Ֆելիքս Ցոլակյանն առաջարկում է անտառներում ճանապարհներ բացել՝ հրդեհների դեմ պայքարի նպատակով

Ֆելիքս Ցոլակյանն առաջարկում է անտառներում ճանապարհներ բացել՝ հրդեհների դեմ պայքարի նպատակով

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություններ է վարում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ՝ անտառներում ճանապարհներ բացելու ուղղությամբ: Այս մասին հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ս.թ. փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարի խոսքով՝ միայն այդպես է կարելի օպերատիվ կերպով պայքարել հրդեհների դեմ: Սակայն կա անհանգստություն՝ ճանապարհները բացվելու են ոչ միայն փրկարարների, այլ նաև ծառահատողների և որսագողերի համար:

«Անցյալ տարի ականատես եղանք շատ մեծ քանակությամբ անտառային հրդեհների: Այս տարվա համար մենք պետք է նախապատրաստական աշխատանքներ տանենք, որպեսզի պատրաստ լինենք: Անցյալ տարվա դառը փորձը ցույց տվեց, որ մենք չունենք անտառներում ճանապարհներ:

Այստեղ էլ խնդիր կա. երբ առաջին անգամ խոսեցինք այդ մասին, մի հետաքրքիր բան ասացին ինձ. երբ ճանապարհ են բացում անտառում, նշանակում է՝ ծառեր կտրել: Նախկինում, երբ ուզեցել են ճանապարհ բացել, բնապահպաններն աղմուկ են բարձրացրել: Ես, ճիշտն ասած, դեմ եմ այդ աղմուկին, հակառակ դեպքում մենք կորցնում ենք ավելի շատ, քան այդ ծառերը կտրում են: Սա չարյաց փոքրագույնն է: Մենք անտառից հարուստ չենք որպես երկիր, 10 տոկոս անտառածածկ տարածք ունենք: Եվ եթե մենք անտառները չկարողանանք պահպանել, մենք կկորցնենք շատ մեծ բան», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշեց, որ խոսքը այն տարածքների մասին է, որտեղ հնարավոր է ճանապարհ բացել, տեխնիկա մտցնել. «Այստեղ օպերատիվ լուծման խնդիր կա: Մեքենայի տեղ պետք է լինի, որ մենքենան գնա: Իմ կարծիքով՝ երկու մեքենա պետք է մտնի դեպքի վայր: Մենք խոսում ենք հնարավոր տեղերի մասին, որտեղ հնարավորություն կա բավականին շատ ճանապարհներ բացելու»:

 

Փետրվար 06, 2020 at 11:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր