

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հաստատելու է Սեւանի ափերին անտառ տնկելու որոշման նախագիծը, սակայն անտառատնկման համար գումարներ չի հատկացնելու: «Սեւանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին (2014-2023թթ.)» որոշման նախագիծը գործադիրի նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում է: Օրերս «ԷկոԼուր»-ը գրել էր այս նախագծի մասին, որը տեղադրված էր Բնապահպանության նախարարության կայքում շահագրգիռ կողմերի համար: Այն կրել է էական փոփոխություն:
Եթե Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված նախագծում գրված էր, որ անտառապատման ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 517-Ն որոշմամբ ստեղծված Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հաշվին, ապա նոր նախագծով Սեւանի անտառապատման ֆինանսավորումը պետք է իրականացվի բարեգործական հիմնադրամներից և միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է տնկարանի վերականգնում և նոր անտառների հիմնում` ընդհանուր հաշվով 1113,2 հեկտար մակերեսի վրա:
Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման համար կհատվի 4000 հեկտար անտառ: Այս ծրագրով նախատեսված տնկումների հաշվին կվերականգնվի Սեւանի ափամերձ շրջանների կանաչ գոտու ընդամենը 27%-ը:
Նոյեմբեր 14, 2012 at 11:06
