Մարտի 21-ին նշում ենք Անտառների միջազգային օրը

Մարտի 21-ին նշում ենք Անտառների միջազգային օրը

ԷկոԼուր

Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է: 2019 թ. թեման է «Սովորիր սիրել անտառը»: Անտառների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2013 թ. և նպատակ ունի ցույց տալու անտառների կարևորությունը մարդկային քաղաքակրթության պահպանման և զարգացման գործում: 2019 թ. Անտառների միջազգային օրվա թեման նպատակ ունի շեշտելու ծառերի և անտառների պահպանության հարցերում երեխաների և երիտասարդության ճիշտ դաստիարակության կարևորությունը:

Անտառները զբաղեցնում են Երկրի ցամաքի մեկ երրորդ մասը, և համարվում են մոլորակի հողային կենդանիների և բուսատեսակների 80%-ի տունը: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Անտառներն ապահովում են մաքուր օդ և ջուր, պահպանում կենսաբազմազանությունն ու արձագանքում կլիմայի փոփոխությանը:

Այսօր, երբ աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում են քաղաքներում և էլ ավելի են հեռանում բնությունից, առավել կարևոր է դառնում հնարավորինս վաղ տարիքում երեխաներին բացատրել անտառների կարևորությունն ու դրա օգուտները:

Մեր ապագայի համար շատ կարևոր է պահել անտառներն առողջ վիճակում: Անտառների կարևորությունն էլ ավելի է մեծանում, քանի որ 2030 թ. աշխարհի բնակչության թիվը կհասնի 8.5 միլիարդի:

Անտառային տնտեսության ոլորտում կրթական ներդրումները կարող են փոխել աշխարհը դեպի լավը: Այդպիսով երկրները կարող են հասնել նրան, որ իրենց գիտնականները, քաղաքականության մշակողները, անտառապահները և տեղի համայնքները աշխատեն անտառահատումների կանխարգելման և վնասված լանդշաֆտների վերականգնման ուղղությամբ», - նշված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Հայաստանը սակավանտառ երկիր է: Հայաստանի անտառները և անտառային հողերը 1993 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը՝ 460 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են: Այս տվյալները չեն ընդգրկում հետագա տարիներին անտառային տարածքներում տեղի ունեցած փոփոխությունները: Անկախ փորձագետների հաշվարկներով՝ Հայաստանումանտառահատումների հետևանքով անտառածածկը կրճատվել է` հասնելով մինչև 7 տոկոսի:

Անտառահատումների արդյունքում անտառը նոսրացել է, տնտեսապես բարձրարժեք կաղնուն և հաճարենուն փոխարինել են ցածրարժեք բոխին եւ անտառիստորին գոտու տեսակները: Անհետացել են Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Սերմնային ծագման անտառների տարածքները պակասել և փոխարենըավելացել են կոճղաշիվային և երկրորդական նշանակության ծառատեսակներն ու թփատեսակները:

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» փաստաթղթի շրջանակներում Հայաստանի անտառապատվածությունը պետք է հասցվի 20.1 տոկոսի մինչև 2050 թ-ը:

Մարտ 21, 2019 at 16:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր