

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վահագնի» փոքր ՀԷԿ: «Վահագնի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի եւ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքներում: Այն շահագործում է «Ապահով տանիք» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Տանձուտ գետի վրա (երկարությունը՝ 23 կմ):
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 372մ է: Ըստ նախագծի՝ հաշվարկային ճնշումը 261մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 0.5 մ3/վ է, դրվածքային հզորությունը 1000 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 6.5709 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը՝ 8.01մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 03.11.2010- 03.11.2025թթ, ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 10.12.2010-10.12.2013թթ.:
- ՓՀԷԿ-ի պատվարն ունի 12,5մ երկարություն եւ 1,2 մ բարձրություն նախագծային 13.6 մ երկարության եւ 3.5 մ բարձրության փոխարեն:
- Դիտարկման պահին ջրընդունիչ հանգույցում ջրաբերուկներից կուտակվել էր աղբ և հակասանիտարական վիճակ էր:
- Բնապահպանական ելքն անկանոն ձևով գետ էր բաց թողնվում ՓՀԷԿ-ի ջրառի հատվածից, քիչ քանակությամբ նաեւ ձկնանցարանով:
- Ջրօգտագործման թույլտվությամբ «Վահագնի» ՓՀԷԿ- տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 13426.4 հազար խմ-ի ջրառ, գետում թողնելով 0.19 խմ/վ բնապահպանական թողք:
- Գլխամասում առկա է աստիճանաձև, 1.20 մ երկարությամբ, 1.03 մ բարձրությամբ և 0.91մ լայնությամբ բետոնից կառուցված 5 աստիճան, որպես ձկնանցարան, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 25 սմ բարձրություն: Նման կառուցվածքը չի կարող ձկնանցարանի դեր կատարել Տանձուտ գետում բնակվող ձկնատեսակների համար:
- Ձկնանցարանի վերին մասում առկա է գետի գլաքարերով շարվածք, որը, ըստ երևույթին, բնապահպանական թողքի սահմանափակման համար է:
- Տղմազտարանը կահավորված է աղբապահ ճաղավանդակով և ձկնապաշտպան ցանցով, որի երկարությունը 6.5 մ է: Ձկնապաշտպան ցանցը պատշաճ կերպով տեղադրված չէ:
- Տանձուտ գետի տվյալ տեղամասում, որտեղ կառուցված է «Վահագնի» ՓՀԷԿ-ի գլխամասը, հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ: Ձկնային տնտեսություններից այստեղ կարող է ներթափանցել ծիածանախայտը, իսկ գլխամասից ներքև գտնվող լճակից՝ արծաթափայլ կարասը:
- Տանձուտ գետն, անցնելով Վանաձոր քաղաքի միջով, աղտոտվում է կենցաղային աղբով և կոյուղաջրերով, որոնց ինքնամաքրման գործընթացին որոշակիորեն խանգարում է ՓՀԷԿ-ի կողմից ջրառը: Ջրի քիչ քանակությունն առաջացնում է հակասանիտարական վիճակը Վանաձոր քաղաքում և նրա շրջակայքում` ազդելով նաև ձկների բնականոն կենսագործունեության վրա:
- «Վահագնի» ՓՀԷԿ-ի ճնշումային խաղովակաշարի երկարությունը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի, 16200մ է, տրամագիծը` 0.7մ: Ըստ ՓՀԷԿ-ի նախագծի` խողովակաշարի 3070 մետր երկարությամբ հատվածը կառուցվել է, 17000 մետրը` հիմնանորոգվել, ընդհանուր` 20070 մ: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի` խողովակաշարի երկարությունը 17500մ է, որի 4500 մետրը կառուցել են, իսկ 13000 մետրը առկա է եղել:
- Ճնշումային խողովակաշարը դիտարկված հատվածներում վերգետնյա էր:
- «Վահագնի» ՓՀԷԿ-ը Տանձուտից վերցրած ջուրը բաց է թողնում Փամբակ գետ:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Վահագնի» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 5975634 կՎտ էլեկտրաէներգիա:
- Կայանի տարածք տանող ավտոմոբիլային ճանապարհն անցնում է Վահագնաձոր համայնքի բնակչին պատկանող տարածքով: ՓՀԷԿ-ը կայան տանող սեփական ճանապարհ չունի:
- Տեղադրված է 2 տրանսֆորմատոր, որոնք ցանկապատված են, սակայն յուղորսիչներ չունեն։
- Կայանում տեղադրված են «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 2 ագրեգատներ և գերմանական արտադրության գեներատորներ նախագծով նախատեսված 3-ի փոխարեն: Բոլոր սարքավորումները շատ հին են: Աղմուկը բարձր է:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառի չափը կարգավորվում է ջրաչափական ձողով, որը տեղադրված է տղմազտարանի վերջում:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է հողային փոսով հորանային զուգարանով:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
Առաջարկություններ
- Ապահովել ջրընդունիչ հանգույցն ավտոմատ կառավարման համակարգով` չափիչ սարքավորումների միջոցով կարգավորելով ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- Վերանայել բնապահպանական թողքի չափաքանակը. 0,19 մ3/վ քանակը շատ քիչ է գետի այս հատվածի համար, քանի որ կա կոմունալ-կենցաղային կեղտաշրերի լուրջ ճնշում, ինչի արդյունքում գետի ջրի հիդրոքիմիական կազմը փոխվում է, և ջրի որակը` վատանում։
- Ջրընդունիչ հանգույցում իրականացնել վերակառուցման աշխատանքներ ձկների պահպանության և հուսալի տեղաշարժի, բնապահպանական թողքի անարգելք անցկացման համար:
- Գտնել տեխնիկական լուծումներ ձկնապաշտպան ցանց տեղադրելու համար։
- Տրանսֆորմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
- Ջրընդունիչում կուտակված աղբը հեռացնել կազմակերպված ձևով:
- Կատարել կայանի վերազինում ժամանակակից արդյունավետ ագրեգատներով:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված ձևով՝ անջրթափանց հորի, կամ «մինի» մաքրման կայանի միջոցով:
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
|
|
|
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
|
|
|
|
![]() |
|
![]() |
|
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Հունվար 18, 2016 at 17:29











