ԷկոԼուր
Մոսկվայի ոստիկանական ծառայությունը ձերբակալել է Եվգենի Չիրիկովին`«Խիմկինսկյան անտառ» շարժման առաջնորդին, Խիմկինսկյան անտառի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ հանդես եկող ակտիվիստների հետապնդման վերաբերյալ մամլո ասուլիսից հետո:
Խիմկինսկյան անտառի միջով պետք է անցնի Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ ավտոճանապարհը: 8 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծն իրականացնում է կոնսորցիումը, որը գլխավորում է ֆրանսիական «Vinci» ընկերությունը: Ներկա դրությամբ դիտարկվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) կողմից նախագծի ֆինանսավորումը: Սակայն տեղի բնակիչներն աննպատակահարմար են համարում անտառապարկի միջով նման ավտոճանապարհի կառուցումը:
«Եվրոպական բանկերի ներկայացուցիչները հաճախ պնդում են, որ իրենց մասնակցությունը բարձրացնում է նախագծի իրականացման չափանիշները, բայց տվյալ դեպքում նման պնդումների համար ոչ մի հիմք չկա: EBRD –ն եւ EIB-ն կամ պետք է օպերատիվ կերպով միջամտեն եւ դադարեցնեն մարդկանց իրավունքների խախտումը եւ պահանջեն երթուղու փոխում, կամ էլ հրաժարվեն նախագծին մասնակցել»,- եզրակացնում է Վլադլենա Մարցինկեւիչը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Bank Watch ցանցից:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նույնպես իր ձայնն է միացնում հանուն Խիմկինսկյան անտառի պաշտպանության միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող ստորագրահավաքին:
Օգոստոս 06, 2010
