

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված ծրագիրն այն մասին, թե 2020 թ. Հայաստանում 10 միլիոն ծառ է տնկվելու, կարող է լինել նախավարժանք՝ հետագա տարիներին այդ թիվը 30 միլիոնի հասցնելու համար: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:
«2020 թ. 10 միլիոն տնկիներ տնկելու ծրագիրն աննդախադեպ ծավալ է, բայց հույս ունենք և պլանավորում ենք, որ 5-6 տարի հետո այդ 10 միլիոնն այլևս աննախադեպ չի լինի, կլինի բավական փոքր ծավալ: Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թ. անտառածածկը կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հա լրացուցիչ անտառի տնկում, խոսքը գնում է 800-900 միլիոն տնկիների մասին: Տարեկան պետք է սկսենք տնկել մոտ 30 միլիոն ծառ: Այդ 10 միլիոնը կդառնա նախավարժանք ավելի մեծ թվով՝ 30 միլիոն ծառ տնկելու համար, ինչի համար մեզ պետք է տարեկան 40-50 օր մոտ 5000 աշխատող: Ենթադրում եմ, որ այդ մեծածավալ աշխատանքները պետք է մեկնարկեն 2025-2026 թթ.: Լուրջ հնարավորություն կլինի նաև տնկիների արտադրության առումով, որովհետև մենք դեռևս չունենք բավարար ծավալի տնկանյութ: Պետք է նոր ու ժամանակակից տնկարաններ հիմնել, որոնք կարտադրեն փակ արմատային համակարգով տնկիներ»,- ասաց Վարդան Մելիքյանը:
Մելիքյանը նաև հայտնեց, որ 10 միլիոն ծառ տնկելու համար արդեն իսկ ունեն առանձնացված տարածք՝ մոտ 6000 հա «Հայանտառի» անտառային հողերում: «10 միլիոն ծառ տնկելու համար մեզ անհրաժեշտ կլինի 3300 հա տարածք, եթե տնկենք բացառապես անտառային հողերում: Բայց կարծում եմ՝ կլինեն տնկումներ նաև բնակավայրերում»,- նշեց նա:
Անդրադառնալով անտառի՝ էներգետիկ նպատակով օգտագործմանը՝
Վարդան Մելիքյանը նշեց, որ արդեն 80 հազար խմ թափուկ է բաշխվել: Միևնույն ժամանակ վաճառքի ենթակա օրինական հատված փայտի ծավալն այս տարի կազմել է 25 հազար խմ, որից 80 տոկոսն արդեն մթերված է: 1 խմ փայտի՝ բյուջեով սահմանված գինը այս տարի կազմել է մոտ 21 հազար դրամ: Մելիքյանը հայտնեց, որ քայլեր են ձեռնարկվում վառելափայտը կենսավառելիքով փոխարինելու, մասնավորապես՝ բրեկետների արտադրությունը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ: «Դրանց հումքը պետք է դառնան գյուղատնտեսական մնացորդները, մասնավորապես՝ ծղոտը: Այդ կերպ ոչ միայն բավարարելու ենք մարդկանց էներգետիկ կարիքները, այլև՝ աշխատատեղեր ստեղծելու և արդյունաբերության ճյուղ զարգացնելու: Հայաստանում մենք ունենք ներուժ բրեկետների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ տեղում արտադրելու համար: Սա արդյունավետ է լինելու նաև հրդեհների նվազման առումով: Ինչպես գիտեք՝ հաճախ հրդեհները բուսածածկ տարածքներում սկսում են հատկապես հացահատիկային դաշտերից. մարդիկ բերքահավաքից հետո այրում են դաշտերը: Իսկ այս դեպքում նրանք շահագրգռված կլինեն վաճառել ծղոտը»:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերի թվերի վիճակագրական տվյալներին՝ Մելիքյանը նշեց, որ այդպիսի տվյալները չունեն: Դրա փոխարեն ունեն տվյալներ, թե որքան մեքենա է անցել և տուգանվել Դիլիջանի հենակետով հունիս-հուլիս ամիսներին և որքան՝ հետո: «Հուլիս-օգոստոսին տասն անգամ կրճատվել են այս թվերը: Սա որոշակի արդյունքի ցուցանիշ է: Անգամ օրինական փայտ տեղափոխող մեքենաները ենթարկվում են խիստ ստուգումների: Ըստ փորձագետների՝ նախկինում ապօրինի ծառահատումների ծավալների ամենատարածված թիվը մեկ միլիոն խմ էր, ես լսել եմ նաև 2 միլիոն խմ: Եթե ենթադրենք, որ 500 հազար խմ լիներ և դա համեմատենք ապօրինի ծառահատումների վիճակագրության հետ, որ ունենք նախկինում, պարզ է դառնում, որ այդ դեպքերը պարզապես չէին ֆիքսվում: Դուք կարող եք տեսնել, որ արձանագրված խախտումները ավելանում են, բայց դա չի նշանակում, որ փաստացի խախտումներն ավելացել են: Ըստ մեր դիտարկումների՝ փաստացի խախտումները կրճատվում են, պարզապես հիմա սկսել են ավելի թափանցիկորեն ֆիքսել իրական պատկերը»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա՝ անտառի կառավարման որակի բարելավման նպատակով բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում, որոնց թվում է փորձնական նպատակով Ստեփանավանի անտառտնտեսությունում սղոցի, մեքենայի շարժիչի ձայնն ու ծուխը ֆիքսող և ապա համապատասխան մասնագետին ազդանշան ուղարկող սենսորների տեղադրումը:
Նոյեմբեր 14, 2019 at 19:05
