

Արմենպրես
Կապանի տարածաշրջանում վերջին տարիներին լայն թափով իրականացված գազիֆիկացման աշխատանքներին զուգահեռ նվազել էր վառելափայտի պահանջարկը: Սակայն գազի սակագնի թանկացման պատճառով այս տարի նկատվում է պահանջարկի աճ: Ընթացիկ տարում Կապանի անտառտնտեսությունում նախատեսված է որպես վառելափայտ հատել 2 հազ. 500 խոր. մետր փայտ: Ձեռնարկությունը, չունենալով համապատասխան տեխնիկա, այդ աշխատանքների իրականացման հարցում համագործակցում է անհատներիի հետ:
Կնքելով պայմանագրեր` անհատները ձեռք են բերում թույլտվություն եւ անտառի նախատեսված հատվածներում կատարում հատումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Միրզոյանը, արդեն կատարվել է աշխատանքների 90 տոկոսը: Նման պայմանագրեր կնքվել են 16 անհատի հետ, աշխատանքները կատարվում են նախատեսվածին համապատասխան: Այս տարի առաջին անգամ ձեռնարկությունը հանդիպումներ է ունեցել նաեւ իրենց վարչական տարածքում անտառներ ունեցող գյուղական համայնքների բնակիչների հետ եւ կնքել պայմանագրեր օրինական ձեւով ծառահատումներ իրակացնելու համար: Ամռան ամիսներին գյուղացիները սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարում անտառներում, ինչը սակայն վառելափայտի համար բավարար չէ: Տնօրենի հավաստմամբ, այս տարի ուժեղացվել է հսկողությունը, վառելափայտի անօրինական վաճառքը խստիվ արգելվելու է:
Անհատների եւ բնակիչների հետ կնքված պայմանագրերով 1խմ վառելափայտի համար նախատեսվում է վճարել 4320 դրամ: Կապանի անտառնտեսությունն այս տարի փորձնական իրականացրել է անտառվերականգնման աշխատանքներ` 10 հա-ի վրա տնկվել են գիհիներ: Եվս 10 հա-ի վրա սկսվել է գիհիների ցանքս: Կպչողականությունը բավականին գոհացուցիչ է` 30-35 տոկոս, ինչը դժվար աճող գիհիների համար բավականին լավ ցուցանիշ է:
Հոկտեմբեր 18, 2010
