

ԷկոԼուր
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Էյ Թի Փի» հիմնադրամի կողմից Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի 42,1 հա, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի 39,14 հա և Ուռուտ բնակավայրի 16,2 հա տարածքներում ծառատունկ իրականացնելու ծրագրերի նախնական գնահատման հայտերին։ Ընտրված տարածքներում «Էյ Թի Փի»-ն նախատեսում է յուրաքանչյուր 1 հա տարածքում 2400 ծառ և 900 թուփ տնկել։
«Էյ-Թի-Փի» հիմնադրամը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն նաև Լոռու մարզի Սարչապետ համայնքի Պրիվոլնոե բնակավայրերում 29.82 հա տարածքներում անտառապատման ծրագիր իրականացնելու համար։ Ըստ հայտի՝ անտառատնկման համար ընտրված տեղամասը նախկինում անտառապատ է եղել, գործառնական և նպատակային նշանակությամբ հանդիսանում է գյուղատնտեսական արոտավայր, սակայն անհարամարավետ լինելու պատճառով չի շահագործվում ըստ նպատակի։
Ընտրված տարածքում նույնպես նախատեսվում է յուրաքանչյուր 1 հա տարածքում 2400 ծառ և 900 թուփ տնկել։ Կօգտագործվեն հետևյալ տեսակները՝ Սոճի Կովկասյան, Կաղնի խոշորառէջ, Հացենի սովորական, Կեչի ելունդավոր, Հաճարենի արևելյան, Խնձորենի արևելյան, Տանձենի կովկասյան, Արոսենի և Ազնվամորի:
Մարտ 26, 2020 at 16:38
