Գեղարքունիքում կայացած ֆորումին դրական գնահատվեց Վարդենիս և Մարտունի համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը

Գեղարքունիքում կայացած ֆորումին դրական գնահատվեց Վարդենիս և Մարտունի համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը քննարկվեց 2022թ. հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքում տեղի ունեցած մարզային ֆորումի ժամանակ:

Քննարկմանը մասնակցում էին Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մարզի ակտիվ բնակիչներ:

Քննարկումը մեկնարկեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից պատրաստված «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրի՝ «Հետ բերե՛ք մեր ջուրը» և «Հայացք ներսից. Վարդենիսի բնակիչները համայնքի զարգացման հեռանկարների մասին» ֆիլմերի ցուցադրությամբ:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը ներկայացրեց «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն»  ծրագրի նպատակը: «Այն համայնքները, որոնք կրում են որևէ ազդեցություն շրջակա միջավայրի վրա,  պետք է իմանան, թե ինչ պետք է անեն այդ ազդեցության նվազեցման համար: Իսկ համայնքի բյուջե մուտք եղած գումարները պետք է ուղղվեն համայնքի զարգացմանը»: Անահիտ Գևորգյանը կոչ արեց առաջարկություններով հանդես գալ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթղթի լրամշակման համար, որպեսզի վերջնական տարբերակը դրվի համայնքների ավագանու նիստի հաստատմանը:

Գեղարքունիքի փոխմարզպետ Ռուբիկ Նավոյանը դրական գնահատեց սոցիալ-էկոլոգիական բաղադրիչի ներառումը համայնքի զարգացման ծրագրերում: «Համայնքները չունեն էկոլոգիական քաղաքականություն, ինչը վատ է անդրադառնում ինչպես՝ սոցիալական բարեկեցիկ կենսապայմանների, այնպես էլ՝ տնտեսական գործունեության վրա: Քաղաքականության առկայության դեպքում համայնքներում կլինի կանաչ տնտեսության զարգացում, շրջակա միջավայրի վիճակի կայունացում...

Համայնքում գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է ազդակիր համայնքներում ներդրումներ իրականացնեն, որոնք կնպաստեն այդ համայնքների զարգացմանը: Օրինակ, եթե հիդրոէլեկտրակայանը խոչընդոտում է ոռոգման աշխատանքներին, կարևորում եմ, որ որոշ ներդրումների հիման վրա ստեղծվի նոր ջրագիծ...

Սոթք համայնքի տարածքում հանքարդյունաբերական ընկերության որոշակի ներդրումները բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրներին պետք է ուղղվեն»,- ասաց փոխմարզպետը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը հայտ է ներկայացրել համայնքին թելադրող դարձնելու բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: «Այս քաղաքականությունը պետք է ուղղորդի քաղաքական մարմնին՝ տվյալ համայնքի ավագանուն և ղեկավարին, թե ինչպես պետք է հարաբերվի նա ընկերությունների հետ, որը սկզբունքները պետք է բարձր պահել և որոնք են համայնքի առաջնային խնդիրները՝ ըստ տեղի բնակիչների: Սա այն զենքն ու մեխանիզմն է, որով համայնքը պետք է ուժեղ լինի և խոսի տնտեսվարող ընկերությունների հետ»,- ասաց նա:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը ներկայացրեց քաղաքականության օրենսդրական մասը. «Եթե ճիշտ օգտագործվի այս գործիքը, այն թե՛ սոցիալական վիճակի բարելավմանը, թե՛ բարեկեցությունն ավելացնելուն, թե՛ մարդու իրավունքները պաշտպանելուն և թե՛ շրջակա միջավայրը պահպանելուն միտված կլինի»: 

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը խոսեց սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերի մասին. «Առաջին մարմինը, որն ունի բյուջե և որոշում կայացնելու իրավունք, ՏԻՄ-ն է: Այս իմաստով պետք է փորձենք հասկանալ, թե ինչ լիազորություններ և պարտավորություններ ունի նա, որպեսզի կարողանա արձագանքել բնակչության շահին և հնարավորինս մեղմի բացասական հետևանքները: Այս քաղաքականության միջոցով փորձում ենք ՏԻՄ-ին հուշել ծրագրերի մեջ ինչ առաջնահերթություններ սահմանել, որպեսզի նա կարողանա լավագույնս իրականացնել դրանք»:

Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանն ընդգծեց, որ ընկերությունների կողմից տրվող որոշակի գումարային աջակցությունները չեն կարող լիարժեք լուծել համայնքում առկա սոցիալական խնդիրները. «Գիտակցում ենք, որ դա հարցի լուծում չէ: Կարելի է մշակել այնպիսի բանաձև, որ համայնքը պետության կողմից ևս աջակություն ստանա»,- նկատեց նա:

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը նշեց, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ավելանում են բնապահպանական վնասները: «Տնտեսական զարգացումն ապահովողները պետք է ապահովեն նաև բնապահպանական ռիսկերի նվազեցումը: Պետք է հասկանալ, թե համայնքներն ու բնակիչները ինչ կերպ են այդ ազդեցությունը բերում փոխհամաձայնեցման, և ինչպես է հնարավոր գործունեության բացասական ազդեցությունը մեղմացնել: Կունենանք ուղեցույց, որով կկարողանանք նպատակային օգտագործել համայնքի մուտքագրվող գումարները»,- ասաց նա: 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ԴԱՏԱ ծրագրի համակարգող  Փիրուզա Մանուկյանը կարևորեց, որ ծրագիրն իրականացվել է մասնակցային, թափանցիկ ու հաշվետվողականության սկզբունքներին համապատասխան: «Այն ամենը, ինչն իրականացվեց մեկուկես տարվա ընթացքում, սկսած հետազոտությունից, տեսանյութերից, հաղորդակցման միջոցներից ու փաստաթղթի մշակումից, փաստում է այդ մասին: Ծրագրի ամենամեծ նպատակն այն էր, որ կարողանայինք արժեշղթայով սովորեցնել, աջակցել համայնքներին, ինչ-որ հարցում փոփոխությունների փաթեթներ մշակել ու դա անել քայլ առ քայլ, գիտակցված  ու համակարգված: Այսօր տեսանք և՛ մասնակցայնություն, և՛ փաստարկներ, և՛ տվյալներ»,- նշեց նա: 

«SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանը խոսեց ծրագրի իրականացման կարևորության մասին. «Նախկինում համայնքի հետ կապված հարցեր էին քննարկում, համայնքն անտեղյակ էր, իսկ այսօր հրավիրում են, և հենց համայնքի բնակիչներն են բարձրաձայնում այն հարցերն ու խնդիրները, որոնք անհրաժեշտ է որոշակի ծրագրերով իրականացնել: Վերին Գետաշենում գործող ՀԷԿ-ը մեծ բացասական  ազդեցություն ունի: Հատկապես ոռոգման շրջանում մի քանի գյուղեր զրկվում են ոռոգելու հնարավորությունից: Առաջացել են էկոլոգիական լուրջ խնդիրներ: Եթե նախկինում գետում կար արծաթափայլ իշխանը, կողակը, հիմա ամուլ գետ է՝ գորտ էլ չկա: Ինչ օգուտներ էր բերում համայնքին ՀԷԿ-ը, դա հավասարվել է զրոյի....

Գումարները պետք է հասցեական լինեն, տրվեն ոչ թե խոշորացված համայնքին, այլ՝ այն բնակավայրին, որը տուժում է այդ գործընթացում»,- ընդգծեց նա:

Շարունակելի

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հունիս 10, 2022 at 12:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր