

Արմինֆո
Անտառապատ տարածքները գնահատելիս Հայաստանն աչքի է ընկել չափազանց մեծ լավատեսությամբ:
«Գրեթե բոլոր երկրներում կա գնահատականների տարբերություն ՆԱՍԱ-ի տեղեկությունների հետ, սակայն մեր երկիրն աչքի է ընկել առանձնակի լավատեսությամբ»,- հայտարարել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հունվարի 24-ին` Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա հեռուստակամրջի ընթացքում: Ավելի վաղ էկոլոգները նշել էին, թե պաշտոնական տվյալները, որոնց համաձայն, Հայաստանի անտառապատ տարածքները կազմում են 11 տոկոս, իրականությանը չեն համապատասխանում: Տիեզերքից նկարահանումների համաձայն, 2001 թվականին հանրապետության անտառային զանգվածները կազմել են 8 տոկոս, իսկ 2006 թվականին` արդեն 7.9 տոկոս: Հիշեցնենք, որ նման տարբերությունները հագեցրել էին այն բանին, որ 2010 թվականին փոփոխություն էր կատարվել Հայաստանի կողմից «ՄԱԿ հազարամյակի նպատակների» իրագործման վերաբերյալ զեկույցում:
2011-Ը` ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԸ, ՄՈՍԿՎԱՆ, ԿԻԵՎՆ ՈՒ ԱՍՏԱՆԱՆ
Panorama.am
2011-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտարարել է անտառների պահպանության տարի: Այս առիթով Նյու-Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանը: Այն մեկնարկեց հունվարի 24-ին ու շարունակվելու է մինչև փետրվարի 4-ը:
Մասնագետները հատկապես նշում են, որ անտառները ոչ միայն մաքուր օդի ու կենսաբազմազանության աղբյուր են, դրանք մարդկանց սնունդ, վառելիք ու օթևան են տալիս, մոլորակի կլիմայի ձևավորման հարցում հսկայական դեր են խաղում:
Անտառների պահպանության տարվա մեկնարկի օրը, մասնագետները անտառի խնդիրների մասին խոսեցին Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջի ժամանակ: Ռուսաստանի ներկայացուցիչ ՌԴ Անտառային տնտեսության դաշնային գործակալության Անտառների օգտագործման և վերարտադրության վարչության պետ Ալեքսանդր Մարինը նշեց, որ այս տարվա ընթացքում պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել անտառների պահպանության խնդրին: Նրանք խոսեցին անտառների պահպանության հարցում իրենց երկրներին բնորոշ խնդիրների մասին:
Հայաստանի ներկայացուցիչ «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում, հաշվի առնելով տնտեսական ու մի քանի այլ գործոններ, երկրի անտառհատվածները զգալիորեն տուժել են:
«2005 թվականից սկսած արդեն այս ոլորտի համար ներդրումների թիվն ավելացել է ու շուրջ 3 հազար հեկտար նոր անտառներ ենք տնկել: Քանի որ անտառային ոլորտում տեխնիկական հագեցվածությունն այնքան էլ բարձր չէ, ու այս տարիների ընթացքում ներդրումները նույնպես շատ չեն եղել, դրա համար էլ կարելի է ասել, որ ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները»,-ասաց Ռ. Պետրոսյանը:
«Հայանտառ»-ի ներկայացուցիչը նշեց, որ այս տարի շարունակվելու է անտառվերականգնման ծրագիրը, WWF-ի ծրագրի համաձայն, շուրջ 150 հա տարածություն նոր անտառ է տնկվելու:
Անդրադառնալով աշխարհի շատ երկրներում 2010-ին գրանցված անտառային հրդեհներին, Ռ. Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը նույնպես չկարողացավ դրանից զերծ մնալ: Չնայած նրան, որ ամառվա ընթացքում հնարավոր եղավ զերծ մնալ հրդեհներից, այնուամենայնիվ, պատասխանատուն նշեց, որ աշնան վերջին, նաև ձմռանը, մասնավորապես դեկտեմբերի վերջին, շուրջ 800 հա անտառային տարածք է այրվել:
Հունվար 25, 2011
