

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արտավան 1» փոքր ՀԷԿ: «Արտավան 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, կառուցված է Արտավան գետի վրա (երկարությունը 19կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Ջահուկ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 300մ է, իսկ հաշվարկային ճնշումը` 299.39մ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` այն 266.39մ է: ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը 1.3 մ3/վ է, դրվածքային հզորությունը` 2870 կՎտ: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումն, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի 6.08694666666667 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 20.10.2010-20.10.2025թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 02.05.11 - 02.05.14թթ:
- Ջրընդունիչ հանգույցում պատվարի երկարությունը 10 մ է, բարձրությունը` 2,5 մ նախագծով նախատեսված 14մ երկարության եւ 2 մ բարձրության փոխարեն: Պատվարի աջ մասում կառուցված է 16 մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ ձկնանցարան։ Ձկնանցարանն ունի 2,3 մ երկարությամբ 6 ավազաններ, որոնց միջով ջուրը հոսում է մեկ վերևի ակոսով, մեկ ներքևի անցքով։
- Կառուցված մեծ չափերով ձկնանցարանն անհամատեղելի է նեղ հունով գետի հետ, և այդ կառույցը կասկածի տակ է դնում ձկան տեղաշարժի համար նպաստավոր պայմանների ապահովումը:
- Դիտարկման պահին գետի բնապահպանական թողքն ապահովվում էր միայն տղմազտարանից ավելցուկային ելքերի հաշվին: Ենթադրվում է, որ պատվարով վերջին ժամանակներում ջուր չի թափվել գետ, ինչը վկայում էին պատվարից ներքև աճած փարթամ եղեգները:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Արտավան 1» ՓՀԷԿ-ը տարեկան պետք է օգտագործի 14290.0 հազար խմ ջուր` գետ բաց թողնելով 0.056 մ3/վ բնապահպանական թողք:
- Արտավան գետում կարող են հանդիպել կարմրախայտը, նաև արևելյան տառեխիկը:
- Առկա է 4 սմ լայնությամբ ճեղքերով ձկնապաշտպան ցանց։
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Արտավան 1» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 4533156 կՎտ էլեկտրաէներգիա:
- Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է, ամբողջովին ստորգետնյա, տարածքը ռեկուլտիվացված է: Խողովակաշարի երկարությունը, նախագծային տվյալներին համապատասխան, 3821.5 մ է, տրամագիծը`820 մմ:
- Արտավան գետի վրա կառուցված «Արտավան 1» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (3821.5մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (19կմ) հետ 19.58% է: Արտավան գետի վրա նախատեսվում է Արտավան» ՓՀԷԿ-1-ի (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 1326մ) և «Արտավան» ՓՀԷԿ-2-ի (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 1620մ) կառուցումը: Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6767.5մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կկազմի 35.61%:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է «Խորդա» տեղական արտադրության 3 ագրեգատ, ինչպես /այդ թվում՝ 4 տուրբին և 3 գեներատոր/: Դիտարկման պահին ագրեգատներից աշխատում էր մեկը: ՓՀԷԿ-ի մեկ տուրբինը 150լ/վրկ ջրաքանակով ապահովում էր 120 կՎտ հզորություն: Աշխատակցի համոզմամբ` ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունն ապահովում է միայն մայիսի 15-ից հունիս ամիսներին: Պատճառը ջրի քիչ քանակությունն է և ագրեգատների տեխնիկական ցուցանիշները:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- Բացակայում է կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը:
- Կայանային հանգույցի տարածքը ցանկապատված, բարեկարգված և կանաչապատված է:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
Առաջարկություններ
- Վերակառուցել ջրընդունիչ հանգույցը տեղանքին և գետին բնորոշ այլ հիդրոտեխնիկական լուծումներով, որպեսզի հնարավոր լինի անարգել ապահովել ձկների տեղաշարժը և գետ բաց թողնվող բնապահպանական ելքը:
- Ուսումնասիրել, թե ՋԹ-ով տրված 0,056 մ3/վ բնապապահպանական թողքը բավարար է արդյոք տվյալ գետի և շրջակա բնական էկոհամակարգերի նորմալ կենսագործունեության համար: Ապահովել բնապապահպանական թողքի առցանց վերահսկում:
- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման համակարգով և ջրաչափերով, որոնց միջոցով կկարգավորվի ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- Ագրեգատները փոխարինել ավելի բարձր տեխնիկական արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
- Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
- Խողովակաշարի մուտքամասը կահավորել մանրաբջիջ ցանցավանդակով:
![]() |
![]() |
![]() |
|
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 29, 2016 at 15:46











