Դաշտադեմում ցանկանում են ևս մեկ արևային կայան կառուցել

Դաշտադեմում ցանկանում են ևս մեկ արևային կայան կառուցել

«Սոլար Լենդ» ՍՊԸ-ն մտադիր է 5ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի հարևանությամբ: Արևային կայանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերջին՝ 4-րդ հանրային քննարկումը նշանակված է  սույն թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Դաշտադեմի վարչական ղեկավարի նստավայրում։

Ըստ հաշվետվության՝ կայանի համար նախատեսված տարածքը 8․5 հեկտար է, սեփականության իրավունքով պատկանում է «Սոլար Լենդ» ՍՊԸ-ին,  հողատեսքը՝ էներգետիկայի: «Ընտրված հողը չունի ոչ գյուղատնտեսական, ոչ էլ այլ որևէ լուրջ արժեք», - նշված է հաշվետվության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ հողի հնարավոր բերրի շերտը շատ փոքր է, առավելագույնը կազմում է 0.05մ։ Ուսումնասիրվող և հարակից տարածքներում բացակայում են ինչպես հազվագյուտ էկոհամակարգեր, այնպես ել կենդանիների հազվագյուտ տեսակներ:

Կայանում նախատեսվում է տեղադրել 10750 հատ արևային պանել։ Կայանը Հայաստանի էլեկտրական ցանցին միացնելու համար նախատեսվում է կառուցել 6300ԿՎԱ հզորությամբ 110/35/6կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայան: Շահագործման ժամանակային երաշխիքը 25 տարի է, ենթակայանի համար՝ 30 տարի։

Ըստ նախագծողների՝ կայանի տարածքն աղքատ է գրունտային ջրերով, դրանք գտնվում են 120-150մմ խորություններում: Իսկ մակերևութային ջրային մարմիններ չկան: Ուսումնասիրվող տարածքն անմիջական սահմաններ բնության հատուկ պահպանվող տարածքների հետ չունի: Ազդեցության ենթակա հուշարձանների համար ծրագրի իրականացումից առաջ պետք է ներկայացվեն որոշակի եզրակացություններ, որոնք հնարավորություն կտան գնահատել նախագծի բացասական ազդեցությունը մշակութային միավորների և նրանց պատմաաշխարհագրական միջավայրի վրա:

Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը պայմանավորվում է շինարարության փուլում փոշու արտանետումներով, աղմուկի մակարդակի բարձրացմամբ, շինարարական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շահագործմամբ: Նախատեսվում է իրականացնել հրապարակների ջրցան, գրունտի խոնավացում։

Ըստ հաշվետվության՝ բուսական աշխարհին հնարավոր վնաս կարող է հասցնել տեխնիկական միջոցների երթևեկությունը ճանապարհներից դուրս՝ հատկապես, երբ հողային ծածկույթը խոնավ է: Բուսական աշխարհին մեծապես կարող է վնասել նաև տեխնիկական միջոցների վառելիքաքսուքային նյութերի վթարային արտահոսքը: «Տեխնիկական միջոցների աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակի ավելացման պատճառով որոշ տեսակներ հնարավոր է հեռանան այդ տարածքներից, սակայն դա կունենա ժամանակավոր բնույթ և հետագայում իրավիճակը կարող է վերականգնվել», - նշված է հաշվետվության մեջ։ Բնապահպանական ծախսերն ընկերությունը գնահատել է 1 800 000 ՀՀ դրամ։

Շինարարական աղբը կտեղափոխվի Դաշտադեմի համայնքապետարանի կողմից հատկացված վայր։

Վտանգավոր թափոնների վերաբերյալ նշված է․ «ՀՀ տարածքում վտանգավոր թափոնների պահման, պահեստավորման, տեղափոխման և վերամշակման գործունեությունը լիցենզավորվող գործունեություն է, ուստի ընկերությունը նախատեսում է մինչ թափոնների առաջանալն անձնագրավորել թափոնները, որից հետո կտրամադրվեն լիցենզավորվող կազմակերպությանը: Տարածքում վտանգավոր թափոնների ժամանակավոր պահման վայրում կհավաքվեն առաջացող թափոնները, որից հետո կտրամադրվեն լիցենզավորվող կազմակերպությանը: Առաջացող թափոնները միանվագ չեն առաջանալու, այլ խոտանվելու են ժամանակի ընթացքում, ուստի դրանց պահեստավորումը լինելու է փոքր ծավալներով: Խոտանվածները փոխարինվելու են նորերով, խոտանվածները տեղափոխվելու են լիցենզավորված կազմակերպության տարածք:

Ըստ հաշվետվության՝ շինհրապարակը գտնվում է զգալի հեռավորության վրա բոլոր բնակելի թաղամասերից։ Արևային կայանի շահագործող անձնակազմը կազմված կլինի 6 մարդուց։

Նշենք, որ Դաշտադեմ բնակավայրում նախատեսված է ևս երկու արևային կայանի՝ «Սանռեյ» ՍՊԸ-ի 5ՄՎտ հզորությամբ «Արևիկ» և Հայաստանի ամենամեծ՝ արաբական «Մասդար» ընկերության 200ՄՎտ «Այգ 1» կայանների կառուցումը։

Մարտ 27, 2024 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր