

2012թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակեց Անտառների միջազգային օր՝ ընդգծելու բոլոր տեսակի անտառների կարևորությունը և բարձրացնելու իրազեկությունը դրանց դերի մասին։ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։
2025թ. Անտառների միջազգային օրվա կարգախոսն է «Անտառներ և պարեն», որը նպատակ ունի ուշադրություն հրավիրել անտառների կարևոր դերին պարենային անվտանգության, սնուցման և կենսապահովման միջոցների ապահովման գործում, նշված է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պաշտոնական կայքում։ Անտառները ոչ միայն ծառայում են որպես սննդի և վառելիքի աղբյուր, ապահովում են եկամուտ և զբաղվածություն, այլև օգնում են պահպանել հողերի բերրիությունը, ջրային ռեսուրսները և կենսաբազմազանությունը՝ լինելով կարևոր տեսակների կենսամիջավայր։ Անտառներն անհրաժեշտ են անտառօգտագործումից կախված համայնքների, հատկապես բնիկ ժողովուրդների գոյատևման համար և նպաստում են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը՝ ածխածնի կլանման միջոցով։
Անտառները մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու համար։ Դրանք օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն, կենդանական և բուսական աշխարհի ապրելավայրն ու աճելավայրն են։ Անկանոն և ապօրինի անտառահատումները, ինչպես նաև անտառպաշտպանական միջոցառումների անբավարար մակարդակը հանգեցրել են անտառների դեգրադացիայի, տեսակային կազմի անցանկալի փոփոխությունների և անտառների հրդեհավտանգության աստիճանի բարձրացման։
Հայաստանի անտառները
Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր։ Անտառները և անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը ՝ մոտ 460 հազար հեկտար, որից 334.1 հազար հեկտարը անտառածածկ տարածքներ են՝ ըստ 1993թ․ կատարված անտառների վերջին պետական գույքագրման տվյալների։ Անտառային հատումները հանգեցրել են անտառի որակի, տեսակային կազմի փոփոխության։ Հայաստանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում պարտավորվել է մինչև 2030թ-ը ՀՀ անտառածածկը հասցնել 12․9 %-ի, իսկ մինչև 2050թ․՝ 20․1 %-ի։
Մարտ 21, 2025 at 15:21