

Հայաստանում քաղաքային բնակավայրերի տարածքներում ծառահատումների համար փոխհատուցման նոր կարգ է առաջարկվում: Այն սահմանված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծում, որը դրվել է շրջանառության մեջ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Փաստաթղթով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից՝ պետական, համայնքային կամ մասնավոր, ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ:
Թույլտվություն պահանջվում է սանիտարական կամ խնամքի հատումների՝ բացառությամբ պտղատու ծառերի, հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու և ծառապատման դեպքերում:
Թույլտվություն չի պահանջվում վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու, օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու դեպքերում:
Նաև սահմանված է պահանջ, որ ծառերի հատման դեպքերում հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով: Այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը պետք է գումար մուտքագրի տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատում իրականացնելու համար։
Նշվում է, որ օրինագիծը մշակվել է ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով, և նոր պահանջները կապահովեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը: Սա էլ կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:
Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Երկար տարիներ բազմաթիվ խնդիրների պատճառ հանդիսացած օրենսդրական բացը վերջնականապես լուծում կստանա… Քաղաքական կամքի դրսևորման արդյունքում ոլորտում օրինականություն հաստատելու հաստատակամ մտադրությամբ գնում ենք խնդրի հանգուցալուծման։ Մինչև այսօր համայնքներում սեփականության իրավունքով ձեռք բերված հողերի վրա ծառահատումների նկատմամբ վերահսկողություն սահմանելը որևէ գերատեսչության լիազորության սահմանում չի եղել, գործընթացը թողնված է եղել բացառապես սեփականատիրոջ հայեցողությանը։ Այս նախագծով շրջակա միջավայրի նախարարությունը, որպես լիազոր մարմին, փորձում է կարգավորել դաշտը»:
Սեպտեմբեր 28, 2021 at 12:34