

էկոԼուր
«Ես չեմ հասկանում են, թե ինչու են հենց ինձ արդեն երկրորդ անգամ ոստիկանություն կանչում: Կանչում են առանց ծանուցման, առերեսման մասին անհասկանալի նախազգուշացումներով: Տպավորություն կա, որ ոստիկանությունը չգիտի, թե ինչպես ձեւակերպի գործը, ում կանչի, ապօրինի անտառահատման համար ում մեղադրանք առաջադրի»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց «Հրապարակ» թերթի Լոռու մարզի սեփական թղթակից Էդվարդ Արզումանյանը:
Արզումանյանը նշեց, որ ոստիկանությունը կանչերը հիմնավորել է նրանով, որ ՀՀ դատախազությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայից դիմում է ստացել, որտեղ ոստիկանությունը մեղադրվում է սեպտեմբերի 9-ին Գուգարքում անօրինական հատումների փաստի ուսումնասիրման ժամանակ Արզումանյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ այդ օրը Էդվարդ Արզումանյանը Գուգարքի անտառում էր գտնվում ակտիվիստ-էկոլոգների եւ Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի ներկայացուցիչների հետ միասին: Նա թերթին տեղեկատվություն է տվել այն մասին, որ իրականում անտառում հատվել է 116 ծառ (այլ ոչ 11, ինչպես պնդում էր բնապահպանական պետական տեսչությունը): Անտառում հայտնված ոստիկանները պնդել էին, որ լրագրողը հրաժարվեր այդ տեղեկատվությունից եւ ներկայացներ հատված ծառերի պակասեցրած քանակ, այսինքն` բոլոր ցուցանիշներով հոգեբանական ճնշում էր գործադրվել:
Արդեն գիշերը ակտվիստներին փորձել են առերեսման բերել պետական տեսչության եւ անտառային մոնիտորինգի տեղացի ներկայացուցիչների հետ:
Այնուհետեւ արդեն ոստիկանության բոլոր գործողություններն ընթանում են շաբլոնի պես: Գործող գլխավոր անձը դառնում է լրագրողը, ով գրել է հատումների մասին: Հարց` ինչի՞ է ուզում հասնել ոստիկանությունը: Ինչու՞ մարդիկ, ովքեր փորձում են անտառը պաշտպանել անօրինական հատումներից, անհասկանալի կարգավիճակով կանչվում են ոստիկանություն (կարգավիճակը պետք է հստակ լինի ծանուցագրում, որը լրագրողը չի ստացել):
Վերջ ի վերջո, յուրաքանչյուրը թող անի իր գործը. ակտիվիստներն ահազանգում են, լրագրողներ` գրում, ոստիկանությունը փնտրում եւ պատասխանատվության ենթարկում իրավախախտներին: Գլխավորն այն է, որ օրենքի առաջ պատասխան տան իրական մեղավորները, այլ ոչ հասարակ կատարողները, եւ որ իշխանությունների կողմից իրականացվող անտառային քաղաքականությունն անտառը պահպանելու նպատակ հետապնդի, այլ ոչ ընդամենը այն պահպանելու տպավորություն ստեղծի:
Հոկտեմբեր 19, 2010
