

ԷկոԼուր
Շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին: Որոշումը գործադիրն ընդունեց ս.թ. մարտի 19-ի նիստին:
Որոշման ընդունման նպատակն է օպտիմալացնել շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող միանման գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ները:
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2002 թ-ին, և նրա ենթակայությանն է հանձնված «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան կարմիր», Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը, «Ջրվեժ» անտառպարկ», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ», Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ», Բերդի «Սորաններ» դենդրոպարկ» և Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկները։
Նշվում է, որ նպատակահարմար է «Զիկատար» պետական արգելավայրի կառավարումը ևս հանձնել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ իրականացնում են միատեսակ գործառույթներ՝ այն է պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովում:
Օպտիմալացման արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը։
Մարտ 20, 2020 at 19:29
