

2022թ. հունիսի 8-ին Լոռու մարզի Հաղպատ բնակավայրում տեղի ունեցած ֆորումի ժամանակ ներկայացվեց Ախթալա և Օձուն խոշորացված համայնքների համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը: Այն մշակվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի, Ախթալա և Օձուն խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու շահառու համայնքների ակտիվ բնակիչները:
Ողջունելով իրականացված աշխատանքները՝ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նշեց, որ շուտով Ախթալա և Շնող համայնքները կներառվեն Ալավերդի խոշորացված համայնքի կազմում, ինչի արդյունքում քաղաքականությունից կօգտվեն ավելի մեծ թվով բնակավայրեր: «Փաստաթուղթը չի կորցնում իր արդիականությունը: Մենք ունենալու ենք մի փաստաթուղթ, որի շնորհիվ համայնքը հանքարդյունաբերությունից բացի այլընտրանքային զարգացման տեսլական կունենա»,- նշեց նա:
Կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ Լոռու մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը նշեց. «Մենք մարզը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, բոլոր համայնքներում կան խնդիրներ, հատկապես՝ էկոլոգիական, որը կարելի է լուծել ոչ միայն պետական մակարդակով, այլև՝ բնակչության մասնակցությամբ ծրագրերի միջոցով: Հուսով ենք, որ ծրագիրը կարևոր դեր կունենա համայնքներում դրական տեղաշարժ արձանագրելու համար»:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի էությունն՝ ընդգծելով, որ սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակվել է մասնակցային մեթոդով: «Քաղաքականությունը կոնսենսուսային փաստաթուղթ է, որը պետք է ամրապնդի համայնքի սոցիալական և էկոլոգիական ներուժը և փորձի ապահովել սոցիալական և էկոլոգիական արդարությունը՝ հավասարապես հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Ամենակարևորն այստեղ այն է, որ մշակվել են մոդելներ, թե համայնքը կոնկրետ տնտեսվարողի հետ ինչպես պետք է հարաբերվի, ինչպես պետք է ներկայացնի իր խնդիրները, սահմանված են նաև համայնքների առաջնահերթությունները»,- ասաց նա:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը ներկայացրեց սոցիալ-էկոլոգիական ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումները:
«Քաղաքականությունը մշակվել է, որպեսզի սահմանվեն սկզբունքներ և պահանջներ, որոնք ուղղված կլինեն համայնքի սոցիալական, տնտեսական ու էկոլոգիական համաչափ զարգացմանը, բոլոր բնակավայրերի համաչափ ու բարեկեցիկ զարգացմանը, կանաչ տնտեսության զարգացմանը, մարդու կանաչ իրավունքների պաշտպանությանը, համայնքների բնակիչների իրազեկվածության բարձրացմանը, առողջության պահպանմանն ու շրջակա միջավայրի էկոհամակարգերի պահպանմանը: Ակնկալում ենք, որ քաղաքականության ներդրման արդյունքում բիզնեսի կորպորատիվ պատասխանատվությունը կբարձրանա, և համայնքները պահանջատեր կդառնան»,- ընդգծեց նա:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրի ներքո պատրաստված տեսանյութերը: «Մենք փորձել ենք լսելի դարձնել համայնքների բնակիչների ձայնը լայն հանրության համար: Ներկայացրել ենք բնակիչների ու ՏԻՄ-ի կարծիքները համայնքների այլընտրանքային զարգացման ուղիների մասին, նրանց ակնկալիքներն ու սպասելիքները ծրագրի հետ կապված»,- ասաց նա:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը նշեց. «Քաղաքականության միջոցով մենք համայնքներին տալու ենք մի գործիք, որի միջոցով իրենք հասկանալու են, թե համայնքում գործող հանրային ոլորտներն ինչպես են մեկը մյուսի հետ զուգորդվելու, որ չխանգարեն միմյանց: Մենք փորձում ենք քաղաքականության միջոցով սահմանել համայնքի առաջնահերթությունները և դրանց միջոցով հուշել ՏԻՄ-ին, թե հատկապես որ ծրագրերը ինչ հաջորդականությամբ պետք է իրականացնել»,- նշեց նա:
Ֆորումի մասնակիցները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքը և հավանություն տվեցին Ախթալա և Օձուն խոշորացված համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Հունիս 13, 2022 at 17:00