Անտառային հողը վարձակալելու պարտադիր պայման են դարձել ներդրում անելը, աշխատատեղ բացելը

Անտառային հողը վարձակալելու պարտադիր պայման են դարձել ներդրում անելը, աշխատատեղ բացելը

www.1lurer.am

Ավելի քան 3.5 միլիարդ դրամի ներդրում, 300 նոր աշխատատեղ ու էկոտուրիզմի, զբոսաշրջության զարգացում. 2022 թվականին անտառային տարածքների վարձակալության 900 հայտ է ներկայացվել: Անտառային կոմիտեն քննում է դրանք, հավանություն տալիս հավակնոտ և ներդրումային ծրագրերին:

Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Նախկին բոլոր վարձակալական պայմանագրերի մեջ առկա չի եղել ոչ մի ներդրում, այսինքն՝ մենք ունեցել ենք 0 ներդրում, 0 աշխատատեղի հիմնում և ինչ ենք ունեցել. ունեցել ենք անբարենպաստ պայմաններ, որտեղ անտառային օրենսգրքով, պայմանագրով խախտվել է, որ իրենք էդ տարածքը պետք է աղբահանությունն իրականացնեն, պետք է ոչ մի ծառ և թուփ չվնասեն, արմատախիլ չանեն: 

Ոլորտում առկա խնդիրները լուծելու համար մոտ մեկ տարի դադարեցվել էր անտառային տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը: 2022-ի աշնանը ոլորտը վերահսկող կառույցը հայտարարեց՝ գործընթացը վերսկսում են, բայց պարտադիր ու կարևոր պայմաններով:

Վլադիմիր Կիրակոսյան - 2022 թվականին ՇՄ նախարարի հրամանով պայմանագրերի նոր ձևն է հաստատվել, որտեղ որ վարձակալը պարտավորվում է ներդրումների չափը նշել, ժամանակացույցը, թե որ ժամանահատվածում, ինչ աշխատանք պետք է իրականացնի և աշխատատեղերի բացման մասով: 

Նախկին 137 վարձակալների մեծ մասն անտառային տարածքներն իրենց նպատակին չի ծառայեցրել և բնությանը հասցրել է էական վնաս, ասում է ոլորտի պատասխանատուն, նշում՝ եղել են նաև դեպքեր, երբ վարձակալները պատշաճ չեն վճարել վարձը, որոշ տնտեսվարողներ էլ հողի վարձակալական արժեքից տասը անգամ ցածր են վճարել: Օրինակ, Սիսիանի անտառտնտեսության նախկին ղեկավար Արկադյա Արշակյանը նույն անտառտնտեսության հողատարածքները չնչին գնով վարձակալել էր իր պաշտոնավարման ժամանակ: Դատախազությունում և հակակոռուպցիոն կոմիտեում 30 քրեական գործ կա հարուցված: Վերջին աղմկահարույց բացահայտումները կապված էին Ծաղկաձորի անտառների վարձակալների հետ, որոնց թվում էին ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կինը, գործարար Սամվել Մայրապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը, Ծաղկաձորի քաղաքապետի ազգականը, Հրազդանի անտառտնտեսության ղեկավարը և ուրիշներ:

Անտառային կոմիտեի նախագահը հիշեցնում է՝ վարձավճարում փոփոխություն չի եղել, ինչպես նախկինում, հիմա էլ այն որոշվում է կադաստրային արժեքի նվազագույն չափով: Կախված գոտիականությունից ու օգտագործման նպատակից, վճարը տարբեր է՝ 230.000-ից մինչև 1 միլիոն 200 հազար դրամ՝ 1 տարով 1 հեկտարը վարձակալելու համար: Անտառային տարածքները կարելի է վարձակալել մինչև 60 տարի, այդ հողը թույլաատրվում է օգտագործել սպորտի, մշակույթի, զբոսաշրջության զարգացման, կենդանական աշխարհի վերարտադրության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:

Վլադիմիր Կիրակոսյան - Պետական սեփականություն համարվող անտառային հողերում հիմնական շինություններ չեն թույլատրվում բացառապես թեթև կոնստրուկցիայով շինություններ: Ոչ մի ծառ և թուփ չի հատվում, տվյալ տարածքը երբ վարձակալը մրցույթի կարգով, մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում, ցանկացած ծառ հաշվեգնահատվում է՝ տեսակը, քանակը և ֆիքսվում է պայմանագրի մեջ: 

Տարածքի պահպանություն, աղբահանության իրականացումը պարտադիր պայման է: Պայմանագրերի պայմանների կատարման համար Անտառային կոմիտեում նոր վարչություն է ստեղծվել:

Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան



Մայիս 08, 2023 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր