Ախթալա և Օձուն համայնքների զարգացման հնգամյա ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման սպասելիքները

Ախթալա և Օձուն համայնքների զարգացման հնգամյա ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման սպասելիքները

Լոռու մարզի Ախթալա և Օձուն խոշորացված համայնքների զարգացման հնգամյա ծրագրերում շուտով կներառվի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը: Հունիսի 8-ին «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակում կայացած մարզային ֆորումի ժամանակ այս մասին նշեցին շահառու համայնքների ղեկավարները: «ԷկոԼուրը» ֆորումի մասնակից ՏԻՄ-ի ներկայացուցիչներից և ծրագրի փորձագետներից հավաքագրել է քաղաքականության ներդրման արդյունքում համայնքի զարգացման հեռանկարների և ծրագրի արդյունավետության մասին դիրքորոշումները:

Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյան 

«Համայնքի մանսակցությունը շատ կարևոր է ու պարտադիր: Քաղաքականությունը լավ է նրանով, որ որոշակի չափով համընկնում է բնակչության և համայնքի կարծիքը: Ավագանու որոշման համաձայն քաղաքականության փաստաթղթի դրույթները կարող են ներառվել համայնքի զարգացման հնգամյա ծրագրում: Ինչ ներառված է այս փաստաթղթում, համայնքի կարծիքը հաշվի առնելով է իրականացվել: 

Ակնկալում ենք, որ կապահովենք համայնքի զարգացումը: Համայնքը չի ասում, որ հանքարդյունաբերությունը պետք է փակվի, ո՛չ: Հանքարդյունաբերությունը պետք է աշխատի՝ իհարկե, բնապահպանական ռիսկերից հնարավորինս խուսափելով: Սակայն զուգահեռ պետք է լինի համայնքի այլընտրանքային զարգացում, ինչը համայնքում հանքարդյունաբերության չգործելու դեպքում կապահովագրի ռիսկից: Չենք ունենա արտագաղթ, չի լինի համայնքի զարգացման ընդհատում: Նաև պետք է լինի բոլոր շահագրգիռ մարմինների համագործակցությունը: Սա կլինի համայնքի զարգացման իդեալական ապահովում»:

Լուսանկարում՝ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյան 

Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյան

«Բիզնեսը կատարում է իր պարտավորությունները, այլ հարց է, թե որքանով են այդ գումարները համայնքի համար ընդունելի: Ես համարում եմ, որ վնասի չափն ավելի շատ է, քան տված գումարները: Երբ տեսնում ենք աղտոտվածությունը, մեր կարծիքով, բնապահպանական վճարներն ավելի քիչ են սահմանված: Իրականում փաթեթը պետք է վերանայվի Կառավարության կողմից: Ոչ միայն դրանով զբաղվեն բնապահպանական գերատեսչությունները, այլև՝ ակտիվ դերակատարություն ունենա համայնքը, որովհետև համայնքն ավելի լավ գիտի իր ներքին խնդիրները, որքան են գետերն աղտոտվում, որքանով են բնակիչները տուժում:

Այս պասհին մենք Մղարթ համայնքում խնդիր ունենք՝ տների ճաքերի հետ կապված, որոնք առաջացել են հանքարդյունաբերությունից: Պետք է լուրջ հետազոտվի՝ դա առաջացել է հանքարդյունաբերությունից, թե տունը հին է, և դա շահարկվում է: Բայց ես համոզված եմ, որ նմանատիպ ճաքեր չեն կարող առաջանալ միանգամից մի քանի տներում: Այն ուղիղ կապ ունի հանքի հետ: 

Ալավերդու հանքի հետ այլ խնդիր կա՝ օդի աղտոտվածություն, մեղուների ոչնչացում, կենդանիների տուժելու, մարդկանց մոտ հիվանդությունների առաջացման: Բնակչությունը քիչ է պաշտպանված նման խնդիրներից և աղետներից: Համարում եմ, որ Կառավարության հետ պետք է վերանայվի համայնք-բիզնես և՛ տարանջատումը, և՛ սերտացումը»:

Լուսանկարում՝ Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյան

Լոռու մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյան

«Նման նախաձեռնությունները կարևորում ենք այնքանով, որ առկա են հիմնական երեք բաղադրիչները: Առաջինը՝ համայնքներն աշխատում են բաց: Բաց կառավարման մեթոդը գործում է շատ ավելի լավ, քանի որ համայնքի ղեկավարն ու համայնքի բնակիչը մտածում են նույնկերպ, ունեն նույն տեսլականը և կարողանում են սահմանել համայնքի զարգացման առաջնահերթությունները: Երկրորդ՝ ամենակարևոր խնդիրը հասարակական կառույցների ակտիվությունն է համայնքի զարգացման ծրագրերի գործընթացում: Համայնքների խնդիրները վերհանելու և լուծելու համար շատ ժամանակ պետք է ներքևից վերև խնդիրներն առաջադրվեն: Կայացած քաղհասարակությունը պետք է կարողանա սահմանել, թե որոնք են համայնքի խնդիրները և առաջարկել դրանց լուծումներ:

Մյուս բաղադրիչն այն է, որ կազմակերպությունները կարողացել են զարգանալ և կայանալ և ներգրավում են Հայաստանի մյուս մարզերում գործող ակտիվ հասարակական կառույցներին: Եթե այլ մարզերում կա լավ օրինակ, կարելի է իրականացնել այն մեր մարզում»: 

Լուսանկարում՝ Լոռու մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյան

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյան 

«Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության կարևորագույն մասը երկարաժամկետ որոշումների ընդունման հնարավորությունն է: Հետագա սերունդներին պետք է ավելի լավ պայմաններ թողնենք: Այդ իմաստով պետք է հստակ առաջնահերթություններ և սկզբունքներ ունենանք: Քաղաքականությունը մատնանշում է հենց այն սկզբունքները, որոնց հիման վրա այդ որոշումներն ենք կայացնելու և այդ որոշումներն էկոլոգիական տեսանկյունից լավագույնն են լինելու համայնքի համար:

Քաղաքականությունը տալիս է հնարավարություն զուգակցել բիզնեսի և այլընտրանքային ճյուղերի զարգացումը: Եթե որևէ բիզնես որոշակիորեն խոչընդոտում է այլընտրանքային զարգացմանը, վնաս է հասցնում շրջակա միջավայրին, մենք ծրագրի միջոցով հնարավորություն կունենանք դրանց ազդեցությունը մեղմել կամ վերացնել: Այդ իմաստով շատ կարևոր է ՏԻՄ-ի դերը: ՏԻՄ-երը՝ որպես ընտրված մարմիններ, պետք է կարողանան ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին և լսելի դարձնեն հանրության և բնակչության ձայնը: Նրանք կարող են միջնորդ օղակ լինել բիզնեսի, համայնքի բնակչության և համայնքի զարգացման համար: Քաղաքականությունը նման հնարավորություն է տալիս, որովհետև մշակվել է մասնակցային եղանակով՝ փորձել ենք ներգրավել համայնքի շահագրգիռ բոլոր խմբերին՝ քաղհասարակությանը, ՏԻՄ-երին, բիզնեսին: Հարցումների, ֆոկուս-խմբերի միջոցով վեր ենք հանել խնդիրները, փորձել ենք խնդիրները ոչ թե մեկը մյուսին բացառող, այլ՝ մեկը մյուսին փոխլրացնող տարբերակով ներկայացնել համայնքին»:

Լուսանկարում՝ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյան 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյան 

«Ծրագրում ՏԻՄ-ի մասնակցությունը եղել է շատ բարձր, գործընթացին մասնակցել են համայնքի բոլոր վարչական ղեկավարները: Եվ յուրաքանչյուր վարչական ղեկավար պաշտպանել է իր բնակավայրի շահերը: Վարչական ղեկավարները զրկված են լիազորություններից, հիմնական պատասխանատուն համայնքի ղեկավարն է: Չունենալով լիազորություններ՝ մասնակցային գործընթացում ինքը, կարծես թե, ձեռք է բերում այդ լիազորությունները: Հենվելով քաղաքացու կարծիքի ու ձայնի վրա՝ պաշտպանում է իր բնակավայրի շահերը, նշում բնակավայրի առաջնահերթությունները: 

Օրինակ՝ հանքարդյունաբերական բնակավայր Շամլուղի վարչական ղեկավարը ամբողջ գործընթացում առաջ էր մղում էկոտուրիզմի զարգացումը: Նույնը՝ Օձուն համայնքում, երբ Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարն առաջ էր մղում գյուղատնտեսական և գյուղում ջրի անցկացման հարցերը: 

Երկու համայնքի ղեկավարներն ու բնակիչները հակված են, որ քաղաքականությունն ընդնունվի, և որոշակի կետեր ուղղվեն դեպի հնգամյա զարգացման ծրագիր: Եթե այդ գործընթացն ընթանա, ապա կարելի է ասել, որ տվյալ պիլոտային ծրագիրը հասել է իր վերջնական գագաթնակետային նպատակին: Այս պահի դրությամբ տեսանելի են հիմքերը, որ գալիս են ասելու՝ գիտակցումը կա, քաղաքականությունն անհրաժեշտ է, համայնքներն ունեն այլըտնրաքային զարգացման մղում ու ինստիտուտցիոնալ մակարդակի փոխհարաբերություններ տնտեսվարող ընկերությունների հետ: Եվ համայնքների ղեկավարները, ևս լսելով բոլոր բնակիչների ու քաղհասարակության կարծքը, ի վերջո եկել են մասնակցային որոշման, որ, այո՛, այս քաղաքականությունն անհրաժեշտություն է»:

Լուսանկարում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյան

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հունիս 17, 2022 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր