Սևքարի անտառտնտեսության 44.5 հեկտար տարածքում սոճու անտառ են տնկել

Սևքարի անտառտնտեսության 44.5 հեկտար տարածքում  սոճու անտառ են տնկել

ԷկոԼուր

Տավուշի մարզում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 44.5 հեկտար տարածքում տնկվել է սոճու անտառ:

Սույն թվականի մայիսի 27-ին «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և հասարակական կազմակերպությունները համատեղ այցելեցին «Սևքարի անտառտնտեսություն»՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին:

 «Սևքարի անտառտնտեսության» ավագ անտառապետ Մուշեղ Մադաթյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ անտառատնկման աշխատանքները մեկնարկել են 2009 թվականից: «1 հեկտարի վրա 3000-ից ավելի սոճի է տնկվել: Տնկիները բերվել են 1-3 տարեկան, հիմա արդեն 5-6 տարեկան են», - ասաց Մուշեղ Մադաթյանը:

«Սևքարի անտառտնտեսության» տնօրեն Աշոտ Երիցյանի խոսքով` տարածքը, որտեղ իրականացվել է սոճու անտառի տնկում, հատված տարածք չի եղել, իսկ սոճի ծառատեսակի ընտրությունը կապված է տարածքի բարձր խոնավության հետ, ինչը ավելի բարենպաստ է սոճիների համար:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքները, սակայն մտավախություն հայտնեց, որ համատարած «տոնածառի հիվանդության» պայմաններում սոճիները կարող են հայտնվել ինչ-որ մեկի տանը, սեղանին, իսկ վերջում` վառարանում:

Նույն մտավախությունը հայտնեց նաեւ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը՝ նշելով. «Սոճու տնկարանը հաջող արված փորձ է: Մեծ խնդիր է Նոր տարվան կարողանալ պաշտպանել, որ չհատվեն: Անտառապահները ասում են, որ գտնվում են մարդիկ, ովքեր այդքան հեռու և բարձր հասնում են և երիտասարդ սոճիները կտրում, բերում են որպես տոնածառ»:

Սոճու անտառատնկման աշխատանքները կատարվել են  Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության /GIZ/ աջակցությամբ:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մայիս 29, 2015 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր