

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը շահառու համայնքների բնակիչներին ներկայացվեց սույն թվականի հունիսի 10-ին՝ Գորիսում տեղի ունեցած ֆորումի ժամանակ: Փաստաթուղթը մշակվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում: Ֆորումին մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի, Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ավագանու անդամներն ու տեղի բնակիչները:
Խիստ կարևոր ու արդիական գնահատելով իրականացվող ծրագիրը՝ Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը նշեց. «Շատ կարևոր է ունենալ մշակված քաղաքականություն: Մենք միշտ բարձրաձայնում ենք էկոլոգիական խնդիրների մասին, բայց մշակված գործողությունների պլան կամ քաղաքականության փաստթուղթ մենք չենք ունեցել»,- ասաց նա: Ըստ Արմինե Հովակիմյանի՝ Գորիսի ավագանին օրեր առաջ հաստատել է համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, սակայն իրենք պատրաստ են փոփոխություններ կատարել այդ ծրագրում: «Մենք կներկայացնենք այս քաղաքականությունն ավագանիների քննարկմանը, և որպես լրացուցիչ կետ կարող ենք ներառել մեր հնգամյա զարգացման ծրագրում: Կարծում եմ՝ դրական արդյունքներ կունենանք»,- նշեց նա:
Դիմելով ներկաներին՝ ծրագրի մարզային համակարգող, «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Համբարձումյանը նշեց, որ ֆորումի նպատակներից մեկն էլ քաղաքականությունը նոր առաջարկություններով համալրելն է: «Ծրագրի նպատակը համայնքներում կանաչ տնտեսության զարգացմանը նպաստող գործընթացներ իրականացնելն է, էկոլոգիական խնդիրները վերհանելն ու վերլուծելը, բնակիչների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելը: Մշակված քաղաքականությունը ինստիտուցիոնալ կերպով կկարողանա ՏԻՄ-երին և համայնքում աշխատող բոլոր կառույցների համար լինել հիմք, որպեսզի վերջինները կարողանան պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը»,- ասաց նա:
Ըստ Արթուր Վարդազարյանի՝ քաղաքականության նախագծով առաջարկվել են սկզբունքներ, որոնցով համայնքը պետք է առաջնորդվի և լուծի իր առաջ ծառացած սոցիալ-էկոլոգիական խնդիրները: «Քաղաքականությունն իրենից ներկայացնում է սկզբունքներ, քայլեր, գործողություններ, թե ինչ արժեքներով են ցանկանում առաջնորդվել համայնքները, ինչ քայլեր են անելու, որպեսզի հասնեն իրենց նպատակին, ընդ որում, դրան հասնելու համար պետք է լինի օրենսդրական հիմնավորում»,- նշեց նա:
Քաղաքականության նախագծում սոցիալ-էկոլոգիական խնդիրներին առնչվող օրենքներին ու ակտերին անդրադարձավ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
«Ուսումնասիրել ենք ՀՀ ամբողջ օրենսդրությունը՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած՝ ենթաօրենսդրական ակտերով: Սա կլինի ուղեցույց, որի հիման վրա համայնքը կկարողանա ֆոնդհայթայթումներ իրականացնել: Կան իրավական բոլոր նորմերը, որից կարող եք օգտվել և ձեր գործունեությունն իրականացնել: Քաղաքականությունը ցույց է տալիս ձեր ուժեղ և թույլ կողմերը, համայնքի զարգացման համար անհրաժեշտ առաջնայնությունները, որոնք հավաքագրվել են մասնակցային սկզբունքով: Այս քաղաքականությունը հետագայում էլ կխթանի համայնքներում կանաչ տնտեսության զարգացումը, հատուցելիության սկզբունքի խնդիրը կբարձրացնի, կօգնի կանոնակարգել ֆինանսական մուտքերը»,- նշեց նա:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից պատրաստվել են տեսաֆիլմեր, որտեղ շահառու համայնքների բնակիչներն ու ՏԻՄ-ի ներկայացուցիչները, ծրագրի փորձագետները խոսում են համայնքներում առկա սոցիալ-բնապահպանական խնդիրների մասին, դրանց լուծման առաջարկներ ներկայացնում: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ թիրախ համայնքներում իրականացված հանդիպումների ընթացքում աչքի է ընկել մարզի ակտիվ երիտասարդությունը: «Շատ ուրախ եմ, որ երիտասարդները բավական ակտիվ են եղել: Շատ պատրաստված կերպով են ներկայացրել խնդիրներն ու դրանց լուծումներն առաջարկել»,- ասաց նա:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Հունիս 14, 2022 at 18:02