«Բերկրի». Բնութահեն ու մշակութահեն բիզնեսի հաջողության բանաձևը Ենոքավանում

«Բերկրի». Բնութահեն ու մշակութահեն բիզնեսի հաջողության բանաձևը Ենոքավանում

Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրը զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից է իր հարուստ ու գեղատեսիլ բնության համար։ Անտառներով և ալպիական մարգագետիններով հարուստ այս գյուղը հանգստի կազմակերպման ամենատարբեր ուղղություններն ունի: Այստեղ գործում են ձիարշավարաններ, զիփլայն, կազմակերպվում են քայլարշավներ, կան քարանձավներ, պատմամշակութային կոթողներ: Զարգանում է հյուրատնային բիզնեսը։

Ամուսիններ Զառա Մարգարյանն ու Դավիթ Ավետիսյանը Ենոքավանը զարգացնելու, բնությունը պահպանելու, ավանդական մշակույթի նկատմամբ երիտասարդ սերնդի հետաքրքրությունն արթնացնելու երազանք են ունեցել: Երազանքը դարձրել են նպատակ ու հիմնել սկզբից «Բերկրի» գինեգործության արտադրամասը, որից էլ ծնվել է հյուրատուն կառուցելու գաղափարը:

«Մեր գործունեությունը սկսել ենք 2018թ. գինեգործությամբ: Բերկրին Արևմտյան Հայաստանի գյուղաքաղաքներից է, որտեղ ապրել են ամուսնուս՝ Դավիթի նախապապերը, ովքեր այնտեղ զբաղվել են գինեգործությամբ: Երբ մենք էլ սկսեցինք զբաղվել գինեգործությամբ, որոշեցինք անունը դնել «Բերկրի»՝ ի հիշատակ մեր պապերից փոխանցված ավանդույթների: 

Գինեգործության արտադրամասը

Ենոքավանը դարձել է տուրիստական մեծ կենտրոն, տուրիստների հոսքը վերջին տարիներին կտրուկ շատացել է: 2020թ. որոշեցինք նաև հյուրատնային գործունեությամբ զբաղվել: Սկզբից 4 համար ունեինք: Շուկայի պահանջարկից ելնելով նախորդ տարի ընդլայնեցինք և ևս 4 համարներ ավելացրինք՝ նորարարական լուծումներով, առանձին աշխատանքային տարածքով»,- Էկոլուրին պատմեց Զառա Մարգարյանը:

Հյուրատան ընդլայնումը հնարավոր է դարձել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շնորհիվ, որի աջակցությամբ գործող փոքրիկ հյուրատունը ընդլայնվել է համալրվելով նոր ընդարձակ ընտանեկան սենյակներով, co-working տարածքով, ընդարձակ բացօթյա գաստրո տաղավարով, որտեղ մատուցվում են բացառապես տեղական մթերքներից պատրաստվող ուտեստներ, իրականացվում գաթայի և նազուկի վարպետաց դասեր, կազմակերպվում տարատեսակ համերգներ՝ Ենոքավանում ստեղծելով իվենթ տուրիզմի հարթակ:

Հյուրատան ընդլայնման աշխատանքները

Ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվում նաև շահառուների կարողությունների զարգացմանը, ինչի շրջանակներում Զառան մասնակցել է հյուրընկալության ոլորտի տարբեր դասընթացների, կիրառել գիտելիքները «Բերկրի» գաստրոբակի խթանման և զարգացման գործընթացներում: «Երբ կա աջակցություն, այն քեզ ուժ ու մոտիվացիա է տալիս առաջ գնալու: Դասընթացները բիզնեսը զարգացնելու հմտություններ, նոր հաճախորդներ ներգրավելու գիտելիքներ են տվել ինձ»,- ասաց նա:

Հունիս ամսին էլ Դավիթ Ավետիսյանը LILA ծրագրի շրջանակներում այցելել է Մոլդովա, մասնակցել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի գործընկեր Մոլդովայի ներգնա և ներքին զբոսաշրջության ազգային ասոցիացիայի հետ կազմակերպված փորձի փոխանակմանը, այցելել բազմաթիվ խոշոր և միջին գինեգործարաններ, ծանոթացել Մոլդովայում գինու զբոսաշրջության և գյուղական զբոսաշրջության կազմակերպման հաջողված փորձին, ինչը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու գինու զբոսաշրջության միջազգային փորձին և հաջողված օրինակները Ենոքավանում տեղայնացնելու համար։

Զառա Մարգարյանի խոսքով՝ Ենոքավանում հյուրընկալության ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի: Պարզապես շատերը ռիսկի չեն կարողանում դիմել, մտածում են՝ առաջընթաց չեն ունենա: «Մենք համագյուղացիներին պարբերաբար քաջալերում ենք, որ նույնպես մտնեն այս ոլորտ: Մեր օրինակն ենք բերում»,- ասաց նա: 

Հյուրատան կառուցումն ու հետագա ընդլայնումը նպաստում է նաև գյուղի զարգացմանը: «Բերկրիին» անհրաժեշտ ամբողջ սննդամթերքը գնում են համագյուղացիներից: «Մեր գործունեությունն օգնում է գյուղին. բոլոր աշխատակիցները գյուղից են, ամբողջ սնունդը՝ գյուղական էկոպրոդուկտը, գնում ենք գյուղացիներից, անասնապահությամբ զբաղվող մարդկանցից»,- նշեց Զառա Մարգարյանը:

«Բերկրի» հյուրատան ուղղվածությունն ավանդական մշակույթի պահպանման ու վերականգման տարրեր է պարունակում: Այս հյուրատուն զբոսաշրջիկները գալիս են գինու համտեսի, հայկական ավանդական մշակույթի շուրջ տարբեր վարպետաց դասերի մասնակցելու համար՝ գոբելենագործություն, կարպետագործություն, գաթայի թխում, երեկոյան խարույկի շուրջ թեյախմություններ։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Օգոստոս 05, 2024 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր