«ՀԱՅԱՆՏԱՌ»-ՈՒՄ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌԻՆ ՄՈՏ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ ԿԵՍ ԳՆՈՎ ՓԱՅՏ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Antarner.net

Անտառներում ապօրինի հատումների ծավալները նվազեցնելու յուրօրինակ որոշում է ծրագրավորվում ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում։ Նախատեսվում է անտառամերձ բնակավայրերի բնակիչներին անտառանյութը վաճառել կես գնով:

«Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը կարծում է, թե այս կերպ անտառում իսկապես կնվազեն ապօրինությունները եւ անտառը, որոշ չափով, կփրկվի կացնից ու սղոցից:

«Հայանտառը» պատրաստվում է նամակներով դիմել գյուղապետերին՝ բացատրելով, թե ինչ է սպառնում անտառի վրա ձեռք բարձրացնողին եւ զգուշացնելով պատժաչափերի մասին: Մարտուն Մաթեւոսյանը անտառամերձ հատվածների բնակիչներին համարում է անտառի հատման առաջին մեղավորներ:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն իր Վանաձոր կատարած այցելության ժամանակ այլ կարծիքի էր եւ մեղադրում էր հենց անտառապահներին: Անտառահատները, ըստ նախարարի, սովորաբար անտառում գործում են անտառապահների իմացությամբ ու նաեւ մասնակցությամբ:

Անտառապետերի մասնակցությամբ ապօրինի անտառհատումներից ամենահայտնին Վահագնի գյուղի եւ Ստեփանավանի անտառտնտեսության դեպքերն են։ Վահագնիում 78 տարբեր տեսակի ծառեր էին հատվել «Վահագնի» անտառապետության անտառապետ Կ. Աքուլյանի հովանավորությամբ։ Ստեփանավանում էլ անտառապետ Հովիկ Զալինյանը կազմակերպել էր 337 ծառի ապօրինի հատում։

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը եւս այն կարծիքին է, թե անտառներում առանց անտառապետերի անհնար է հատումներ կատարել: Դատախազը բացառում է, որ Վահագնիի անտառապետը որեւէ մեկի պատվեր կատարած լինի եւ հայտնվի անազատության մեջ՝ չբացահայտելով  անտառի իրական ոչնչացնողներին:

Ինչու՞ են անտառի պահապաններն իրենք հատում իրենց պահպանածը: Գուգարքի անտառտնտեսության նախկին տնօրեն, անտառագետ Վահան Մխիթարյանն ասում է, որ անտառապահներին մեղադրելն իրականում անիմաստ է՝ ցածր աշխատավարձի պայմաններում նրանք լինում է, որ 1-2 ծառ են հատում:

Բնապահպանական տեսչության Լոռու մարզային կառույցի տվյալներով,  2009-ին ապօրինի անտառհատման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 12  մարդ՝ 2 միլիոն 330.000 դրամի վնաս պատճառելով անտառին: Ընդ որում, այս 12-ը հասարակ բնակիչներ են: 

Վիճակագրությունը նաեւ վկայում է, որ բացի անտառապետերից ու հասարակ մարդկանցից որեւէ այլ մեկը՝ ասենք փայտանյութի բիզնեսով զբաղվողը, պատասխանատվության չի ենթարկվել:

Հուլիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր