Առաջարկվում է զարգացնել կենսավառելիքի արտադրությունը՝ նվազեցնելու վառելափայտի օգտագործումը Հայաստանում

Առաջարկվում է զարգացնել կենսավառելիքի արտադրությունը՝ նվազեցնելու վառելափայտի օգտագործումը Հայաստանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում ներառել կենսավառելիքի արտադրության և գործածության զարգացման դրույթներ։ Նպատակն է անտառահատման ծավալների էական կրճատումը՝ հիմնականում գյուղական բնակավայրերում բնափայտը կենսավառելիքով փոխարինելու միջոցով, ինչպես նաև կանխել կամ հնարավորինս մեղմել շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, ձևավորել մատչելի էներգետիկ ռեսուրսների հասանելիություն, նպաստել երկրի էներգետիկ կախվածության նվազեցմանը։ 

Այս կապակցությամբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am կայքում շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 

Համաձայն 2017 թվականին իրականացված ինտեգրված հետազոտությունների՝ գյուղական բնակավայրերում, որպես ջերմային էներգիայի հիմնական աղբյուր, տնային տնտեսությունների շուրջ 70 տոկոսի կողմից օգտագործվում է վառելափայտ։ Բնափայտը, որպես կենսավառելիքի նախընտրելի աղբյուր չի դիտարկվում՝ հաշվի առնելով Հանրապետությունում անտառապատվածության անբավարար մակարդակը։

«Բրիկետից և պելետից կարող է արտադրվել ավելի քան 2,000 ՏՋ էներգիա՝ երկրում գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունները ջեռուցման նպատակով, ինչը թույլ կտա խուսափել տարեկան կտրվածքով 144.000 խմ փայտ, ինչպես նաև դաշտերում առնվազն 114.000 տոննա գյուղատնտեսական կենսազանգված այրելուց», - նշված է նախագծում։

Կենսազանգվածի հնարավոր աղբյուրներն են հացազգիների բերքահավաքից հետո առաջացող ծղոտը, չոր խոտի մնացորդները, հատիկաընդեղենային, տեխնիկական և բանջարանոցային մշակաբույսերը, պտղատու, հատապտղատու և խաղողի այգիներից էտի արդյունքում առաջացող ճյուղերը։ Դրանց գումարային ծավալը գնահատվում է տարեկան մոտ 544.000 տոննա, ինչը բավարար է մոտ 2.300 ՏՋ էներգիա ստանալու համար։ Էներգաարդյունավետ վառարանների և կաթսաների կիրառման պարագայում ստացվելիք էներգիայի քանակը հնարավոր է ավելացնել ևս 30 տոկոսով։ Հայաստանում առկա ընդհանուր գյուղատնտեսական կենսազանգվածի ընդամենը 25 տոկոսն է հեշտ հասանելի, և այդ մասը կարող է առանց լրացուցիչ ծախսերի փոխարկվել կենսավառելիքի և օգտագործել բնափայտին փոխարինելու համար։

Ըստ փաստաթղթի՝ առանցքային նշանակություն ունի կենսավառելիքի գինը։ Կախված խտությունից՝ բրիկետի ու պելետի գները 150-170 դրամ են՝ ներկրված վառելիքի համար և 100-140 դրամ՝ տեղական արտադրության պինդ կենսավառելիքի համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վառելափայտի գները տատանվում են 13-22 հազար դրամի սահմաններում, պինդ կենսավառելիքն ավելի քիչ շահավետ է բնակչության համար․ 1 տոննա բրիկետը համարժեք է մոտավորապես 3.3-3.5 խմ չոր վառելափայտին։

Ըստ փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանի՝ նախագիծն ունի բացեր․ «Որպես ռիսկեր  չեն նշվում անտառից ուղղակիորեն ստացված կենսազանգվածի օգտագործումը, բացառապես այլընտրանքային կիրառություն կամ արժեք  չունեցող կենսազանգվածի օգտագործումը, կենսազանգվածի այրման հետ կապված արտանետումների սխալ հաշվառումը,  բացասական արտանետումներով տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև այդ ռիսկերի չեզոքացմանն   ուղղված միջոցառումները»։ Ըստ Ռոզա Ջուլհակյանի՝ նախագծում բացակայում են կլիմայական փոփոխություններով պայմանավորված կենսազանգվածի կայուն օգտագործման երաշխիքները և դրա համար անհրաժեշտ միջոցառումները՝ ավելի երաշտադիմացկուն առևտրային տնկարկների հիմնադրում, ոռոգման ավելի արդյունավետ համակարգերի ներդրում, անոմալ ջերմաստիճանային տատանումների մասին վաղ նախազգուշական համակարգերի  ներդրում։ Մինչդեռ նախագծում նշված է, որ կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացումը չի ենթադրում մեծ ռիսկեր, որոնք կարող են ունենալ չվերականգնվող կամ դժվար վերականգնվող հետևանքներ շրջակա միջավայրի կամ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Ապրիլ 28, 2023 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր