

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի անտառային սեկտորի իրավիճակին նվիրված մամլո ասուլիս:Խնդրի վերաբերյալ իրենց կանխատեսումները ներկայացրեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Մամուլի հրապարակումները կարդացեք ստորեւ:
Հասմիկ Սմբատյան, «Ազատություն» ռադիոկայան
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է ապօրինի ծառահատումների նվազում:
«Մոտավորապես 450 հազար ապօրինի հատում է արձանագրվել 1994 թվականին: Այս տարիների ընթացքում, բնականաբար դա աստիճանաբար նվազել է, եւ 2008-9 թվականներին արձանագրված ապօրինի հատումների թիվը ընդամենը կազմում է 2200-2300», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մաթեւոսյանը:
«Հայտանառ»-ի տնօրենի խոսքով, 90-ական թվականներին` պայմանավորված էներգետիկ ճգնաժամով, ապօրինի հատումներից մեծ վնասներ են կրել Լոռու եւ Տավուշի մարզերի անտառային տարածքները, հատկապես մեծ բնակավայրերին հարակից անտառները:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, սակայն, փաստում է, թե 90-ականներին` Հայաստանի տնտեսական բլոկադայի տարիներին, արձանագրվել է տարեկան 500 հազար մետր խորանարդ ծառահատում: Վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալները` բնապահպանը հակադարձում է, թե բլոկադայի տարիների ավարտից հետո ծառահատումների թիվն աճել է: Բնապահպանը պնդում է, թե ապօրինի ծառահատումները արդյունք են գործող կազմակերպված խոշոր բիզնեսի:
Իր հերթին` «Հայանտառի» տնօրենը հավաստիացնում է, թե 2004 թվականից ի վեր կազմակերպված փայտանյութի խոշոր բիզնես Հայաստանում չկա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԵՍԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ, ԴԱ ԱԲՍՈՒՐԴ Է. «ՀԱՅԱՆՏԱՌԻ» ՏՆՕՐԵՆ
Tert.am
«Հայանտառ» ՓԲԸ տնօրեն Մարտուն Մաթևոսյանը չի կիսում բնապահպանների այն մտավախությունը, թե տարիներ անց Հայաստանում անտառածածկ տարածքներ չեն մնա։
«Երբ հայտարարում են, որ Հայաստանի անտառածածկ տարածքները 11 տոկոսից հասցվել են 5 տոկոսի, դա նշանակում է՝ Հայաստանում վերացել է 100-120 հազար հա անտառ։ Դա նշանակում է անտառների կեսը վերացել է, ինչն աբսուրդ է։ Այդ մասին կամ կարող է խոսել մարդը, ով ընդհանրապես անտառ չի մտել, կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք Երևանում նստած խոսում են անտառի մասին՝ առանց անտառ մտնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մաթևոսյանը։
Ըստ նրա՝ անօրինական անատառահատում բոլոր երկրներում էլ միշտ եղել են։ Միայն 20-րդ դարում Հայաստանի անտառները, սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված, երեք անգամ ենթարկվել են զանգվածային հատումների։
Չնայած այսօր հանրապետության շատ անտառամերձ բնակավայրեր գազիֆիկացված են, գրեթե բոլոր այդ բնակավայրերի բնակիչները շարունակում են որպես վառելանյութ օգտագործել անտառի փայտը։ «Եթե հաշվենք, որ ամեն ընտանիք տարեկան 5-6 խմ փայտ է վառում, դա հսկայական թիվ է կազմում։ 2008թ. ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում տարեկան այրվում է մոտ 300-350 հազար խմ փայտ»,- ասաց Մաթևոսյանը։ Ըստ նրա՝ այս թիվն ամբողջությամբ ապօրինի հատումներ չի պարունակում, կան նաև օրինական հատումներ, անտառի թափուկից գոյացած փայտանյութ։
Տարեկան անտառկառավարման պլանով օրինական հատելու համար 35 հազար խմ հատատեղային ֆոնդ է սահմանված, որից 550-600 հազարը որպես շինափայտ է ծառայում։ Ըստ Մաթևոսյանի՝ գերհասուն ծառերը պետք է անպայման հատվեն։ «Վերջերս եվրոպացի լավագույն փորձագետներից մեկը ինձ ասաց՝ դուք հանցագործ եք, ո՞նց կարելի է թողնել էսքան գերհասուն անտառ»,- նշեց «Հայանտառի» տնօրենը՝ հավելելով, որ ինքն աչք չի փակում անօրինական հատումների վրա։
Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ վերջին տարիներին թեև անտառների վիճակը բարելավվել է, բայց խնդիրներ շատ կան։ Ըստ Դանիելյանի՝ կան դեպքեր, երբ անտառային տարածքը արոտավայր է ձևակերպված, հետևաբար բնապահպանները չեն էլ կարողանում ապացուցել, որ այնտեղ հատումներ են ընթանում։ «Գործում է խոշոր բիզնես, որն օգտագործում է անտառը։ Խնդիրն այն է, որ բիզնեսն ընտրում է առողջ, երիտասարդ և ոչ թե գերհասուն ծառեր։ Այդ մասին են վկայում մեր ստացած ահազանգերը»,- ընդգծեց Դանիելյանը։
Ըստ նրա՝ միջազգային փորձագետները նույնպես մտահոգիչ են համարում Հայաստանի անտառների վիճակը։
Նշենք, որ «Հայանտառի» ենթակայությամբ գործում է 345 հազար հա անտառային ֆոնդ, այդ թվում չեն հաշվվում հատուկ պահպանվող տարածքները։
ԱՆՏԱՌԸ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԵՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ
Սոնա Ադամյան, Հրապարակ
«Օրինական անտառհատումները վտանգավոր չեն, որովհետև դրանք անտառի շահից են բխում, սահմանվում են անտառկառավարման նախագծերով և ունեն սանիտարական նշանակություն»,- նշեց Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր «Դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նա ասաց, որ 2010թ. անտառկառավարման պլաններով նախատեսված 35.000 խորանարդ մետր անտառային ֆոնդի 40 տոկոսը սանիտարական հատումներ են, 60 տոկոսը՝ խնամքի հատումներ, որի մեջ կարող են մտնել միանգամայն առողջ գեր հասուն ծառեր. «Վերջերս Գերմանիայից լավագույն անտառագետներից մեկը եկել էր մոնիտորինգի և Ղափանի ճանապարհին ինձ ասաց՝ դուք հանցագործ եք, ինչպես կարելի է թողնել այսքան գեր հասուն անտառ»:
Պարոն Մաթևոսյանի բերած օրինակին «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանն էլ ավելացրեց իր դիտարկումը, թե խնդիրը նրանում է, որ բիզնեսն ընտրում է հենց առողջ ծառերը և ոչ թե գեր հասուն ծառեր, ավելացնելով, որ այդքանից հետո զարմանալի չէ գերմանացի փորձագետի զարմանքը. «Միշտ խոսվում է նրա մասին, որ հիմնական կորուստները եղել են բլոկադայի տարիներին, բայց հետո անտառհատումները սկսել են շարունակվել բիզնեսի տեսքով: Գործում է խոշոր փայտի բիզնես, որը օգտագործում է անտառը իր նպատակների համար»:
Մարտուն Մաթևոսյանը նախ կտրուկ մերժեց, թե Հայաստանում չկա կազմակերպված փայտի բիզնես, բայց հետո էլ անմիջապես հավելեց .«Այնպես չստացվի թե հերքում եմ, որ կա ապօրինի ծառահատումներ, բայց դա կար հիմնականում մինչև 2003-04 թթ.»: Նա նշեց, որ այսօր կազմակերպված ապօրինի հատումների գործընթաց չի գնում, բայց մարզերում կան խմբեր, որոնց կողմից իրականացվում են ապօրինի հատումներ. «Մենք չենք կարող վերահսկողության կետ դնել, բայց մենք դրել ենք փայտի հաշվառման դիտակետեր, որտեղ կստուգվի ամեն մի մեքենայի փաստաթղթերը: Փաստաղութղ չունեցող մեքենան ապօրինի կդիտվի»:
Պարոն Մաթևոսյանը նշեց, որ եթե 1994թ. ապօրինի հատված ծառերի քանակը՝454.233 հատ է եղել, 2003թ-ին՝ 42.236, ապա 2010թ-ին՝2064 հատ, այսինքն 2003թ-ի համեմատ նվազել է ավելի քան 30 անգամ:
Կարինե Դանիելյանն էլ իր պաշտոնական թվերը ներկայացրեց. «Եթե բլոկադայի տարիներին մենք ունեցել ենք տարեկան 500. 000 խորանարդ մ. ծառահատում, ապա 2004թ-ին այն կազմել է 800.000 խորանարդ մ. կորուստ, իսկ 2000-2005թթ. այդ կորուստները աճել են մինուս 1.5 տոկոսով»:
Երկուստեք բերվող պաշտոնական թվերի հակասությունը ստիպեց երկու բանախոսներին էլ համաձայնվել, որ շատ անհասկանալի թվեր ունենք ու սա էլ վիճահարույց այս խնդրի մյուս կարևոր կողմն է:
Մարտուն Մաթևոսյանը նշեց, որ ապօրինի հատումները բնորոշ են բոլոր երկրներին, ու դա մեր անտառային համակարգի լրջագույն խնդիրն է. «Անգամ որոշ տեղերում անտառապահներ էլ չունենք, հսկիչ շրջիկներ ենք պահում,- ասաց նա` ավելորդ չհամարելով նշել անտառապահների աշխատավարձի մասին, որը եթե 2004-ին 5.000 դրամ էր կազմում, ապա այսօր տատանվում է 35-40.000 սահմանում,- ինչը էլի շատ քիչ է, որ նրան հետ պահի անտառահատումներից»,- նշեց Հայանտառի տնօրենը և այսքանից հետո կոչ արեց հասարակությանը չսարսափեցնել անտառհատումների ահագնացող թվերով, այս տարիների ընթացքում նաև շուրջ 30.000 հեկտար անտառ է վերականգնվել:
Կարինե Դանիելյանը օրինակ բերեց վերջերս Հանքավանում 500 հեկտար տարածքի վրա ընթացող ծառահատումների դեպքը, երբ պարզվել է, որ կանգուն անտառը որպես արոտավայր է ձևակերպված: Հետևաբար այս դեպքում հնարավոր էլ չէ ապացուցել, որ այնտեղ հատումներ են գնում:
Մարտուն Մաթևոսյանն էլ արձագանքելով տիկին Դանիելյանի խոսքերին` նշեց, որ ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիրը միայն 55-60մլն. դոլար արժե: Այնուամենայնիվ, նա նշեց, որ «Հայ անտառի» ենթակայության տակ այսօր կա մոտավորապես 345.000 հեկտար անտառային ֆոնդ, մոտավորապես 100.000 էլ գտնվում է Բնապահպանության նախարարության ենթակայության տակ, որոնք ազգային պարկերն են, հատուկ պահպանվող տարածքները:
Հոկտեմբեր 20, 2010
