ԳԼՈԲԱԼ ՋԵՐՄԱՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎՏԱՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳԼՈԲԱԼ ՋԵՐՄԱՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎՏԱՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱրմԻնֆո

Գլոբալ ջերմացումն ուղղակի վտանգ է Հայաստանի անտառների համար: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ ԶԾ կլիմայի փոփոխությունների հետևանքների լեռնանտառային էկոհամակարգերի հարմարեցման մակարդակի բարձրացման ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը:

«Մենք, առաջին հերթին, մտահոգված ենք Սյունիքի մարզի անտառներով: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, 1961-1990 թթ. միջին ցուցանիշների հետ համեմատած տեղումները մարզում նվազել են 9 տոկոսով», - հաղորդել է նա: Նրա ասելով, 1935-2007 թվականներին Սյունիքի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,7 տոկոսով: Ավելացել է նաև 25 աստիճանից բարձր ջերմաստիճանով ամառային օրերի թիվը, Մեղրիում`10 օրով, Կապանում և Գորիսում`21 օրով: Մասնագտեները նշում են, որ ջերմաստիճանի բարձրացումը տեղումների նվազման հետ միասին հանգեցրել է անտառավերականգնման գործընթացների դանդաղման: Ծրագրի խորհրդատու Արմեն Նալբանդյանի ասելով` ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է նաև ծառերի վնասատուների թվի ավելացման: Միջատների հարձակման սարսափելի հետևանքների օրինակ են 2 հազար հա անտառապատ տարածքները Մեղրիում, որոնք 2000-ականների սկզբին տուժել են ոսկեփորիկից: Ա.Նլաբանդյանի կարծիքով` էկոլոգիական միջոցների ձեռնարկմանը զուգընթաց վնասատուներից անտառների փրկության գործում կարևոր դեր կարող է խաղալ նաև անտառապահպանման կայանի բացումը, որը լուծարվել է 1998 թվականին:

Մասնագետների գնահատականների համաձայն` 2100 թվականին Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 5,7 աստիճանով: Եթե չիրականացվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպատակաուղղված աշխատանքներ, ապա տեղումները հանրապետությունում կկրճատվեն 27 տոկոսով, իսկ այնպիսի երևույթները, ինչպես ուժեղ քամին, կարկուտը, ջրհեղեղները և երշատը, ընդհակառակը, զգալիորեն կավելանան: Բավական է նշել, որ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետությունում ընդամենը 2 աստիճանով կարող է հանգեցնել անապատացման մասշտաբների 33 տոկոսով աճի, տեղումների 10 տոկոսով նվազման, կաթնասունների թվի 28-33 տոկոսով կրճատման, բերքատվության 8-14 տոկոսով կրճատման: Բացի այդ, ալպիական գոտիները կկրճատվեն 22 տոկոսով, իսկ լանդշաֆտային գոտիների սահմանները 100-150 մետրով վեր կբարձրանան:

Սեպտեմբեր 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր