

2021թ. աշնան 3 ամիսների ընթացքում՝ սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, շրջակա միջավայրին պատճառվել է 341.903.745 դրամի վնաս: Այս վնասի գերակշիռ մասը՝ 340.790.368 դրամ, արձանագրվել է բուսական աշխարհի պահպանության ոլորտում՝ ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվարկի:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է իր հաշվետվություններում չմանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումներից են հաշվարկել այդ գումարը: Մինչդեռ նախկինում հաշվետվություններում նշում էր, թե բուսական աշխարհի պահպանության ոլորտի խախտումները որոնք են, որ մարզերում են հայտնաբերվել: Դրանք հիմնականում վերաբերում էին ապօրինի անտառահատումներին, դրանց ծավալներին, դրանց արդյունքում բնությանը պատճառած վնասի չափին, տուգանքներին: Համոզված ենք, որ բուսական աշխարհին պատճառված վնասի գերակշիռ մասն այժմ էլ ապօրինի անտառահատումների արդյունք է՝ պայմանավորված ձմռանը նախապատրաստվելով:
Նշենք, որ 2020թ-ի համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անտառներին պատճառված վնասը հաշվարկել է շուրջ 815 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները» փաստաթղթով նախատեսում է Անտառի նոր ազգային ծրագրի ընդունում և անտառածածկի ավելացում Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թ-ը: Պաշտոնական տվյալով Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 11,2 տոկոս: Հենց այս թվին պետք է ավելացվի 1,7 տոկոս, որ համարվի, թե Հայաստանը կատարել է իր ստանձնած պարտավորությունը: Մինչդեռ 11,2 տոկոս ցուցանիշը տասնյակ տարիներ է՝ չի փոխվել՝ չնայած 1990-ական ծանր տարիների, ինչպես նաև հետագա տարիների անտառահատումներին և անտառածածկի կրճատմանը:
Հարց է մնում, արդյոք կկարողանանք կանգնեցնել ապօրինի հատումները, որպեսզի անտառատնկումների արդյունքում անտառածածկի ավելացում ունենանք, թե՝ ոչ:
Դեկտեմբեր 01, 2021 at 17:18