

Սեպտեմբերի 28-ին «Հենարան» ակումբում Հայաստանի անտառների խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրվել: Բանախոսներն էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ստորեւ ներկայացնում ենք մամուլում հրապարակված հոդվածները:
ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ, ԱՊԱ 2020Թ. ԱՆՏԱՌԸ ԿԿՈՐՑՆԵՆՔ
Ինգա Մարտինյան, Հետք
Պարզվում է` անտառին ավելի սրտացավ վերաբերվող բնակչությունն ամենաքիչ պատկերացումն ունի, թե ինչպես է կառավարվում անտառը, եւ ինչպես բնակչությունը պետք է վարվի անտառի հետ: Հաճախ նույնիսկ անտառապետն էլ տեղյակ չէ այս խնդիրներին: Այս եզրահանգումը անցյալ տարի կատարած հետազոտության արդյունքում արել է Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը:
Հետազոտության 8 վայրերում էլ (հիմքը վերցրել էին Սյունիքը, Տավուշը եւ Լոռին) փայտանյութ օգտագործում էին, ըստ որում` ոչ միայն այնտեղ, որտեղ գազ չկա, այլեւ այնտեղ, որտեղ կա: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ներկայացրած տվյալներով`գազի թանկացման հետ զգալիորեն նվազել են դրա օգտագործման ծավալները որպես վառելիք, կամ գոնե զուգահեռ են օգտագործում:
«Գազը օգտագործվում է հրատապ անհրաժեշտության դեպքում կամ, օրինակ, ինչ-որ սենյակ տաքացնելիս: Գազին զուգահեռ օգտագործում են փայտանյութը»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքերով`անտառում փայտանյութ կա, որը կարելի է որպես վառելիք օգտագործել, բայց վատ է կազմակերպված փայտանյութ-մարդ հարաբերությունը: Գյուղացին գերադասում է կամ ինքը գնա ծառը կտրի բերի, կամ գնա հավաքի: Հենց այս գործընթացում էլ դրսեւորվում է տեղեկությունների պակասը: Հրանուշ Խառատյանը նշում է, որ անտառը հաճախ հատվում է բիզնես նպատակով: Ընդ որում`անտառին սպառնացող հիմնական խնդիրը ոչ թե ջեռուցման համար կատարված հատումներն են, այլ հենց բիզնես նպատակով արվածները, որովհետեւ այդ դեպքում են լավ ծառերը կտրում:
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ասում է, որ անտառների դեպքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական թվերի միջեւ համեմատությունը անհամեմատելի է: Ըստ պաշտոնական տվյալների` մեր անտառածածկ տարածքը 11,2 տոկոս է, իսկ տիեզերքից կատարված հետազոտություններով` 2006 թ. Հայաստանի անտառածածակ տարածքը 7-8 տոկոս է: Ըստ կանխատեսումների` եթե այդպես շարունակենք, ապա 2020 թ. անտառը կկորցնենք: «Եթե Հայաստանը անտառը կորցնի, կկորցնենք մեր ջրային ռեսուրսները, մեր հողը: Անապատացման գործընթացը, սողանքները…»,- ահազանգում է Ինգա Զառաֆյանը:
Ինգա Զառաֆյանն առաջարկում է լուծման ուղիներ, օրինակ` 5 տարի ոչ մի տեսակի հատումներ չանել, արգելել անտառահատումները, իսկ անտառամերձ տարածքների համար իջեցնել գազի գինը: «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահը նշում է, որ դա Կառավարության վրա ավելի էժան կնստի, քան անտառի հատման հետեւանքով առաջացած խնդիրները լուծելը: Բնապահպանը նշում է, որ երբ իրենք ահազանգում են անտառահատումների մասին, իրենց ակտիվիստներին կանչում են ոստիկանություն, սկսում հարցաքննել: «Մեր նպատակը չէ, որ խեղճուկրակ անտառապահը, ով պատվեր է կատարում, գնա եւ նստի, մեր նպատակը իրավիճակի շտկումն է»,- ասում է Ինգա Զառաֆյանը ու հավելում, որ Հանքավանում 500 հա դուրս է բերվել անտառածածկ տարածքից եւ տրվել համայնքներին, իսկ համայնքներն էլ դրանք վաճառել են անհայտ անձանց:
«Ի՞նչ է ստացվում. մենք տեսնում ենք անտառ, բայց պարզվում է, որ դա արդեն արոտավայր է, գյուղատնտեսական նշանակության հողեր են, անտառ չէ: Մենք 5 տարի պայքարում են Թեղուտի համար, իսկ իրենք բռնում այդքան տարածք տալիս են անհայտ մեկին»,- ասում է Ի. Զառաֆյանը: Սա միակ դեպքը չէ: Նա ահազանգում է, որ Ողջի գետի տարածքից 207 հա անտառ էլ տրվել է ընդերքօգտագործման համար: Բնապահպանը հարցնում է` արդյո՞ք մենք կարող ենք մեզ թույլ տալ այդպիսի մեծ նվեր անել, Կառավարությունն ինչպե՞ս է նման քայլեր անում առանց հասարակական լսումների:
ՓՈՐՁԱԳԵՏ. 2020-ԻՆ ԱՆՏԱՌ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Panorama.am
Կանխատեսումների համաձայն, Հայաստանի հանրապետությունում 2020 թվականին ընդհանրապես անտառ չի լինի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» բնապահպանական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:
Բնապահպանը ներկայացնելով երկրում Ամերիկյան համալսարանի կողմից 2006 թվականին կատարված հետազոտության արդյունքները, նշեց, որ անտառածածկ տարածքն ընդամենը 7.8 տոկոս է կազմում: Իսկ եթե Հայաստանը կորցնի անտառածածկ տարածքները, ապա, ըստ նրա, կկորցնի նաև ջրային ռեսուրսները: Ի. Զառաֆյանի հավաստմամբ, երկրին արդեն իսկ սպառնում է անապատացման վտանգը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, անարդարացի է, որ անտառները հաճախ հատվում են «բիզնես նպատակներով»: Իր ասածն ազգագրագետն ապացուցեց օրինակով: Ըստ նրա,ներկայում էլ անտառ է հատվում, մեքենաներով տարածքը հսկվում է, որ մարդիկ չմտեն անտառ: նա ներկայացրեց Լոռու և Տավուշի մարզերի անտառամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում իրականացված հետազոտության արդյունքերը: Բացի այդ, Հ. Խառատյանը նկատեց, որ հստակ չեն անտառի հետ հարաբերվելու մարդկանց գիտելիքները:
«Հետազոտության համաձայն, անտառին սրտացավ վերաբերվող բնակչությունը շատ քիչ պատկերացում ունի, թե ինչպես է կառավարվում անտառը, միշտ չէ, նաև, որ անտառապետն է տեղյակ այս խնդիրներից: Այս մարզերում փայտը որպես վառելիք է օգտագործվում ոչ միայն այն բնակավայրերում որտեղ բնական գազ չկա, այլև այնտեղ, որտեղ բակչությունն ապահովված է բնական գազով»,-նկատեց ազգագրագետը:
Վերջում, հասարակական կազմակերպության ղեկավարը, ներկայացնելով անտառհատումներրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, նկատեց, որ անտառահատումների վերաբերյալ պաշտոնական ու ոչ պաշտոնական թվերը չեն համապատասխանում: Այսպես` գյուղատնտեսության նախարարության կայքում նշված տվյալների համաձայն, հանրապետության ողջ տարածքի 17.2 տոկոսն անտառածածկ է, սակայն այս թիվը 1992 թվականի տվյալ է: «Էկոլուր»-ի ղեկավարը, բնականաբար, հավաստեց, որ այդ թիվը 2010 թվականի համար հնացած է:
ՀԱՆՔԱՎԱՆԻ ԱՆՏԱՌՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵԼ
ԱրմԻնֆո
Հանքավանի անտառում ապօրինի անտառահատումների փաստի առնչությամբ կարող է քրեական գործ հարուցվել: Հիշեցնենք, որ հատվել էր 42 ծառ, այդ թվում` 28 սոճի, 9 կեչի և 5 կաղնի:
Մեր կողմից հրապարակված նյութի հիման վրա Հրազդանի ոստիկանությունը նախաքննություն է սկսել և մեր աշխատանքային խմբին պաշտոնապես դեպքի վայր կանչել՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «էկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Նա հիշեցրել է, որ կանաչ շարժման ակտիվիստները, ովքեր օգոստոսին հաղորդել էին Գուգարքի անտառային տնտեսությունում ապօրինի ծառահատումների մասին, արդեն ունեցել էին որոշակի խնդիրներ. նրանց պահել էին անտառում մինչև երեկոյան 11-ը և ճնշում գործել`ակնկալելով, որ ակտիվիստները կնվազեցնեն ծառահատումների իրական մասշտաբները: Նկատի ունենալով դառը փորձը` «ԷկոԼուրի» աշխատախումբը Հանքավանի անտառ է մեկնել փաստաբանի ուղեկցությամբ: «Մինչդեռ մենք պատմում էինք քննիչին տեսածի մասին, հայտնվեց մարդկանց տարօրինակ խումբ, ովքեր ներկայացան որպես Մեղրաձորի անտառտնտեսության աշխատակիցներ: Ինչպե՞ս են նրանք իմացել, որ մենք այստեղ ենք, և ինչու՞ են հայտնվել` մնում է միայն կռահել»,- հաղորդել է Ի. Զարաֆյանը: Նրա խոսքով, տարօրինակ անտառապահները ներկայացրել են փաստաթուղթ, ըստ որի`կառավարական որոշմամբ 500 հեկտար անտառ «արոտավայրի» կարգավիճակով հանձնվել է Հանքավանի համայնքին, իսկ 2006 թվականին` վաճառվել անհայտ անձանց: Ըստ երևույթին, ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկի պատճառով Բնապահպանական տեսչությունը, այնուամենայնիվ, հաշվել է խորհրդավոր փայտահատի կողմից «արոտավայրին» հասցված վնասը: «Նախօրեին քննիչը մեզ հաղորդել է, որ վնասը կազմում է շուրջ 2 մլն դրամ, և որ, ամենայն հավանականությամբ, հարուցվելու է քրեական գործ»,- նշել է Ի. Զարաֆյանը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՐՈՇՈՒՄԸ 50 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԱՆՏԱՌ Է ԱՐԺԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱրմԻնֆո
Կառավարության տարօրինակ որոշումը 50 հազար հեկտար անտառ է արժեցել Հայաստանին:
Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «էկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, մի շարք որոշումների մասին, ըստ որոնց` որոշակի անտառատարածքների տրվել է գյուղատնտեսական նշանակության հողերի և արոտավայրերի կարգավիճակ, հայտնի է դարձել բոլորովին պատահական: «Երբ հետաքննվում էր Հանքավանի անտառում ապօրինի ծառահատումների գործը, մեզ ցույց տվեցին 2003 թ. կառավարական որոշումը, համաձայն որի` հիշյալ անտառի 500 հեկտարն «արոտավայրի» կարգավիճակով հանձնվել է Հանքավանի համայնքին: Ինչպես հետագայում պարզվել է «Հայանտառի» միջոցով, կառավարության տարբեր որոշումներով անտառային ֆոնդից ընդհանուր առմամբ օտարվել է 50 հազար հեկտար անտառ»,- պատմել է Ի. Զարաֆյանը: Նրա խոսքով, օտարված անտառները փոփոխված կարգավիճակով հանձնվել են համայնքներին, իսկ վերջիններս իրենց հերթին վաճառել են դրանք անհայտ անձանց: «Երբ ես հարցրեցի «Հայանտառի» ներկայացուցիչներին, թե ինչպես նրանք կարող էին ստորագրել այդ որոշումը, ինձ ասացին, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել: Այդ սխեմայի հաստատման համար ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, որն ամեն ինչ հաստատել է և անմիջապես կազմալուծվել»,- հաղորդել է Ի. Զարաֆյանը:
ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄՆԱԼ ԱՌԱՆՑ ԱՆՏԱՌԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ԱրմԻնֆո
Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է մնալ առանց անտառատարածքների: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «էկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, նման եզրակացություններ են պարունակվում ամերիկացի մասնագետների հետազոտություններում:
Միաժամանակ նա ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ հակառակ հնչեցված թվերի`պաշտոնատար անձինք չեն շտապում ահազանգել: Ուշագրավ է, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կայքի տվյալներով, Հայաստանում անտառատարածքները կազմում է 334.1 հազար հեկտար կամ 12.2%:
«Սակայն, ամերիկացի մասնագետների կողմից արված տիեզերական նկարահանումները վկայում են, որ միայն 2006 թվականին անտառային տարածքները կազմել են ընդամենը 7.9%»,- հաղորդել է Ի. Զարաֆյանը: Նրա խոսքով, ապօրինի անտառահատումների խոշոր մասշտաբները հանգեցրել են այն բանին, որ անցած 4 տարում երկրում զգալիորեն կրճատվել են անտառազանգվածները:
Մասնագետները նշում են, որ որոշակի քայլեր չձեռնարկելու դեպքում մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է կորցնել իր անտառային զանգվածները, ինչը հավասարազոր է իսկական աղետի, քանի որ կհանգեցնի ջրային ռեսուրսների կրճատման և սողվածքային գործընթացների ակտիվացման, նշել է Ի. Զարաֆյանը:
Բնապահպանների կարծիքով, հայկական անտառները ոչնչացումից կարող է փրկել 5 տարի ժամկետով ծառահատումների արգելքը:
«Իհարկե, պաշտոնատար անձինք դրան չեն գնա: Տվյալ հարցում նրանք վկայակոչում են, որ դա կարող է վնաս հասցնել անտառի հարակից համայնքների բնակիչներին, որոնք փայտն օգտագործում են շինությունների ջեռուցման նպատակով: Սակայն, մենք գտնում ենք, որ անտառի փրկության համար նրանց համար կարելի էր որոշակի արտոնություններ նախատեսել, օրինակ`գազի ֆիքսված գներ կիրառել»,- ասել է Ի. Զարաֆյանը:
ԿԱՆԱՉՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ. ՀԱՅ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐ ՄԻՆՉԵՎ 2020Թ. ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՈՉՆՉԱՆԱՆ
Գայանե Մկրտչյան, ԱրմենիաՆաու
Հայաստանի բնապահպանների դաշինքը առաջարկում է ՀՀ իշխանություններին մորատորիում հայտարարել Հայաստանի անտառների նկատմամբ` առնվազն հինգ տարով արգելելով անտառահատումները, հակառակ դեպքում 2020 թվականին երկրում անտառներ գոյություն չեն ունենա:
«Ըստ Անտառային օրենսգրքի` Հայաստանի անտառները դիտվում են որպես պաշտպանիչ շերտ հողի ու ջրի համար: Անապատացման վտանգը երբեք այսքան մեծ չի եղել,- ասում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: - Նաև հարկավոր է բիզնեսը դուրս մղել այս ոլորտից»:
Ըստ բնապահպանի` իշխանությունները չեն համաձայնում իրենց հետ` պատճառաբանելով, որ դա ծանր բեռ կլինի անտառածածկ տարածքներում ապրող սոցիալապես անապահով բնակչության համար, որոնք հույս ունեն անտառների հաշվին վառելիք ստանալ և աշխատանք ունենալ:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում են 334.100 հա` ՀՀ ամբողջ տարածքի 11-12 տոկոսը: Զարաֆյանն ասում է, որ այս թիվը նշվում էր դեռևս 1992-ին և այլևս արժանահավատ չէ: Ըստ Զարաֆյանի` Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտությունների արդյունքներով` դեռևս 2006-ին Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում էին 7-8 տոկոս:
«Հարկավոր է արգելք դնել, պարզապես պետք է հասկանանք, որ կան շրջաններ, որտեղ անգամ գազ չկա, իսկ մարդիկ չեն կարող միայն աթար վառելով տաքանալ, գուցե սանիտարական հատումներ անցկացնեն և տրամադրեն այս բնակիչներին»,-ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի հետ հետազոտություններ է իրականացրել անտառածածկ տարածքներում ապրող բնակչության շրջանում:
Բնապահպանները նաև առաջարկում են իջեցնել անտառածածկ տարածքներում ապրող բնակչության համար գազի բարձրացրած սակագները, որովհետև անտառահատումների դեպքերի ավելացման պատճառներից մեկը գազի բարձր սակագինն է, որը ստիպում է բնակիչներին ավելի էժան վառելանյութ հայթայթել:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԸ
Lragir.am
Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը անդրադարձել են անտառահատման թեմային: Ասուլիսին հրավիրված են եղել բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ներկայացուցիչները, սակայն նրանցից որեւէ մեկը չի ներկայացել: Հրանուշ Խառատյանը ներկայացրեց 2009-ի գարնանը «Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից իրականացված հետազոտության տվյալները, ըստ որի փորձել են իմանալ` անտառամերձ տարածքների բնակավայրերի բնակչության համար իրականում ինչ է նշանակում վառելիքը: «Ի դեպ, անտառին ավելի սրտացավ բնակչության մոտ ամենաքիչ պատկերացումը կար` ինչպես է կառավարվում անտառը, եւ բնակչությունը ինչպես պետք է հարաբերվի անտառի հետ», նշել է ազգագրագետը:
Հետազոտություններն իրականացրել են Սյունիքի, Տավուշի եւ Լոռու 8 բնակավայրերում: Բանախոսի խոսքով` 8 բնակավայրերում էլ այս կամ այն չափով փայտանյութ օգտագործվում է որպես վառելիք, ընդ որում` օգտագործվում է ոչ միայն այն բնակավայրերում, որտեղ գազ չկա. «Մարդիկ մի երկու տարի փորձել են գազով ջեռուցում իրականացնել, բայց գազի թանկացման հետ զգալիորեն կրճատվել են գազի օգտագործման ծավալները որպես վառելիք կամ գոնե զուգահեռ է օգտագործվում, այսինքն` գազը տաքացնում է մի փոքր սենյակ կամ շատ հրատապ կարիքների համար է գազ օգտագործվում»: Ըստ Հրանուշ Խառատյանի` մարդիկ գիտեն անտառահատումների հետ կապված անմիջական վտանգները, ոչ միայն գիտեն, այլ նաեւ կրում են դրանց ազդեցությունը` սակավաջրություն, սահող հողեր: Մարդիկ տագնապում են, բայց միեւնույն ժամանակ նրանց ամենաշատը հուզող խնդիրն անարդարությունն է, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ անտառը շատ հաճախ հատվում է բիզնես նպատակով:
Ինգա Զառաֆյանը ներկայացրել է իրենց արած համեմատությունը պաշտոնական եւ ոչ պաշտոնական թվերի միջեւ: Անհամեմատությունը, ըստ նրա, սարսափելի է: Ըստ պաշտոնական տվյալների` մեր անտառածածկ տարածքը կազմում է 334,1 հազ. հեկտար, այսինքն` 11,2 տոկոս է կազմում ՀՀ-ի ամբողջ տարածքի: 1992-ից հետո այս թիվը չի փոխվել: Ինգա Զառաֆյանի խոսքով` պաշտոնյաները չեն ուզում համաձայնվել այն իրական թվերի հետ, որը տրամադրել է Ամերիկյան համալսարանը, ըստ որի`2007-ի տվյալներով ՀՀ-ի անտառածածկ տարածքը կազմում է 7-8 տոկոս: Եվ կանխատեսումներ կան, որ եթե այսպես շարունակվի, մենք ընդհանրապես անտառը կկորցնենք 2020-ին: Նրա խոսքով` Հայաստանում անապատացման գործընթացը շատ ակտիվ է: Եվ ոչ մի լուծում պաշտնյաները չեն առաջարկում: Մենք առաջարկում ենք, որ 5 տարով բացարձակապես արգելել ամեն տեսակ անտառահատումները, անգամ սանիտարական:
Բացի այդ, առկա է նաեւ շատ կարեւոր խնդիր. “Հանքավանում հայտնաբերել էինք ծառահատում: Պարզվում է` այն, ինչ մենք տեսնում ենք որպես անտառ, կադաստրով անտառ չէ: Պարզվեց, որ մոտ 50 հազար հեկտար դուրս է բերվել անտառային ֆոնդից եւ միանգամից համայնքներին են տրվել, համայնքներն էլ միանգամից վաճառել են անհատ անձանց», նշել է Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքով` անգամ Անտառային մոնիտորինգի կենտրոնին չի հաջողվել պարզել` ովքեր են այն մարդիկ, ովքեր այսքան հսկայական տարածք են վերցրել:
Նա նշել է, որ 2003-ի դեկտեմբերի 4-ի 1328 որոշմամբ, 500 հեկտար միանգամից օտարվել եւ միանգամից վաճառվել է . «Այնտեղ մենք պարզել ենք, որ մասսայական հատումներ կան, բայց մենք իրավունք չունենք արդեն մտնել այդ տարածք», իր մտահոգությունն է հայտնել բանախոսը:
Սեպտեմբեր 29, 2010
