Աննա Ամիրյան, Հայոց Աշխարհ
Գուգարքի մարզի Սպիտակի անտառային տարածքում արդեն երկու տարի է, ինչ իրականացվում է անտառատնկման ծրագիր՝ Գերմանիայի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան ներկայացուցչության հետ պայմանագրի շրջանակում
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ներկայացմամբ, անցած երկու տարվա ընթացքում Սպիտակի անտառապետությունում տնկվել է շուրջ 200 հա նոր անտառային տարածք։
Իսկ վերջերս, ըստ մեր զրուցակցի. «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» միջազգային փորձագետներն ու KFW բանկի ներկայացուցիչներն էին այստեղ եւ ուղղակի հիացել էին կատարված աշխատանքով։ «Կարծում եմ, դա լուրջ հիմք կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար։ Հույս ունենք, որ այս ծրագիրը իր շարունակությունը կունենա»։
Փաստորեն մեկ հեկտարի վրա տնկման ծավալը 3000 տնկի է։ Ասել է թե՝ երկու տարում 200 հա տարածքի վրա 600 հազար ծառ է տնկվել, իսկ սա լուրջ թիվ է։
Ի դեպ, 90-ականներին հատկապես Լոռվա անտառային տարածքները տուժեցին։ 3-4 տարի առաջ, երբ այս տարածքներում հերթական շրջայցն էր, երբեմնի անտառածածկ սարերը դեռ լերկ էին, իսկ այսօր արդեն նույն այդ սարերը խիտ անտառով են պատված։
«2004-2010թթ. «Հայանտառի» իրականացրած նոր տարածքների անտառապատման ծրագրով շուրջ 12-13 միլիոն ծառ է տնկվել անտառային ֆոնդի տարածքներում։ Բայց անտառատնկման աշխատանքներից զատ, կատարվել է նաեւ անտառավերականգնման աշխատանք, այսինքն՝ նախկինում հատված տարածքներում բնաշիվային վերաճի օժանդակման ճանապարհով կարողացել ենք անտառային զգալի տարածքներ կանաչ դարձնել։ Այսօր արդեն 90-ականներին հատված տարածքներում շատ լավ բնական վերաճ կա»,- «Հայանտառի» գլխավոր անտառապետ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ այս խոսքերը հաստատում է մեր տեսածը։
Նկատենք, սակայն, որ տարբեր ՀԿ-ներ, անհատներ այսօր էլ շատ են խոսում անտառային տարածքների նվազման մասին։ Նման բան արձանագրվե՞լ է։
Ըստ Ռ.Պետրոսյանի. «Ոչ միայն «անտառային տարածք» ասվածը չի նվազել, այլեւ նախկին անտառային տարածքներում 30 հազար հեկտարից ավելի տարածքում անտառավերականգնման աշխատանք է արվել, այդ թվում՝ 3000 հեկտարից ավելի նոր անտառ է հիմնվել։
Թող զարմանալի չթվա, բայց նորմալ, գրագետ անտառահատումների, խնամքի, սանիտարական հատումների միջոցով է նաեւ այսօր անտառը որակապես փոխվում. տնկվում են սոճիներ, փշատերեւ ծառատեսակներ, հացենի, թեղի, նաեւ վայրի տանձ, խնձոր։ Աշխատում ենք նոր անտառային տարածքներում ստեղծել, այսպես կոչված, խառը անտառներ, որոնք նաեւ հատապտղային առումով օգուտ կտան հարակից գյուղերի բնակիչներին»:
Հետաքրքիր է, հատված ծառերի փոխարեն տնկվող նոր ծառերը որքանո՞վ են կպչողականություն ապահովում։
Պարզվում է, որակյալ տնկանյութի պրոբլեմ կա եւ մեկ անգամ տնկումով բնականաբար հնարավոր չի լինում կպչողականություն ապահովել։ Դրա համար հաջորդ տարիներին նույն տարածքներում իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ։ Դա տնկանյութի որակով պայմանավորված պրոբլեմ է, որը առաջիկայում լուծված կլինի։
Մեկ այլ կարեւոր հարց՝ գազի գնի թանկացումը չի՞ հանգեցնի ապօրինի ծառահատումների ավելացման։
«Հայանտառի» տնօրենի կարծիքով, «մտահոգությունը, թե գազի գնի թանկացման հետեւանքով անտառամերձ բնակչությունը գազ օգտագործելու փոխարեն կարող է անցնել փայտի՝ ապօրինի հատումների հաշվին, շուտով կփարատվի։ Առաջիկայում կառավարությունում շրջանառության մեջ կդրվի «Անտառամերձ տարածքների բնակչությանը վառելափայտով ապահովելու» որոշման նախագիծը, որով նախատեսվում է նվազեցնել փափուկ վառելափայտի արժեքը։ Այսօր մենք այն վաճառում ենք անտառամերձ գյուղացուն՝ 1200 դրամով (ԱԱՀ-ն ներառյալ), ըստ նոր նախագծի, այն ավելի քիչ կլինի։ Կարծում եմ, փայտանյութի արժեքի փոփոխությունն իր ազդեցությունը կունենա ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խնդրում»:
Որքան էլ ասենք՝ ապօրինի ծառահատումները նվազել են, այնուհանդերձ այսօր եւս ծառերը ապօրինաբար հատվում են։ Հնարավո՞ր է այնպիսի ժամանակ, երբ իսպառ վերանան ծառահատումները։
Ոլորտի մասնագետների գնահատմամբ, ապօրինի ծառահատումներ այսօր էլ կան եւ այն իսպառ բացառելն անհնար է. «Ապօրինի անտառօգտագործում» հասկացությունը հատուկ է բոլոր երկրներին։ Այսօր 41 երկիր ստորագրել է, այսպես կոչված, անտառային օրենսդրության կիրարկման եւ ապօրինի անտառօգտագործման դեմ պայքարի համատեղ ծրագիր (FLEG) եւ այդ համատեքստում ՀԲ-ի, WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) եւ այլ կազմակերպությունների կողմից միջոցներ են հատկացվում ե՜ւ օրենսդրության կատարելագործման, ե՜ւ նոր ծրագրի մշակման համար, որոնք կնպաստեն անտառամերձ տարածքներում ապօրինի հատումները նվազեցնելուն»։
Հունիս 18, 2010
