

Ա1+
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներից շատերն են մտահոգված անտառի մեծածավալ ծառահատումներից, սակայն նախընտրում են լռել` մտածելով, որ իրենք միեւնույնն է` անզոր են լուծել այդ խնդիրը:
«Օրը փայտով բեռնված 5-ից մինչեւ 20 մեքենա է դուրս գալիս անտառից: Բայց հայտարարում են, իբր անտառը եթե հատվում էլ է, դա միայն տեղի բնակչությունն է կտրում»,- ասում է կիրանցի Վաղինակ Մելքոնյանը:
Նրա խոսքերով, չնայած որ գյուղում գազ չկա, եւ իրենք էլ ստիպված ձմռան փայտ են վառում, սակայն նրանց բերած փայտը միայն կտրած հաստաբուն ծառի վերեւի բարակ ճյուղերի մնացուկներն են: «Մեզ ո՞վ թույլ կտա ծառ կտրենք»,- ասում է նա:
«Գյուղ կկագնի, գերան կկոտրի» տարբերակը նրանց համար չէ, քանի որ միեւնույն ժամանակ մտավախություն ունեն, որ հնարավոր է հանկարծ բողոքեն ու մեկ էլ վերցնեն ու անտառն իրենց առաջ ընդհանրապես փակեն, իսկ իրենք էլ չկարողանան ընդհանրապես ձմեռվա փայտ բերել: «Դե բացի այդ շատ ընտանիքներ իրենց օրվա եկամուտը ստանում են` անտառում աշխատելով»,-ասում է մեկ այլ կիրանցի Անահիտ Գրիգորյանը:
Իսկ Վաղինակը Մելքոնյանն այլ կարծիքի է. «Տենց մի դեպք եղավ, եկան նկարեցին փայտով բարձած մեքենաները ցույց տվեցին, մեծ աղմուկ եղավ: Բայց դրա օգուտն ինչո՞ւմն էր,- հարց է տալիս եւ ինքն էլ պատասխանում,-Էն եղավ, որ հարցը սուս ու փուս փակվեց, չգիտեմ` ոնց»: Նրա պատմելով` անտառ թույլ չտվեցին մտնել ընդամենը մեկ շաբաթ, որից հետո նույն անվերահսկելի ծառահատումները շարունակվեցին:
«Սեւանա լճում ձկան որսը կարողացան արգելել, բայց էնքան արին, մինչեւ ձուկ չմնաց, նոր հանգստացան: Նույնն էլ մեզ հետ ա լինելու էլի: Անտառը մինչեւ չպրծնի, սրանք հանգստացողը չեն»,-շարունակում է գյուղացին եւ խոսում իր կանխատեսած լուծման հնարավոր տարբերակից:
«Անտառը կկտրեն կպրծնեն, որից հետո միայն համատարած անտառներ տնկելու մասին նոր որոշում կհաստատեն: Եվ եթե իրենց երեխաների հետ մասնակցեն էդ ծառատնկումներին, էդ ժամանակ գուցե արդեն երեխաները մեծանալով ափսոսան իրենց տնկած անտառը կտրել»,- ասում նա` իր կանխատեսումների համար կոնկրետ ժամկետ չնշելով:
Սեպտեմբեր 30, 2010
