

ԷկոԼուր
Կանաչ շարժման ակտիվիստների հերթական բախումը կանաչ գոտիները կառուցապատողների հետ տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին: Բնապահպանական լիդերության ճամբարի մասնակիցները Ծաղկաձորում ականատես եղան, թե ինչպես «Վալլետա» հյուրանոցային համալիրի կողքին ծառեր են կտրում: Սկզբում նկատելով նկարահանումը` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ փորձեցին ճնշում գործադրել: «Խցիկդ հեռու պահի, ի՞նչ ես նկարում, ո՞վ է թողել»,- նշված է լրատվամիջոցներին ուղղված Մարիամ Սուխուդյանի գրավոր դիմումում:
Հետո նա գրում է, որ ծառ կտրող հինգ տղամարդկանցից մեկը փորձել է խլել նրա տեսախցիկը: Մարիամը նրան կարգի է հրավիրել եւ պահանջել ցույց տալ ծառահատման թույլտվությունը, որն այդպես էլ չի ներկայացվել: Շուտով հայտնվել է ոստիկանությունը, եւ դեպքի վայրից կազմվել է արձանագրություն:
«Մենք չենք հավատում ոստիկաններին, ովքեր համագործակցում են «Վալլետա» հյուրանոցի տերերի հետ եւ պահանջում ենք անկախ հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին: Հետևելու ենք»,- հայտարարեց Մարիամ Սուխուդյանը: Ակտիվիստների անունից նա դիմում է լրատվամիջոցներին, պաշտոնական անձանց, հասարակությանը, քաղաքացիներին, բնապահպանական պետական տեսչությանը` կոչ անելով փրկել Ծաղկաձորի անտառները: «Նրանցից արդեն ոչինչ չի մնացել, սարերն ու ձորերը մերկացել են, եթե այժմ չկանգնեցնենք կառուցապատողներին, ապա վաղը փրկելու ոչինչ չի մնա»,- կարծում են ակտիվիստները:
Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետք»-ին հայտնել է, որ «Վալլետա» ԱՁ-ի տնօրեն Մանվել Բագրատյանը հատել է կաղնի տեսակի 30 սմ տրամագծով ծառ, որով բնությանը հասցվել է 67.500 դրամի վնաս: Կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանքի որոշում:
Նոյեմբեր 10, 2010
