«Արգիչի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Արգիչի»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արգիչի»  փոքր ՀԷԿ: «Արգիչի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում: Ջրառն իրականացվում է Մադինա համայնքի վարչական տարածքում, ջրբացթողումը՝ Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ի ՋԹ-ում նշված է, որ ՓՀԷԿ-ը ջրառ է իրականացնում Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Սեւանա լճի ավազանում՝ Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա (երկարությունը 51 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW գերմանական զարգացման բանկի վարկային միջոցներով:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ի աշնանը:
  • ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, 274.8մ է, ըստ նախագծի՝ 253.1, ըստ ընկերության՝ 223մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի, 4 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի` 9720 կՎտ է, ըստ նախագծի՝ 8400 կՎտ: Ըստ ՀԾԿՀ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 14.36 մլն.կՎտ.ժամ է, մինչդեռ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ այն կազմել է 34.28 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 30.5 մլն.կՎտ.ժամ է: «Արգիչի» ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 20.11.2013-20.11.2028թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 21.03.2014-21.03.2017թթ.:
  • ՋԹ-ում ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի կոորդինատները բացակայում են: ՋԹ-ում նշված ծովի մակարդակից բարձրությունները համապատասխանում են ՀԾԿՀ-ի տեղեկանքում նշված տվյալներին:
  • «Արգիչի» ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 28 մ է, բարձրությունը՝ 4 մետր: Ըստ նախագծի՝ պատվարի, երկարությունը  40մ է, բարձրությունը՝ 10մ:
  • Պատվարի հետևում, գետի հունում, առաջացել է մոտ 1 կմ երկարությամբ արհեստական ջրամաբար:
  • Նախագծով նախատեսված է   1.5 մ լայնությամբ, 2.5 մ երկարությամբ, 1.5x1.5 մ աստիճաններով ձկնանցարան: Իրականում «Արգիչի» ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է բետոնե աստիճանաձև ձկնանցարան՝ 26.4 մ երկարությամբ, 1.6 մ բարձրությամբ, 2.0 մ լայնությամբ: Ձկնանցարանը կազմված է 14 աստիճանից, որոնցից յուրաքանչյուրը 20-30 սմ բարձրություն ունի: Նման կառուցվածք ունեցող ձկնանցարանը կարող է ապահովել իշխանի և կարմրախայտի գաղթը, սակայն լրացուցիչ դժվարություններ կարող է  ստեղծել կողակի և հատկապես բեղլուի համար:
  • Տղմազտարանը կահավորված է աղբապահ ճաղավանդակով, որի ճաղերի միջև եղած հեռավորությունը 4 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել շուրջ 10-12 սմ երկարությամբ մանրաձկների հայտնվելը ճնշումային խողովակաշարում: Ձկնապաշտպան մանրաբջիջ ցանցը խողովակաշարի մուտքամասում բացակայում է աշխատակցի այն հիմնավորմամբ, որ ցանցի առկայության դեպքում մամուռով  կարող է պատվել խողովակաշարի  մուտքամասը:
  • Արգիչի գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, Սևանի բեղաձուկ (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), Սևանի կողակ (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), Գեղարքունի (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում): Հնարավոր է, որ այստեղ բարձրանա նաև արևելյան տառեխիկը, որը վերջին տարիներին է հայտնվել Սևանի ավազանում և մեր կողմից նկատվեց «Արգիչի» ՓՀԷԿ-ի հարակից տարածքում: Մյուս կողմից, ըստ գլխամասի աշխատակիցների ներկայացման՝ պարբերաբար ձկներ են բաց թողնվում գլխամասի ջրամբար: Հնարավոր է, որ այդ ձկների մեջ լինի նաև ծիածանախայտը: Ներկայիս իրավիճակը պարզելու համար անհրաժեշտ է համապատասխան ձկնաբանական լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացում:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է, երկարությունը  համապատասխանում է նախագծային տվյալներին: Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 9527մ է, տրամագիծը՝ 1420մմ: Խողովակաշարի 9 կմ երկարությամբ հատվածը ստորգետնյա է` փակված խրամուղում:  ՓՀԷԿ-ի շենքին մոտեցող մոտ 300 մ երկարությամբ հատվածում խրամուղին բաց վիճակում էր և հետլիցք չէր արվել: Աշխատակցի հիմնավորմամբ՝ պատճառը խողովակաշարի տեխնիկական վթարն է, որի հետևանքով ջրային հոսքով ողողվել են  շրջակա տարածքները՝ տեղի բնակիչների ցանքատարածությունները: Լանդշաֆտն ամբողջովին խախտված  էր, ինչը   վտանգավոր էր մարդկանց և կենդանիների համար` ստեղծելով տեղաշարժի անհարմարություններ և այլ վտանգներ:  Ստեղծված իրավիճակը շրջակա տարածքներում կարող է նպաստել հնարավոր  ինժեներաերկրաբանական երևույթների /քարաթափություն, սողանք և այլն/ առաջացման: Խողովակաշարը վթարվել է մի քանի անգամ:
  • Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի եկարությունը՝ 9527մ) ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը Արգիչի գետի երկարության (51կմ) հետ կազմում է 18.68%:
  • Գետի այն հատվածը, որն անցնում է կայանի կողքով, «պաշարված» է  խողովակաշարերով, որոնք, ինչպես մեկնաբանեցին տեղացիները, գետի տարբեր հատվածներում սկիզբ առնող խողովակաշարեր են, որոնցով ոռոգման ջուր են մատակարարում տարբեր համայնքների։ Վերին Գետաշենի հողատարածքների համար ոռոգման ջուրը (200լ/վ) տրվում է ՓՀԷԿ-ի խողովակով։
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Արգիչի» ՓՀԷԿ-ը տարվա 11 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 50. 1 միլիոն խմ ջրառ՝ գետում ապահովելով 1խմ/վ բնապահպանական թողք: ՓՀԷԿ-ը ջրառ չի կարող իրականացնել միայն օգոստոս ամսին: Դիտարկման պահին ՋԹ-ով նշված 1,0 մ3/վ բնապահպանական  թողքն ապահովված չէր: «Արգիչի» ՓՀԷԿ-ի համար  ընդունված  բնապահպանական թողքն ավելին է, քան նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: Բնապահպանական թողքի այդ չափաքանակը սահմանվել է այն ժամանակ, երբ «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ- դիմել է իր նախագիծը որպես ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի» Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմով ընթացք տալու համար, ինչը, սակայն տեղի չունեցավ: Ջրօգտագործման թույլտվությամբ  այս ՓՀԷԿ-ին թույլ է տրված փետրվար, մարտ, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին ավելի շատ ջուր վերցնել գետից, քան այնտեղ մնում է բնապահպանական թողքից հետո` այն էլ գետի բազմամյա միջին հոսքի (50% ապահովվածության) ցուցանիշերի նկատմամբ: Դա նշանակում է, որ ՓՀԷԿ-ին թույլ է տրված օգտագործել բնապահպանական թողքի ջրերը:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Արգիչի» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 7 ամիս` արտադրելով 14360248 կՎտ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ը էլեկտրաէներեգիա չի արտադրել հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է  «Խորդա» մակնիշի տեղական արտադրության 5 հիդրոագրեգատ, որոնցից 1-ը 2150 կվտ դրվածքային հզորության էր, 2-ը, 3-ը և 4-ը` 1700 կվտ, իսկ 5-ը` 3150 կվտ դրվածքային հզորությամբ/ գումարային` 10400 կվտ դրվածքային հզորություն/: Դիտարկման պահին աշխատում էր մի ագրեգատը, որը 460 լ/վրկ ջրաքանակով ապահովում էր 1250 կվտ դրվածքային հզորություն:  Ագրեգատները չունեն ավտոմատ կառավարման համակարգ: Նախագծով նախատեսված է եղել 4 ագրեգատ: Աշխատակցի համոզմամբ՝ ՓՀԷԿ-ի աշխատանքը ոռոգման սեզոնին /ապրիլ-սեպտեմբեր ամիսներ/ ամբողջովին կանգնում է, քանի որ ՓՀԷԿ-ի համար օգտագործվող գետահատվածում իրականացվում է Վերին Գետաշեն, Մադինա, Ներքին Գետաշեն և Գեղհովիտ համայնքների ոռոգում, ինչը վկայում է 4 ոռոգման խողովակաշարերի առկայությունը: ՓՀԷԿ-ի համար որպես առավելագույն հաշվարկային ելք սահմանված 5.0 խմ/վրկ ջրաքանակը, համաձայն ՓՀԷԿ-ի աշխատակցի, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվում է ապրիլ-մայիս ամիսներին:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված  տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Կայանային հանգույցի տարածքն ամբողջովին անբարեկարգ էր, աշխատանքներն անավարտ էին, տարածքը լցված էր շինարարական աղբով:
  • ՓՀԷԿ-ն ունի 14 աշխատող:
  •  ՓՀԷԿ-ին մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Սևան» ազգային պարկն է:

Եզրակացություն

Սևանա լճի ձկնաշխարհի պահպանման և վերարտադրման գործընթացում՝ այս ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները և գետի բնապահպանական թողքի չափաքանակը պետք է այնպիսին լինեն, որ ոչ մի կերպ չխոչընդոտեն ձկների բնականոն տեղաշարժը։ Պետք է խստորեն պահպանվի ՋԹ-ով սահմանված` 1,0  մ3/վ ջրաքանակը։ Եթե այս պայմաններն անհնար է ապահովել, ապա պետք է ապամոնտաժել այս և Սևանի ավազանի գետերի վրա կառուցված մնացած բոլոր ՓՀԷԿ-երը։ Կայանում տեղադրաված ագրեգատների արդյունավետությունը կասկածելի է, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դառնում սահմանված բնապահպանական թողքի ծավալների չպահպանելուն։ Եթե այս ՓՀԷԿ-ը պետք է շարունակի գործել, ապա անհրաժեշտ է տեղադրել եվրոպական արտադրության տեխնիկա:

Հիդրոլոգիական տվյալները ոչ հավաստի են, ինչի պատճառով ազդակիր համայնքներում առաջացել է ոռոգման ջրի պակաս: Տեխնիկական լուծումներով անհրաժեշտ է  գտնել բնապահպանական թողքի հստակ ապահովման եղանակ: ՓՀԷԿ-ում տեղադրված նախկին պլաստմասե խողովակների փոփոխությունից հետո մոտ  300մ խրամուղիներ բաց են, չի կատարվել հողի  ռեկուլտիվացիա,  ինչը պահանջում է արագ լուծում,առկա են նախագծային շեղումներ:

Առաջարկություններ 

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  2. Վերանայել ջրատնտեսական հաշվարկը` բնապահպանական թողքի չափաքանակը  համարժեք ավելացնելու միտումով:
  3. Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման համակարգով: 
  4. Հնարավոր արտակարգ իրավիճակներից  խուսափելու համար վերականգնել խախտված տարածքները՝ լանդշաֆտը բերելով նախնական տեսքի:
  5. Խողովակաշարի մուտքամասն ապահովել մանրաբջրջ ձկնապաշտպան ցանցավանդակով:
  6. ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով:
  7. Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
  8. Իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
  9. ՀՀ բնապահպանության նախարարության միջոցով դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտե՝ ոռոգման խողովակներին ինժեներական լուծում տալու պահանջով:
  10. Քանի որ «Արգիչի» ՓՀԷԿ-ը կառուցված է Սեւանա լիճ թափվող գետի վրա, ապա այս ՓՀԷԿ-ի համար պետք սահմանվի հատուկ ռեժիմ, մասնավորապես ` թույլ տրվի գործել մարտի կեսից մինչև հուլիս ամիսը, հաշվի առնել ոռոգման սեզոնը և ձվադրման ժամանակահատվածը:
  11. Վերացնել ՋԹ-ն, փոխարինելով էկոլոգիական անձնագրով, որի մեջ առանցքային ցուցանիշը կլինի բնապահպանական թողքը ջրառի կետից մինչև ջրավերադարձի կետը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Մարտ 23, 2016 at 19:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր