

ԷկոԼուր
Անտառի լրիվության, ծառուտների հատման տարիքի, ստուգիչ փորձահրապարակների բացակայություն, ծառերի վիճակի կարգը բնորոշող սանդղակի անտեսում, լանջի բարձր թեքության աստիճանի, նախկինում հատված տեղամասերի ընդգրկման հետ կապված թերություններ: Հատատեղի հատկացման ոլորտում այս և այլ մի շարք խնդիրներ է արձանագրել ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար, անտառային ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն իր պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով սանիտարական հատումներին՝ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բացի ակնհայտ հիվանդություններով և վնասատուներով վնասված ծառերի հատումներից, մնացած դեպքերում այն իրենից ներկայացնում է կեղծ հիմքերով կոմերցիոն հատումներ:
«Որպես օրինակ նշեմ, որ, համաձայն խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի, սանիտարական հատումները, որոնք ընդհանուր հաստատված հատատեղերի առյուծի բաժինն էին կազմում, նշանակվել էին հասուն և գերհասուն ծառուտներում, որոնք ավելի շատ անտառվերականգնման հատումների են ենթակա և բավականին լուրջ շինափայտային հատված ունեն և այլն: Տարիներ շարունակ առանձնակի խոշոր չափի ֆինանսական միջոցներ են լվացվում միջազգային և պետական բյուջեից անտառային ոլորտի «առողջացման» և զարգացման ուղղությամբ՝ կեղծ խորհրդատվական ծառայությունների մատուցման, անտառապատման/անտառվերականգնման և այլ ծրագրերի տեսքով, իսկ ներկայումս պլանավորում են մյուս «հարվածը». ՀՀ անտառածածկը 265000 հեկտարով ավելացնելու անիրատեսական և մեր երկրի հեղինակությանը հարվածող կեղծ պարտավորության ներքո: Գործում է բավականին լուրջ ցանց, որն ընդգրկում է պետական կառույցներ, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, այսպես կոչված անկախ փորձագետներ և նույնիսկ որոշ հասարակական կազմակերպություններ», - գրել է Այսեր Ղազարյանը:
Նա, ողջունելով ապօրինի հատումների վերաբերյալ հնչեցված պաշտոնական հայտարարությունները, մասնավորապես, ապօրինի հատումները չհանդուրժելու, դրանց իրականացման դեպքում պատիժների խստացման մասին, հավելել է, որ անտառային ոլորտում պետք է արմատախիլ անել կոռուպցիոն համակարգն իր բոլոր պերիֆերիաներով. «Անտառամերձ համայնքներում «անտառի» գործով զբաղվողների խմբերը տարիների ընթացքում կազմավորված և ոսկրացած հանցավոր համակարգի երևացող հատվածն են, ընդ որում, նրանց միջոցով էլ հենց արտահայտվում են համակարգի դժգոհությունները կամ մեսիջները: Անտառից ապօրինի ձևով «օգտվողների» համար միառժամանակ պետք է կիրառվեն սահմափակումների և խթանման հնարավորինս ճկուն մեխանիզմներ: Պետք է օրվա հացի խնդիր լուծող շերտը առանձնացվի հանցավոր կազմակերպված ցանցից, և մեկ օր շուտ նրանց առաջարկվեն գումար վաստակելու կոնկրետ ալտերնատիվ տարբերակներ»:
Նախկին պաշտոնյան մեկ այլ գրառման մեջ հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան պատկերող արբանյակային լուսանկարներ և մակագրել. «GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են...»:
Հրապարակել է նաև Արծվաբերդի անտառտնտեսության մեջ մտնող անտառամասի՝ վերջին չորս տարիների արբանյակային լուսանկարները: Այդ լուսանկարներից պարզ է դառնում, որ լայնածավալ հատումներ են իրականացվել տվյալ անտառամասում: Ինչպես գրել է Ղազարյանը, համատարած հատումներով տարածքների մակերեսն այդ տեղամասում հասցվել է 300-350 հա-ի: «Հիմա զարմանալիորեն «նորերը», չունենալով համապատասխան փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն, շարունակում են այդ գործընթացները՝ անտառի խնդիրների, մասնավորապես ապօրինի հատումների մասով լուծումը իջեցնելով շրջակա միջավայրի նախարարության մակարդակի վրա: Վերջին զարգացումները Իջևանում ցույց տվեցին, որ որոշ խնդիրների լուծումը կառավարության տարբեր «թևերի» համագործակցությունն է պահանջում...GIF-ում ներկայացված է 2015-2017-2018-2019թթ. արբանյակային պատկերների տարբերություններով վիզուալ հատկորոշվող լայնածավալ հատումների չափերը»,- գրել է նա:






Հուլիս 25, 2019 at 14:20
