Մինչև 2030թ․ Հայաստանը նախատեսում է վերականգնել 15 հազար հեկտար դեգրադացված անտառային էկոհամակարգ

Մինչև 2030թ․ Հայաստանը նախատեսում է վերականգնել 15 հազար հեկտար դեգրադացված անտառային էկոհամակարգ

Հայաստանը մինչև 2030թ․ նախատեսում է վերականգնել դեգրադացված անտառային էկոհամակարգերը, ավելացնել անտառածածկ տարածքները և բարձրացնել անտառների դիմակայությունը կլիմայի փոփոխության նկատմամբ։ Այս նպատակներն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում։

Հայաստանի ազգային նպատակներն ու թիրախները մշակվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախների հիման վրա, որոնք նախատեսված են կենսաբազմազանության կորստի դադարեցման, վերականգնման և կայուն օգտագործման համար։

Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը ներառում է 5 նպատակ և 30 թիրախ։

Անտառների առնչությամբ, մասնավորապես 2-րդ թիրախը, որը վերաբերում է դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, նախատեսվում է մինչև 2030թ. առնվազն 15 հազար հեկտար դեգրադացված անտառների վերականգնման աշխատանքների իրականացում։  

10-րդ թիրախով նախատեսված է մինչև 2030թ․ վերականգնել անտառային լանդշաֆտները և բարձրացնել դրանց կլիմայական դիմակայությունը՝ կենսաբազմազանության վրա կլիմայական ազդեցությունները մեղմելու և ածխածնի պահեստավորումը խթանելու նպատակով։

Այս թիրախի շրջանակում նախատեսվում է՝

  • ավելացնել անտառածածկ տարածքները 12․500 հեկտարով
  • խթանել անտառային լանդշաֆտների կլիմայական դիմակայությանն ուղղված անտառկառավարումը
  • նվազեցնել համայնքների վառելափայտի պահանջարկը առնվազն 30 տոկոսով։

«Խթանել կայուն անտառտնտեսությունը և գյուղատնտեսությունը» 12-րդ թիրախով նախատեսված է․

  • ներդնել և գործարկել կայուն անտառկառավարման գլոբալ ցուցիչների և չափորոշիչների համակարգը՝ 2026-2029թթ․,
  • խթանել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հիվանդությունների դեմ պայքարի ոչ քիմիական մեթոդների կիրառումը՝ 2026-2028թթ․։

Շարունակելի

Հուլիս 15, 2026 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր