«Ասկե գրուպ» ՍՊԸ-ն մտադիր է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի արտադրական գոտում 15 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել արևային կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը տեղի կունենա 2024թ. ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Չարենցավանի համայնքապետարանում:
Ըստ հայտի՝ արևակայանը կկառուցվի «Արմավտո» ԲԲԸ-ի գործարանի՝ «Ասկե գրուպ» ՍՊԸ-ին վարձակալական և սեփականության հիմունքներով պատկանող տարածքներում՝ բացառապես գործարանի պահանջմունքների բավարարման համար: Արևային կայանի պանելների մի մասը նախատեսվում է տեղադրել գործարանի տանիքին, մի մասը գործարանի տարածքում։ Ֆոտովոլտային վահանակների զբաղեցրած մակերեսը կազմելու է 7.8 հա։ Ֆոտովոլային կայանի գեներատորային մասը նախատեսվում է կառուցել 26000 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 690 Վտ առավելագույն հզորությամբ։
Նախատեսվող գործունեության տարածքը Հրազդան գետից գտնվում է 4,1 կմ հեռավորության վրա։ Ըստ նախագծողների՝ գործունեության տարածքն անմիջական սահմաններ Բնության հատուկ պահպանվող տարածքների հետ չունի: Ամենամոտ բնության հուշարձանները «Ավազան» հրաբխային գմբեթ երկրաբանական հուշարձանն է՝ 2.5 կմ և «Պեռլիտե փիղ» քարե քանդակ երկրաբանական հուշարձանը՝ 2.9 կմ հեռավորությունների վրա։
Ըստ փաստաթղթի՝ գործունեության տարածքը կիսանապատային, անբարեկարգ, համայնքի և բնակիչների կողմից չօգտագործվող, բուսածակույթից զուրկ տեղանք է։ Գործունեության իրականացման ընթացքում ենթակառուցվածքների փոփոխություններ չեն առաջանալու, կատարվելու են միայն հողային աշխատանքներ։ Կայանի կառուցման ընթացքում հանվող հողային զանգվածի ընդհանուր քանակը կկազմի 2,140 խմ, որից բուսահողը՝ 140 խմ, հետլիցքը՝ 1712 խմ։
Գրունտային ջրերի տեղամասերը գտնվում են ցածր հորիզոնների վրա: Գործունեության տարածքում բացակայում են մակերևութային ջրային հոսքերը։ Գործունեության իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների աղտոտում չի նախատեսվում։
Արևակայանի շահագործման ընթացքում առաջանալու են նաև վնասված պանելներ և այլ խոտանված մասեր, որոնք նախագծողները նախատեսում են կուտակել տարածքում առկա փակ պահեստային շենքում՝ մինչև համապատասխան կազմակերպություններին հանձնելը։ «Արևային կայանի ներկրված պանելներն ունեն օգտագործման երաշխիք, համաձայն որի շարքից դուրս եկած կամ վնասված պանելները հետ են վերադարձվելու արտադրող կազմակերպությանը՝ նորով փոխարինելու նպատակով։ Մնացած ժամանակաշրջանում շարքից դուրս եկած պանելները կկուտակվեն պահեստարանում՝ պայմանագրային հիմունքներով՝ մինչև դրանց արտահանման կամ վերամշակման հնարավորությունների ստեղծումը։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրներում, դեռևս գոյություն չունի արևային կայանների սարքավորումների, մասնավորապես, որպես թափոնատեսակ՝ ֆոտոէլեմենտներ պարունակող պանելների և այլ ուղեկցող մասերի պահպանման, տեղակայման լուծումները։ Քանի որ արևային կայանի պանելները (батарейка) պատրաստվում են տարբեր ֆոտոէլեմենտներ պարունակող (ապակի, պլաստիկ) նյութերից, որոնք իրենց մեջ պարունակում են (կապար, քրոմ, կադիում, սիլիցիում և այլն), ուստի դրանց ուտիլիզացիան և վերամշակումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության համար հրատապ լուծում պահանջող խնդիր, որի լուծումը պետք է տրվի ՀՀ կառավարության կողմից մշակված համապատասխան օրենսդրության, ծրագրի հիման վրա՝ հաշվի առնելով առաջավոր զարգացած երկրների փորձը»,- նշված է հայտում։
Կայանի աամբողջ շինարարությունը տևելու է 2 տարի, բուն շինարարության իրականացումը՝ 650 օր։ Շահագործման փուլում ընդգրկվելու է 2 աշխատող՝ մոնիթորինգ իրականացնելու նպատակով։
Ապրիլ 03, 2024 at 14:50