմքով: Այս փաստաթղթի հիման վրա ծրագիր կկազմվի և կներկայացվի պետությունից գումար ստանալու, ինչպես նաև գումարներ կհայթայթվեն և նպատակային կօգտագործվեն:
Հիմնականում բոլոր համայնքները բարձրացրել են խմելու ջրի, ջրագծերի հարցը: Խմելու և ոռոգման ջուրը դարձել է առաջնային խնդիրը: Վարդենիսում միակ առաջնային խնդիրն էր, Մարտունիում՝ նաև անտառապատում, բուժզննում ու աղբահանություն: Կարևոր է, որ մարդիկ կարող են իրենց առաջարկած ծրագրերի շուրջ աշխատել ու վերահսկել, որ գումարները կոնկրետ նպատակային ծախսվեն»:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյան
«Խոշորացված համայնքների հաստիքակազմը ցույց է տալիս, թե մենք ինչ բնապահպանական, սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ կզարգացնենք մեր համայնքը: Սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների բացահայտման, խնդիրների տիրապետման արդյունքում մենք կունենանք սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն, որը կնպաստի մեր համայնքներում էկոհամակարգերի կայուն կառավարմանը: Մենք հետամուտ ենք լինելու, որ մեր կենսաբազմազանությունը չնվազի, որպեսզի բնակչության եկամուտների ավելացում լինի, բնակչության արտահոսքը նվազեցվի, մասնակցային կառավարում լինի բնական ռեսուրսներ օգտագործող կազմակերպություններում:
Նախկինում համայնքի բնակիչները տեղյակ չէին, որ իրավունք ունեն իրենց տարածքում բնական ռեսուրսներ օգտագործող տնտեսվարողից պահանջել, որ որոշակի գումար վճարի բյուջե, որպեսզի համայնքը կարողանա տիրապետել այն իր հայեցողությամբ համայնքի զարգացման համար: Հիմա արդեն մեր հանքօգտործողներին գույքագրում ենք: Ովքեր չունեն պայմանագրով ամրագրված պարտավորություն, թարմացնում ենք ընդերքօգտագործման հետ կապված հողի պայմանագրերը: Այդկերպ ամրագրում ենք տնտեսվարողների լրացուցիչ ֆինանսական օժանդակությունը համայնքին:
Փորձում ենք մարզում ստեղծել բրդի վերամշակման գործարան, գտնել մի ուղի, որպեսզի կարողանանք զարգացնել մեր մարզում ոչխարաբուծությունը: Ոչխարաբուծության զարգացման հիմնական խթանը կլինի բրդի հետ կապված վերջնարդյունքի առաջացումը: Հիմա մարզում ունենք շուրջ 100 հազար մանր եղջերավոր անասուն, բայց ունենք 181 հազար հեկտար արոտավայր, կարող ենք մեր ալպյան մարգագետինները օգտագործել օրգանիկ մսի արտադրության համար»:
Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյան
«Մինչ օրս Վարդենիս համայնքը չի ունեցել սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որը պետք է բերի համայնքներում բնապահպանական խնդիրների լուծմանը: Այն կնպաստի, որ համայնքի ղեկավարությունը, ավագանին ու բնակիչները հասկանան, թե իրենցից ինչ է կախված, ինչ են կարող առաջարկել և ինչպես պետք է վերացնել բնապահպանական բացասական ազդեցությունը:
Մենք գիտենք, որքան տեխնոլոգիաները զարգանում են, այդքան բնապահպանական խնդիրներն ավելանում են: Այն մարդիկ, ովքեր առաջացնում են դրանք, պետք է բնապահպանական վնասները վերացնելու համար ներդումներ կատարեն: Նրանցից շատերը բարեխղճորեն կատարում են, իսկ ինչպես ենք մենք այդ նեդրումները ծախսո՞ւմ: Կարևորը ծախսելն է, որովհետև օրենսդրությամբ հստակեցումներ կան, որ պետք է ծախսվեն ազդակիր բնակավայրերի վրա՝ բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար: Այս իմաստով քաղաքականությունը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր հնգամյա ծրագրերում ներառել այն միջոցառումները, որոնցով պետք է բնապահպանական խնդիրները լուծենք»:
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի անդամ Սաթիկ Բադեյան
«Շատ կարևոր գործ է արվել: Որքան էլ քաղաքականությունը մշակված լինի կոնկրետ երկու համայնքի համար, այն, իմ կարծիքով, պետք է կարևոր լինի և օրինակ լինի նաև մյուս համայնքների համար: Մյուս կողմից չեմ կարծում, որ որևէ համայնքում գնահատվի բնապահպանական վիճակ ու ազդեցություն, որը Սևանա լճի միջոցով չի անդրադառնում մյուս համայնքների վրա:
Լավ կլիներ, որ վերջնական տարբերակը հասանելի լիներ կամ քննարկելուց հետո մեկ անգամ ևս հնարավորություն ունենայինք հանդիպել ու քննարկել: Խնդրի մի կողմն է լավ փաստաթուղթ ունենալը, մեկ այլ կողմը՝ որքանով կիրականացվի այդ փաստաթուղթը: Հետաքրքիր էր, թե ինչպիսի մեխանիզմներ են մշակվել, ինչպես անել, որ կյանքի կոչվի, ով է պատասխանատու իրականացման ու վերահսկողության համար: Վերջերս մշակել ենք Սևան համայնքի մշակութային զարգացման ռազմավարությունը: Քանի որ մշակույթը շատ լայն ենք դիտարկել, այդ ռազմավարության մեջ մշակույթ ասելով հասկացել ենք նաև մարդկանց սովորույթները, վարքն ու բարքը: Մեր ռազմավարական նպատակներից մեկը եղել է Սևան համայնքը դարձնել էկոլոգիական կենցաղավարություն և էկոլոգիական տնտեսվարություն արտադրող և արտահանող համայնք: Մեր առաջ խնդիր ենք դրել, որ սովորական կենցաղային հարաբերություններն ու հատկապես տնտեսությունը համայնքում պետք է կառուցվի՝ հաշվի առնելով էկոլոգիական բաղադրիչը: Մեխանիզմ ենք մշակել, ստեղծել ՏԻՄ-ին կից գործող էկոլոգիական խորհուրդ: Համայնքում ընդունվող ցանկացած որոշման նախագիծ պետք է անպայման ունենա այդ էկոլոգիական խորհրդի եզրակացությունը՝ որքանով է այն բնապահպանական, նաև մոնթորինգի հանձնաժողով ենք ձևավորելու, որը վերահսկելու է դա:
Ցանկանում ենք դառնալ էկոմշակույթ արտահանող համայնք և մեր փորձը պատրաստվում ենք տարածել մյուս համայնքներում: Մեր մշակած ռազմավարությունը մշակվել է քաղաքականությանը համապատասխան, քանի որ հաշվի է առնվել սոցիալ-էկոլոգիական բաղադրիչը»:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Հունիս 16, 2022 at 17:00