Կլիմայի փոփոխությունը և դրա դիմակայելուն միտված գործողությունները «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի բնապահպանական բաղադրիչի առանցքային ուղղություններից են։ Ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի շահառու բնակավայրերի հանրային շենքերի տանիքին տեղակայվել են արևային ֆոտովոլտային համակարգեր։ Շատինում 40 կՎտ դրվածքային հզորությամբ գետնին տեղակայված արևային կայան է շահագործվել։ Իրականացվել են մի քանի բնակավայրերի վարչական շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ: Վայոց ձորի և Սյունիքի շահառու բնակավայրերը ստացել են շարժական հիբրիդ արևային կայաններ։ Նախատեսվում է իրականացնել արոտների բարելավման և անտառների հակահրդեհային անվտանգության բարձրացման աշխատանքներ։
Այս միջոցառումները միտված են կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականության բարձրացմանը։
Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ամենամեծ մասնաբաժինը Էներգետիկայի ոլորտինն է, որը CՕ2-ի ընդհանուր արտանետումների մեջ կազմում է 64%։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը կարևորվում է ոչ միայն էներգետիկայի ոլորտի դիվերսիֆիկացիայի, այլ նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազման տեսանկյունից։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. հունվարի 14–ի X 48-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ վերականգնվող էներգետիկայի հզորությունը մինչև 2040 թ-ը կհասցվի 2000 ՄՎտ-ի, որից 1500 ՄՎտ-ն արևային, իսկ 500 ՄՎտ-ն հողմային էներգետիկայի հաշվին։
«ՀՀ-ում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար առաջանում է մոտավորապես 0.4 կգ ածխածնի երկօքսիդ: Երբ տեղադրում ենք արևային կայաններ կամ իրականացնում ենք ջերմամեկուսացման աշխատանքներ, կանխում ենք ածխածնի երկօքսիդի արտանետումը մթնոլորտ»,- ասաց LILA ծրագրի փորձագետ, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը:
Ըստ նրա՝ LILA ծրագրի շրջանակներում արևային կայանների տեղադրումը համահունչ է Էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը։ «Հայաստանը հանածո վառելիք չունի, և մեր երկրի համար խիստ կարևոր ու ռազմավարական նշանակություն ունի վերականգնվող էներգետիկ պաշարների օգտագործումը: ՀՀ էներգետիկ հաշվեկշռում մեծ տեղ է գրավում ջերմային էլեկտրակայանների ու ատոմակայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Արևային էներգետիկ ռեսուրսը պետք է հնարավորինս շատացնենք, որպեսզի կարողանանք ջերմային էլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մեր էներգետիկ հաշվեկշռում նվազեցնել»,- ասաց նա՝ հավելելով, որ արևային էներգետիկայի զարգացումը պետք է լինի կանոնակարգված, օրենսդրական դաշտը՝ կարգավորված:
«Պետք է մշակել համապատասխան տեխնոլոգիաներ, որպեսզի ցերեկվա կամ ամառվա ընթացքում արտադրված հավելյալ էլեկտրաէներգիան կարողանանք պահեստավորել գիշերը կամ ձմռանն օգտագործելու համար, որպեսզի էներգետիկ համակարգում խնդիրներ չառաջանան: Էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանման դեպքում էլ կունենանք պաշարված էներգիա: Ներկայումս իրականացվում են նման աշխատանքներ, տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով փորձում ենք լուծել այդ հարցը»,- ասաց նա:
Ըստ փորձագետի՝ Հայաստանի նույնիսկ սակավ արևային օրեր ունեցող մարզերում է հնարավոր արևային էներգետիկայի զարգացումը։
«Լոռու մարզում արևային օրերի քանակը սակավ է, սակայն երբ համեմատում ենք եվրոպական երկրների հետ, ապա Հայաստանի հյուսիսային հատվածն ավելի նպաստավոր է արևային էներգիայի արտադրության համար: Լոռու մարզում 1 կՎտ դրվածքային հզորության դեպքում մենք ակնկալում ենք գոնե 1400 կՎտ/ժ էլեկտրանէերգիայի արտադրություն: Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է մոտավորապես 800-1200 կՎտ/ժ: Միակ մտահոգող հանգամանքն այն է, որ մեր ներդրումը մի քիչ ուշ հետգնում կունենա: Եթե Հայաստանի այլ մարզերում հետգնումը 4-5 տարում է իրականացվում, այս դեպքում՝ 5-6 տարի կարող է լինել»,- հավելեց փորձագետը:
Ընդհանուր առմամբ արևի էներգիայի խելամիտ օգտագործումը ոչ միայն կբերի էներգետիկ աղքատության նվազման, այլև կնպաստի սոցիալ-տնտեսական բարեփոխումների: «Ունենալով մատչելի էլեկտրաէներգիա՝ մենք լուծում ենք շատ հարցեր՝ սկսած ընտանիքի սոցիալական խնդիրներից մինչև էներգետիկ անվտանգային խնդիրներ, ոռոգման ջրի հասանելիությունից մինչև ջերմոցային տնտեսության կառավարում: Շարժական հիբրիդ կայաններն էլ կարելի է օգտագործել դաշտային պայմաններում՝ ֆերմերների առօրյա գործունեությունը առավել հարմարավետ դարձնելու համար»,- ասաց Խաչիկ Սահակյանը:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
Ապրիլ 03, 2024 at 12:50