Անտառային պատմություններ, Տավուշի մարզ (Լուսանկարներ)

Անտառային պատմություններ, Տավուշի մարզ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ԷկոԼուրը սկսում է «Անտառային պատմություններ» նյութերի շարք `Հայաստանի անտառամերձ համայնքներ այցերի, բնակիչների, համայնքապետերի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ:

Տավուշի մարզը փայտանյութի հիմնական մատակարարն է:  Տավուշում  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում ընդհանուր 118 067 68 հեկտար տարածքով 4 անտառտնտեսություն կա`Արծվաբերդի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Սեւքարի:  Այդ տարածքներից անտառածածկ է 104 857.6 հեկտարը:

FLEG 2 ծրագրի շրջանակներում ստեղծված փորձագիտական խումբը եղավ Տավուշի մարզի 2 գյուղերում` Ազատամուտում եւ Ակնաղբյուրում, որոնք Սեւքարի անտառտնտեսության անտառամերձ համայնքներն են:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կայքում հրապարակված է Սեւքարի անտառտնտեսության կառավարման պլանը: Ներկայացնենք պլանից որոշ տվյալներ:

«Իջևանի ֆլորիստիկ շրջանում հանդիպում են 45 ընտանիքի 160 տեսակներ, որոնցից 77-ը ծառեր են, 51-ը `թփեր և 32-ը կիսաթփեր ու լիանաներ, որոնցից  մոտ 80%-ը հանդիպում են անտառտնտեսության տարածքում:

Հարավային լեռնալանջերում հանդիպում են գիհու նոսր անտառներ, որտեղ գիհու հետ միասին աճում են փռշնի, դժնիկ և այլ չորադիմացկուն տեսակներ: Այստեղ 700 մ-ից մինչև 1400մ բարձրություններում փոքր խմբերով կամ առանձին ծառերի ձևով աճում է ընկուզենի»:

Կառավարման պլանում հատումների թույլտվության վերաբերյալ նշված են հետեւյալ թվերը. «Անտառտնտեսության բոլոր հատումների տարեկան հաշվարկային ծավալը կազմում է ընդհանուր հաշվով 12019 մ3, որից շինափայտ 2765 մ3: Հատման նախագծված ընդհանուր ծավալում հաճարի տեսակը կազմում է 82%, շինափայտը 2460 մ3 , որը մեծ պահանջարկ ունի ներքին և արտաքին շուկաներում»:

Ազատամուտի եւ Ակնաղբյուրի բնակիչների հետ զրույցները ցույց տվեցին, որ մարդիկ գործնականում  հեռացված են անտառների կառավարումից: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե իրենց համար որպես անվճար վառելափայտ ինչ ծավալի թափուկ է նախատեսված: Փորձագետ Նազելի Վարդանյանի դիտարկմանը, որ այդ ծավալը կազմում է տարեկան 8խմ, մարդիկ պատասխանեցին, որ, միեւնույնն է, իրենց համայնքների հարեւանությամբ այդ քանակի թափուկ չկա: «Ո՞վ կարող է գնալ 5-6կմ: Մեր հարեւանությամբ անտառ չկա. այն վաղուց կտրել են, իսկ այն, ինչ աճել է, ոչ վառելու, ոչ մեկ այլ ուրիշ բանի համար պիտանի չէ»: Չնայած սրան` վառելափայի պահանջարկը բնակիչների շրջանում մեծ է: Գազը եւ էլեկտրաէներգիան թանկ հաճույք են:  «Անտառի պահպանման համար անհրաժեշտ է բարելավել մեր կյանքը…Ինչո՞ւ փայտ վառենք, եթե կարող ենք տաքանալ գազով կամ ճաշ պատրաստել  էլեկտրական վառարանի վրա:  Մենք դա ստիպված ենք անում»: Որոշել, թե ստույգ որքան անտառ են բնակիչներն օգտագործում, հստակ չստացվեց: Հնչեցին թվեր տարեկան  3-ից մինչեւ 15 խմ: Հետեւաբար, եթե նույնիսկ փոքր գյուղը օգտագործի միջին քանակի, օրինակ, 12 խմ փայտ, ապա կծախսի անտառտնտեսության ողջ ռեսուրսը: Օրինակի համար, Ակնաղբյուր գյուղում մոտ 140 տնտեսություն կա, Ազատամուտում` ավելի քան 900:  Նախկինում Ազատամուտը քաղաքային տիպի գյուղ էր . եղել է «Բանտոնիտ» կոմբինատի բանավանը:  Այստեղից էլ հենց գյուղատնտեսական հողատարածքների փոքր քանակը: Ներկայումս կոմբինատը գործնականում չի աշխատում: Տղամարդկանց հիմնական մասը մեկնել է արտագնա աշխատանքի, եւ ընտանիքի պահպանման ողջ ծանրությունն ընկել է կանանց վրա: Նրանք աշխատանք չունեն, իսկ գյուղատնտեսական արտադրանքը չի իրացվում շուկայում: Այն տղամարդիկ, ովքեր մնացել են գյուղում, զբաղվում են անտառի հատմամբ եւ փայտածուխի արտադրությամբ: Ամբողջ գյուղը պատված է ծխով:

Ակնաղբյուրում խոսում էին անտառի ոչ փայտային արտադրանքի օգտագործման եւ մեղվաբուծության զարգացման մասին, եթե լուծվի հասանելի տնտեսական մասշտաբներով արտադրանքի իրացման հարցը: Հարցին, թե ինչ են մտածում «կանաչ» տնտեսության մասին, օրինակ, գյուղական տուրիզմի զարգացման մասին, անտառային պտուղների` մասուրի, մոշի, ազնվամորու հավաքման մասին, որոնցով հարուստ է Տավուշի անտառը, նրանք պատասխանեցին, որ կցանկանային, բայց չգիտեն, թե ինչպես դա անել: Անտառային հատապտուղները հիմնականում հավաքում են երեխաները, իսկ մեծահասակները վաճառում են: Սեզոնին տեղի բնակիչները անտառային բարիքներով լի զամբյուղներով  կանգնում են ճանապարհի գրեթե ողջ երկայնքով : «Պատրաստվում ենք դպրոցին, .. Երեխաների համար պետք է գնել գիրք, տետր, հագուստ… գումար է անհրաժեշտ»,- ասում էին բնակիչները:

FLEG 2 ծրագիրը կներկայացնի առաջարկություններ` անտառի կայուն եւ արդյունավետ օգտագործմամբ համայնքների զարգացման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Օգոստոս 28, 2015 at 13:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր