436 հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ. Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է 2023թ․ բյուջեի կատարողականը

436 հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ. Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է 2023թ․ բյուջեի կատարողականը

Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը։

Նախարարության ճշտված բյուջեն 2023 թվականին կազմել է 10․6 միլիարդ դրամ։ Միայն պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող միջոցառումների կատարողականը կազմել է 98 %։

Նախարարության ապարատի պահպանության ծախսերը կազմել են 1.2 միլիարդ դրամ։ 10 ՊՈԱԿ-ի տրամադրվել է 4.3 միլիարդ դրամ: Շրջակա միջավայրի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական մուտքերը կազմել են շուրջ 86 միլիոն դրամ։

Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում վերանայվել են հողատարածքների վարձակալական մեկնարկային գները։ Վարձակալությունից մուտքերը «Դիլիջան», «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերի մասով ավելացել են մոտ 20%-ով՝ կազմելով մոտ 273.0 միլիոն դրամ։ «Ազգային պարկերի դեպքում մենք 2023 թվականին նոր 16 պայմանագիր ենք կնքել, որը շուրջ 5․6 միլիարդ դրամի ներդրում է ենթադրում»,- ասաց Հակոբ Սիմիդյանը։

Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ նախարարը նշեց, որ 2023 թվականին թվով 75 կնքված պայմանագրերի արդյունքում տարեկան վարձակալական վճարները կազմել են շուրջ 43.0 միլիոն դրամ, որը 2022 թվականի համեմատ ավելի է շուրջ 41%-ով։

«Շրջակա միջավայրի փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն 2022 թվականի համեմատ 2023 թվականին ավելացել է 56 միլիոն դրամով։ 2024 թվականին ՊՈԱԿ-ի բյուջեն հասել է 250 միլիոնի։ 5 նոր փորձագետ ներգրավելու հնարավորություն ունեն։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջետային հատկացումները կազմել են շուրջ 1,6 մլրդ դրամ: 2023 թվականին Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ձեռք է բերվել 11 նոր ավտոմատ օդերևութաբանական կայան, նաև պետական բյուջեից է գումար տրամադրվել, ձեռք է բերվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան։

Բյուջեից շուրջ 300 միլիոն դրամ է հատկացվել օդի որակի մոնիտորինգի 2 կայան գնելու համար։

«2023 թվականին շուրջ 14 միլիոն դրամ է հատկացվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի կողմից գիտական ուսումնասիրության համար, որի արդյունքում կենդանական աշխարհի մասին ճշգրիտ տվյալներ ենք ունենում, որի արդյունքում էլ, օրինակ, սիգ ձկնատեսակի դեպքում արդյունագործական որսի քվոտան ենք հայտարարում։ 2023 թվականին սահմանվել է 600 տոննայի քվոտա, փաստացի որսվել է 366 տոննա, կնքվել է 15 պայմանագիր, ներգրավվել է 965 ձկնորս», - ասաց նախարարը։ Ըստ նրա՝ սիգի ապօրինի որսի վերաբերյալ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ են տվել՝ մինչև քրեական պատասխանատվություն։ 

««Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման» միջոցառման համար սահմանված է եղել շուրջ 118 միլիոն դրամ։ Մրցույթային գործընթացում հաղթող չենք ունեցել, գումարը վերադարձվել է բյուջե, իսկ «Սևան» ազգային պարկի ուժերով մաքրվել է շուրջ 24 հեկտար տարածք», - ասաց Հայկոբ Սիմիդյանը։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին 2023 թվականին շուրջ 495 միլիոն դրամ է տրամադրվել։ «Հիմնադրամը Սևանի իշխանի վերադարձն է փորձում ապահովել Սևանա լիճ։ 2023 թվականին 231732 հատ գեղարքունի տեսակի մանրաձուկ ենք լցրել Սևան։ Երկու շաբաթ առաջ 87 հազար հատ ամառային իշխան տեսակի մանրաձուկ ենք լցրել։ Նախատեսում ենք աշնանը շուրջ 200 հազար գեղարքունի տեսակ լցնել աշնանը», -ասաց նախարարը։

«Սևանա լճի ափամերձ շենք շինությունների ապամոնտաժման» միջոցառման շրջանակում 6․6 միլիոն դրամ է տրամդրվել, մշակվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ։ 2024 թվականին պլանավորվում է ապօրինի շինությունների ապամոնտաժում։

«Անտառների կառավարում» միջոցառման շրջանակում բյուջեից 2․9 միլիարդ դրամ գումար է հատկացվել։ Անտառային կոմիտեի աշխատակազմի պահպանման ծախսերի համար՝ 303 միլիոն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար՝ 1․3 միլիարդ դրամ, անտառվերականգնման և անտառպաշտպանական աշխատանքների համար՝ 665 միլիոն։ 2023 թվականին շուրջ 436 հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ: Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել է 8 հեկտար տնկարան, իրականացվել է 30 հեկտար տարածքում համապետական ծառատունկ։ «79 հազար խմ թափուկ վառելափայտ ենք տրամադրել մեր անտառների հարակից բնակավայրերում ապրող բնակիչներին։ 487 միլիոն դրամ տրամադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4 անտառտնտեսությունների անտառկառավարման պլանների մշակման աշխատանքների համար», - ասաց Հակոբ Սիմիդյանը։

125 միլիոն դրամ է հատկացվել անտառների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար։ Շուրջ 4120 հեկտար անտառածածկ տարածքներում վնասատուների դեմ պայքար է իրականացվել։ «Առաջին անգամ կենսաբանական տարբերակով իրականացրած պայքար է։ Նախորդիվ քիմիական է եղել։ Սա կարևոր է հենց բնության տեսանկյունից։ 2024 թվականին նախատեսվում է շուրջ 9000 հեկտարի վրա վնասատուների դեմ պայքար»,- ասաց Հակոբ Սիմիդյանը։

Հունիս 07, 2024 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր