Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը բնապահպանական է՝ 200 միլիոն դրամ բյուջեով

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը բնապահպանական է՝ 200 միլիոն դրամ բյուջեով

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ս.թ. ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:

Միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ: Դրանք կներառեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքները։
Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն նշված աշխատանքներին: Առաջարկվում է աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ: Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շուրջ 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի: «Մենք մտադիր ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի և կապված է ծառերի տնկման սեզոնի և պայմանների առկայության հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

17:57 Ապրիլ 30, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news