ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ, ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԾՐԱԳԻՐԸ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՉԻ ԸՆԹԱՆՈՒՄ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ, ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԾՐԱԳԻՐԸ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՉԻ ԸՆԹԱՆՈՒՄ

Կարինե Իոնեսյան, ԱրմենիաՆաու

Տեխնիկական և մարդկային ռեսուրսների սակավության պատճառով Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անտառահատումների դեմ ուղղված ծրագիրը երկու տարվա ընթացքում նախատեսված 60-70 տոկոսի փոխարեն միայն 34 տոկոսով է իրականացվել:

2008 թ.-ից Համաշխարհային բանկը տրամադրել է 395 հազար դոլար դրամաշնորհ, որով երեք տարի գործելու համար ստեղծվել է Հայաստանում բնույթով եզակի մոնիթորինգի խումբ` ՀՀ անտառածածկ տարածքներն ուսումնասիրելու, ապօրինի ծառահատումներն արձանագրելու, փայտանյութի օգտագործման վերահսկողության նպատակներով:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն անհանգստանում է, որ ծրագրի իրավասությունը ստանձնած ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի կարողանա մեկ տարվա ընթացքում իրականացնել այն:

Գյուղնախարարության աշխատակիցները նշում են, որ չունեն անգլերեն իմացող համապատասխան մասնագետներ, չկա տեխնիկական զինվածություն, որին Համաշխարհային բանկի աշխատակիցները լուրջ չեն վերաբերվում:

«Իմաստը հենց այն էր, որ նախարարությունն իրականացներ ծրագիրը, բայց մենք չենք տեսնում մեծ կամք նրանց կողմից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սարգսյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը «ԱրմենիաՆաուին» հասվաստիացրեց, որ իրենք ծրագիրն անպայման ավարտին կհասցնեն:

Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության կայքի տվյալների` Հայաստանի անտառածածկ տարածքը պաշտոնական տվյալներով 11,2 տոկոս է, իսկ տիեզերքից կատարված հետազոտություններով` 2006 թ. Հայաստանի անտառածածակ տարածքը` 7-8 տոկոս է:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է «ԶԱՐՄԱՆԱԼԻ» ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Կարինե Քալանթարյան, «Ազատություն» ռադիոկայան


Անտառածածկ տարածքներում արդյունավետ մոնիտորինգ անցկացնելու, նոր համակարգ ներդնելու, ապօրինի անտառահատման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին հատկացված 395 հազար դոլարի դրամաշնորհից միայն 34 տոկոսն է ծախսվել:

Դրամաշնորհը հատկացվել է 2008 թվականի հոկտեմբերին, եւ ծրագիրը պետք է ավարտվի 2011-ի հոկտեմբերին: Դրամաշնորհի կառավարումը հանձնարարված է գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչությանը:

Համաշխարհային բանկի կայուն զարգացման բաժնի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հատկացված գումարը երկար ժամանակ չի ծախսվել` «զարմանալի» պատճառով:

«Պատկերացրեք` մենք աշխատում ենք մի համակարգի հետ, որը երբեք այդպիսի ծրագրեր չի իրականացնել, անգլերեն խոսող մարդիկ չկան, համակարգիչը դեռ նոր է մտնում կիրառության մեջ», - նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ անգլերենի եւ համակարգչային գիտելիքների բացակայությունը, փաստորեն, խոչընդոտել է ծրագրի իրականացմանը:

Գործընթացը ձգձգվել է նաեւ գյուղնախարարությունում կադրային փոփոխությունների պատճառով: Բացի այդ, Արտավազդ Հակոբյանի խոսքով, վարչության աշխատակիցները նաեւ ցանկություն չունեն 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալով` լրացուցիչ բեռ վերցնել իրենց վրա:

Գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության ղեկավար Եղիշե Ջհանգիրյանը նախ պարզաբանեց, որ իրենց մոտ քաղծառայողներ են աշխատում, եւ իրենց մոտ անգլերենին տիրապետողներ չկան, որովհետեւ նախատեսված չէ, որ վարչության աշխատակիցները պետք է անգլերենին տիրապետեն:

Բացի այդ, Ջհանգիրյանի խոսքով, վարչության աշխատակիցները` «լրացուցիչ բեռը վերցրել են այդ քիչ վարձատրությունով հանդերձ, եւ արել են այնքան, ինչքան որ կարողացել են»:

Համաշխարհային բանկի ներկայացուցչի պարզաբանմամբ, դրամաշնորհը պետք է օգտագործվեր անտառահատման դեմ մոնիտորինգի համակարգի բարելավման, փայտանյութի տեղաշարժի համակարգի ներդրման` փայտանյութի բացթողման վերահսկողության էլեկտրոնային համակարգի կիրառմամբ, եւ հանրային իրազեկման համար:

Նոյեմբեր 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր