

Antarner.net
Մի խումբ արշավականներով սեպտեմբերի 18-ին ուղեվորվեցինք դեպի Գոշավանք և Գոշի լիճ: Դեպի լիճ ճանապարհը անցնում է Գոշ գյուղի միջով, որտեղ էլ առաջին անգամ ականատես եղանք անտառահատմանը` գյուղի տան բակերից շատերում կույտերով հատված ծառեր տեսանք: Մի ամիս առաջ էինք եղել այդ նույն գյուղում: Այդ ժամանակ գյուղի բնակիչերից մի տարեց կին` շատ վախեցած լինելով հանդերձ, պատմեց մեզ, թե ինչպես են թալանում անտառը ու թե հենց գյուղում էլ գործում է սղոցարանը:
Անտառը մտնելուն պես լսեցինք անտառահատման` դռուժբայի ձայնը: Պարբերաբար, դռուժբայի ձայնի դադարելու հետ մեկտեղ լսվում էր նաև հեռացող ավտոմեքենայի ձայնը: Կարելի էր միայն գուշակել թե օրվա ընթացքում քանի ծառ է իր վախճանը տեսնում ու ավտոմեքենաներով դուրս բերվում անտառից:
Հայաստանի հանրապետության տարածքի միայն 7%-ն է անտառածածկ: Գոշին կից անտառի ծառերի գեղեցկությունից, թափից և բարձրությունից մարդու շունչը կանգնում էր: Միևնույն ժամանակ սիրտն էլ էր կանգնում դռուժբայի ձայնից:
Գյուղացիների հետ խոսելիս բոլորը մեկ մարդու պես բողոքում էին, թե անտառ չմնաց, ավտոմեքենաներով տանում են: Գոշից քաղաք տանող ավտոմեքենայի վարորդն էլ ասեց, որ տասնյակ բեռնատարներով են ամեն օր անտառը տանում: Մեկ օրվա ընթացքում մեր տեսածն էլ գյուղացիների խոսքերի ապացույցն է: Հատված ծառերի մի զգալի մասը հաստաբուն, առողջ ծառեր էին:
Սեպտեմբեր 27, 2010
