

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վարանցով» փոքր ՀԷԿ: «Վարանցով» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Մարտիրոս համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա (երկարությունը 12կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Երանգ» ՍՊԸ-ն: Այս ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW բանկի տրամադրած վարկային միջոցներով:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Վարանցով» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թ-ին:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ նախագծի, 413մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 377մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 377.05մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.3մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3880 կՎտ է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ 01.01.2016թ-ի տեղեկանքի, 8.01 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, նույնպես 8.01մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 26.08.2015- 26.08.2030թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 20.06.2014 - 20.10.2014 թթ..:
- ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները համապատասխանում են իրական կոորդինատներին:
- ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 7 մ է, բարձրությունը՝ 3,2 մ։
- Պատվարի աջ կողմում առկա է 19 խցից կազմված ձկնանցարան է, որը, պատվարի կողքից ներքև իջնելիս, 2 անգամ փոխում է ուղղությունը 360 աստիճանով։ Խցերն ունեն տարբեր չափսեր՝ 1-1,5 մմ լայնություն և 1-2 մ երկարություն, որոնց միջև ջուրը պետք է անցնի անցքերի և ակոսների միջոցով։ Ձկնանցարանի վերին նիշում բետոնի մեջ արված է մոտ 20 սմ տրամագծով կլոր անցք՝ բնապահպանական թողքի և ձկնանցարանով ջրի հոսքի ապահովման համար, որը սակայն դիտարկման պահին փակված էր գերանի կտորով, և ձկնանցարանն ամբողջովին չոր էր:
- Տղմազտարանի վերջում դրված է աղբորսիչ։ Ձկնապաշտպան ցանցը չկա:
- Ձկներից այստեղ կարող է հանդիպել կարմրախայտը: Հնարավոր է նաև արևելյան տառեխիկի և Կուրի բեղաձկան առկայությունը:
- Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 4017մ է, տրամագիծը՝ 800մմ:
- Մարտիրոս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 33.47 %:
- Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Վարանցով» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել տարվա 11 ամիսներին բացի սեպտեմբերից՝ ապահովելով 0.05խմ/վ բնապահպանական թողք: Նույնչափ բնապահպանական թողք նախատեսված է եղել նախագծով:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 4 ագրեգատ: Տուրբինները կարող են աշխատել 118 լ/վրկ նվազագույն ջրաքանակով: Դիտարկման պահին գետում ջրսակավ ժամանակահատված էր և տուրբինը 60լ/վրկ ջրաքանակով ապահովում էր 200 կՎտ հզորություն: Իսկ ջրառատ ամսին /հունիս/ ագրեգատների աշխատանքն ապահովել է 400կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Քանի որ ՓՀԷԿ-ն աշխատել է ընդամենը մի քանի ամիս, հնարավոր չէ փաստացի և նախագծայինի ջրաէներգետիկ ցուցանիշների համեմատական վերլուծություն անել:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տրանսֆորմատորների տակ տեղադրվող յուղահավաքը կառուցման փուլում էր:
- Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
- ՓՀԷԿ-ը նոր է հանձնվել շահագործման, տարածքը դեռ բարեկարգված եւ կանաչապատված չէր:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար կառուցվել է սանհանգույց, որտեղից կեղտաջրերը հեռացվում են անջրթափանց հոր:
Եզրակացություն
Ինչպես և մնացած փոքր գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի դեպքում, այս ՓՀԷԿ-ը նույնպես պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում հատկապես որ այս դեպքում կա նաև ոռոգման ջրի ապահովման խնդիր:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Վերակառուցել ձկնանցարանը, իսկ մինչ այդ բացել վերին նիշում առկա անցքն ու ապահովել ջրի անընդհատ մուտքը ձկնանցարան:
- Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
- Վերանայել ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքը՝ ավելացնելու միտումով, քանի որ սահմանված բնապահպանական թողքը շատ փոքր է եւ չի կարող ապահովել գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը:
- Բարեկարգել և կանաչապատել կայանային հանգույցի տարածքը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Ապրիլ 14, 2016 at 12:52














