ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉՓՈԽՎԻ, ԱՊԱ ԱՆՏԱՌԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ

ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉՓՈԽՎԻ, ԱՊԱ ԱՆՏԱՌԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ

Շարունակվող զանգվածային ծառահատումների հարցը բարձրացվեց «Արմատ» ակումբում` փետրվարի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ: Ստորեւ կարդացեք նյութերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵՎՆԻՆԵՐ ՀԱՏԵԼՈՒ ԱՊՕՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵ՞Լ
NEWS.am


Ամանորի նախօրեին Հայաստանի բնապահպանության նախարարությունը եղեւնիներ հատելու ապօրինի թույլտվություններ է տվել։ Այդ մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ փշատերեւ ծառերի հատումը տոնական նպատակներով Հայաստանում արգելվել է 2003 թ.՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հրամանով։ Սակայն ներկայիս նախարար Արամ Հարությունյանն այդ արգելքը հանել է, եւ սոճիների ու եղեւնիների հատման թույլտվություններ է տվել անգամ Սեւանի Ազգային պարկի տարածքում։

Բնապահպանության նախարարությունն ավելի հեռու է գնացել։ Նախարարի թույլտվությամբ եղեւնիներ են հատվել «Հայաստանի անտառներ» հ/կ-ին պատկանող հատուկ պահպանվող տարածքից։ Այնուհետ այդ եղեւնիները վաճառքի են հանվել Կոմիտաս փողոցում՝ միանգամայն օրինական հիմքերով։

«Այդ տնկարանը ստեղծեցինք մեր սեփական ուժերով։ Կանադայից ներմուծեցինք աֆղանական սոճիներ, որ արագ աճում են, 3 տարում հասնում են 1,5 մետր բարձրության։ Ի՞նչ իրավունք ուներ նախարարությունն այդ ծառերը հատելու թույլտվություն տար»,- ասաց Ն. Վարդանյանը։ Իսկ ծառերը, պարզվում է, նախատեսված էին դպրոցներին ու մանկապարտեզներին տրամադրելու համար։ «Արկղներով, հողով տրամադրում ենք դպրոցներին ու մանկապարտեզներին, որպեսզի երեխաները եւ բնական տոնածառ ունենան, եւ ծառերի մասին հոգ տանել սովորեն»,- ասաց Ն. Վարդանյանը։

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց նման թույլտվությունների փաստը։ «Կտրելու ենթակա փշատերեւները գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ են, մեր տրամադրության տակ միայն հատուկ պահպանվող տարածքներն են, որտեղ նման հատումներն արգելվում են։ Գուցե գիտական նպատակներով մի քանի ծառ հատելու թույլտվություն տված լինենք, բայց ոչ ավելի»,- ասաց Ա. Պեպանյանը։

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐ. ՋԵՐՄՈՒԿԻ ՊՈՒՐԱԿԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵԶԻ ԿԱԶԻՆՈ ԿԱՌՈՒՑԵՆ
NEWS.am


50 տարի առաջ հիմնադրված Ջերմուկի հայտնի պուրակը հայտնվել է վտանգի առջեւ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին լրագրողներին տեղեկացրին բնապահպաններ Նազելի Վարդանյանն ու Ինգա Զառաֆյանը։

Պուրակը կարեւոր դեր ունի առողջարանային այդ քաղաքի էկոհամակարգի համար՝ գտնվելով ծովի մակերեւույթից 2700 մետր բարձրության վրա՝ Ջերմուկը թթվածնի պակասի խնդիր ունի։

Այգում մեծ թափով իրականացվել են ծառահատումներ։ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը ծառերի անկումը մեկնաբանել է քամիներով եւ տեղումներով, սակայն բնապահպանները եւ տեղացիները պնդում են, որ քաղաքում շատ ուժեղ քամիներ եւ չափից ավելի տեղումներ չեն եղել։

Իրականում, ըստ Ն. Վարդանյանի, պուրակը հատվում է կազինո կամ նման բան կառուցելու համար։

Պուրակը նախկինում զբաղեցրել է 17 հա, այնտեղ 187 տեսակի ծառեր կան։ Վերջին տվյալներով՝ այգուց արդեն խլվել է 5 հա տարածք։

Հատկանշական է, որ բնապահպանության պետական տեսչությունը այգուն հասցված վնասը գնահատել է 370 հազ. դրամ։ Ն. Վարդանյանն ասում է, որ դա արվել է միտումնավոր՝ եթե վնասի չափը գերազանցի 400 հազ, դրամը, ապա պետք է քրեական գործ հարուցվի։ «Այսօր հանրապետության բոլոր անտառներում անտառապահների դեմ դատական գործեր են բացված։ Բայց երբ գործը հասնում է խոշոր բիզնեսին՝ մեղմ պատասխանատվությամբ են գրում»,- ասաց Ն. Վարդանյանը։

ԵԹԵ ԳԱԶԸ ԴԱՐՁՅԱԼ ԹԱՆԿԱՆԱ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԿԿՈՐՑՆԵՆՔ
Tert.am

Հայաստանում ապօրինի անտառահատումները շարունակում են. օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ մարդիկ դարձյալ սկսել են շատ փայտ վառել։ Այս մասին այսօվա ասուլիսում ահազանգեց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի համար առաջին բնապահպանական խնդիրը ծառահատումներն են։ «Կորցնելով անտառը՝ կորցնում ենք մեր երկիրը, մեր ջրերը, մեր հողը։ Պետք է պետական մարմինները և հասարակությունը ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- ընդգծեց նա։

Բնապահպանի ներկայացրած տվյալներով՝ օրինակ 2003թ.-ին Հայաստանում 800 հազար խմ ապօրինի հատում է գրանցվել, այն դեպքում, երբ ընդամենը 50-60 հազար խմ-ի թույլտվություն է եղել։ Ապօրինի հատումներ, ըստ Նազելի Վարդանյանի, շարունակվում են մինչ օրս։ «Այս տարվա համար 35 հազար խմ սանիտարական հատման թույլտվություն է կառավարության կողմից տրվել։ Սակայն, եթե հաշվենք, որ յուրաքանչյուր գյուղական ընտանիք ձմռան ամիսներին 10-15 խմ փայտ է վառում, պատկերացրեք, թե այդ թիվն ուր կհասնի»,- ահազանգեց բնապահպանը։

Ըստ նրա՝ գազի սակագնի բարձրացման հետևանքով նույնիսկ գազի կաթսաներ ունեցող ընտանիքներն են սկսել ձմռանը փայտ վառել։ Դա նշանակում է, որ հաջորդ ձմռանը փայտի պահանջարկը դարձյալ մեծ է լինելու։ Բնապահպանները ՀՀ կառավարությանն առաջարկում են այս տարի աշնանը մշակել «Ձմեռ» ծրագիր և դրա շրջանակներում կանխարգելել ծառահատումները։ «Եթե այս տարի դարձյալ գազը թանկանա, մենք ընդհանրապես մեր անտառները կկորցնենք»,- ընդգծեց նա։

Պետությանն առաջարկվում է նաև անտառային տնտեսությոններին մոտ գտնվող և սահմանամերձ գյուղերին էժան գնով վառելափայտ վաճառել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի փրկել անտառը։

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն այսօր թերի է կատարում իր պարտականությունները։

Ըստ նրա՝ տեսչությունն ահազանգ ստանալուց հետո է միայն գնում դեպքի վայր։ Սակայն նախօրոք կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում։

ՋԵՐՄՈՒԿԻ 50-ԱՄՅԱ ԱՅԳԻՆ ԶԱՎԹՎՈՒՄ Է. ԱՀԱԶԱՆԳ
Tert.am


Բնապահպաններ Նազելի Վարդանյանն ու Ինգա Զարաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Ջերմուկի քաղաքային այգում կատարված ծառահատումներին։ Ջերմուկի քաղաքացիներից ստացված ահազանգի համաձայն՝ 17 հա տարածք ունեցող այգին գնալով «փոքրանում» է. այգու տարածքն այսօր կազմում է 12 հա։

Հիշեցնենք, որ այգում կատարված ծառահատումների մասին ահազանգը հնչեց նախորդ տարեվերջին։ Ըստ բնապահպանական պետական տեսչության տեղեկատվության` Ջերմուկի քաղաքային զբոսայգում հատվել է 124 ծառ, որոնցից 108-ը ջարդվել են կամ վնասվել փոթորկից: Միայն 16 բարդիների համար է սահմանվել 370 500 դրամի չափով տուգանք։ Թեև Ջերմուկի քաղաքապետը հայտարարել է, որ դրանք քամատապալ ծառեր են, սակայն բնապահպանները նշում են, որ հատվել են առողջ ծառեր։ Ջերմուկի բնակիչները նույնպես այդ կարծիքին են։ Նրանք բնապահպաններին հայտնել են, որ քաղաքում ուժեղ քամիներ չեն եղել, ինչը կարող էր ծառերի տապալման պատճառ հանդիսանալ։ Ըստ բնապահպանների՝ իրականում այգու կենտրոնական մասում շինարարութուն է ընթանում, այգին զավթվում է։

Նրանք ընդգծեցին, որ այգում 187 տեսակի ծառ կա, և դրանց հատումը մեծ վնաս կհասցնի կենսաբազմազանությանը։

Բնապահպաններն անհանգստացած նշեցին. «Այդկերպ մենք կորցրինք Երևանի, Ծաղկաձորի կանաչ տարածքները, այժմ հերթը հասել է միջազգային զբասաշրջային վայր համարվող Ջերմուկին»։

ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է ՋԵՐՄՈՒԿԻ ԱՅԳՈՒ ԶԱՎԹՈՒՄԸ
Aysor.am


«Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ջերմուկի քաղաքային այգում վերջին շրջանում իրականացված ծառահատումների մասին, և նշեց, որ ահազանգին ի պատասխան Ջերմուկի քաղաքապետը տեղեկացրել էր, որ տարածքում եղել են քամատապալ ծառեր` բարդիներ, եղևնիներ, որը, ըստ բանախոսի, իրականությանը չի համապատասխանում:

Նազելի Վարդանյանը շեշտեց, որ նկատվում է այգու տարածքի փոքրացում` այգին եղել 17 հա, այժմ գրում են 12 հա-ի մասին միայն. «Արդեն սկսվել է այգու զավթումը, կենտրոնում մեծ շինարարություն է գնում, ահագին ծառ հատվել է»:

Իրավաբանի խոսքերով` Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2 100 և ավելի մ բարձրության վրա, որտեղ թթվածնի խնդիր է լինում, իսկ անտառների պակասը պարզապես կհանգեցնի թթվածնի պակասի` իր բոլոր հետևանքներով:

Բնապահպանական տեսչությունը միանգամից արձագանել էր ծառահատման ահազանգերին և, բանախոսի հավաստմամբ, վնասը գնահատել 370 հազար դրամ:

Այստեղ իրավաբանը միտում է տեսնում, քանի որ 400 հազար դրամից ավելի գնահատված վնասի դեպքում անհատը ենթարկվում է քրեական պատասխանատվության:

«Այնտեղ, որտեղ անտառապետն է մեղավոր լինում կամ կարողանում են մեղքը բարդել անտառապետի վրա, միանգամից 400 հազարից ավելի է գրվում, իսկ որտեղ պետական այրերն են` գրում են 400 հազարից ավելի քիչ, որ վարչական կամ ավելի մեղմ պատասխանատվության ենթարկեն կամ ընդհանրապես պատասխանատվությունից խուսափեն»,- ընդգծեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահը:
 
Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԸ` ԿԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Aysor.am


«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի անտառների շուրջ ստեղծված իրավիճակից, և նշեց, որ անտառները կատարում են հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայի կարգավորիչ դեր:

Բանախոսը համոզմունք հայտնեց, որ կորցնելով անտառները` կկորցնենք մեր հայրենիքը, քանի որ անտառահատումները բերում են հումուսային շերտի, ջրերի կորստի և տարածքը վերածվում է անապատի, իսկ այդ գործընթացները երբեմն անդառնալի են լինում:

Իրավաբանը նշեց, որ առաջարկել են 5-10 տարով դադարեցնել Հայաստանում անտառային սանիտարական հատումները, սակայն դեռևս ոչ մի քայլ այս ուղղությամբ չի արվել:

«Ապօրինի ծառահատումները շարունակվում են մինչ օրս: Հատումները ունեն և՛ սյուբեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Այսօր սանիտարական հատումների պլանից 10 անգամ ավելի հատումներ են տեղի ունենում»,- շեշտեց Նազելի Վարդանյանը:

Օբյեկտիվ պատճառներից իրավաբանը նշեց գազի թանկացումը, որն էլ հանգեցրեց համատարած ծառահատումների և վառելափայտի օգտագործման:

Այն, որ այս տարի ևս գազը թանկանալու է, «Հայաստանի անտառներ» հ/կ-ի ղեկավարի կարծիքով, կհանգեցնի զանգվածային ծառահատումների, իսկ անտառը, եթե սահմանվածից ավելի ծառերի կորուստ է ունենում` չի վերակագնվում:

Որպես սուբյեկտիվ պատճառ` բանախոսը նշեց սանիտարական հատումները:

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ԱրմԻնֆո


Բնապահպանական տեսչությունը չի կարողանում կատարել իր վրա դրված պարտականությունները, այսօր մամլո ասուլիսի ժամանակ նշել է «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը:
 
Նա ուշադրությունը հրավիրել է Ջերմուկ առողջարանային քաղաքի պուրակում սկանդալային պատմության վրա, որտեղ բնապահպանների և տեղի բնակիչների տեղեկատվությամբ, զանգվածային ծառահատումներ են տեղի ունենում: Սակայն, Բնապահպանական տեսչությունը 370500 դրամի տուգանք նշանակել միայն 16 բարդու համար: Նման համեստ թիվը, Վարդանյանի կարծիքով, պատահական չէ, քանի որ եթե տուգանքը չի գերազանցում 400 հազար դրամը, ապօրինի ծառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվում: «Մենք ականատես ենք լինում տարօրիակ պատմության, եթե խախտումներ են հայտնաբերվում անտառներում, Տեսչությունը գործ է հարուցում  անտառապետերի և գյուղական բնակիչների նկատմամբ, բայց եթե ծառահատումների հետևում կանգնած  են պետական պաշտոնյաները, ապա սահմանափակվում է միայն վարչական տուգանքներով»,-նշել է նա:
 
Վարդանյանը նշել է, որ բնապահպաններն անընդունելի են համարում Ջերմուկի պուրակում ստեղծված իրավիճակը: «Մեզ ասում են, որ ծառահատումներ պուրակում չեն իրականացվում, պարզապես քամին տապալել է 10-15 ծառ: Սակայն, ականատեսները հակառակն են պնդում. պուրակի կենտրոնում տեղի են ունենում զանգվածային ծառահատումներ, և ժամանցի օբյեկտ է կառուցվում»,- հաղորդել է նա: Վարդանյանը մատնանշել է ևս մեկ հանգամանք. պաշտոնական մակարդակով արդեն հայտարարվում է այն մասին, որ պուրակի տարածքը կազմում է ոչ թե 17 հա, այլ 12: «Մեզ դա չի կարող չմտահոգել: Պուրակը կարեւոր դեր ունի առողջարանային այդ քաղաքի էկոհամակարգի համար.  քաղաքը գտնվում է ծովի մակերեւույթից 2700 մետր բարձրության վրա, և կանաչ տարածքների կրճատումը կհանգեցնի օդում թթվածնի պակասի»,- ընդգծել է Վարդանյանը:

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ
ԱրմԻնֆո


Անտառամերձ բնակավայրերի բնակիչների համար գազի գների իջեցումը կնվազեցնի ապօրինի ծառահատումների մասշտաբները: Այդ մասին այօսր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը:

Նա նշել է, որ նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով մեկ գյուղական ընտանիքը, որպես վառելիք,  օգտագործում է տարեկան 10-15 խմ բնափայտ:«ՙԲնապահպանների գնահատականներով, միայն Տավուշում 15 հազար ընտանիք տները տաքացնում է վառելափայտով: Այդպիսով`արդյունքում այդ 15 խմ բնափայտը վերածվում է հսկայական թվի»,- նշել է  Վարդանյանը: Նա ընդգծել է, որ բնապահպաններն առաջին ամիսը չէ, որ առաջարկում են անտառամերձ գյուղերի համար սահմանել գազի ֆիքսված գներ: «Գազի գները բարձրանում են տարեցտարի, այնպես որ`շատերի համար գազն արդեն շքեղություն է դարձել: Կան ընտանիքներ, որոնք չեն կարողանում նման հաշիվներ վճարել, այդ պատճառով վերադառնում են վառելափայտի վառարաններին»,- ասել է Վարդանյանը:
 
Միաժամանակ, նրա խոսքով, ապօրինի ծառահատումները պետք չէ դիտարկել միայն որպես սոցիալական խնդիր, առավել ևս`որ ծառեր են հատվում արդեն արգելավայրերում և Ազգային պարկերում: «Հայաստանում դա մեծ գումարներ բերող բիզնես է»,- ընդգծել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա նշել է, որ անտառահատումների նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացվում, իսկ Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում միայն բնապահպանների և ԶԼՄ-ների ահազանգերից հետո: Ոչ պակաս տարօրինակ է սանիտարական հատման քվոտաների հետ կապված իրավիճակը, չէ որ Հայաստանի անտառների պաշտոնական ինվենտարիզացիա մինչ այժմ չի կատարվել: «Այդպիսով`միանգամայն անհասկանալի է, թե ինչ թվերից ելնելով են նշանակվում այդ քվոտաները»,-նշել է Զարաֆյանը:

ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ
Lragir.am


Անդրադառնալով Ջերմուկի քաղաքային զբոսայգում զանգվածային ծառահատումներին (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգում է անցկացրել, ըստ որի` հատվել է 124 ծառ, 108-ը ջարդվել են կամ վնասվել փոթորկից: 370 500 դրամ տուգանք նշանակվել է միայն 16 բարդիների համար), Հայաստանի անտառներ ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը նշել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մեծ տեղումներ անցյալ տարի Ջերմուկում չեն եղել: Բացի այդ, ամբողջ սեզոնին Ձերմուկի այգին մաքուր է եղել և ընդհանրապես այդպիսի թափված և կտրված ծառեր չեն եղել, ընդամենը 10-15 ծառ, որոնք իրոք քամուց ընկել են, մնացածը հատվել են: Բացի այդ,  Ջերմուկից ուղարկված  լուսանկարներում ակնհայտ երևում է, որ հատվածը առողջ ծառեր են: Նազելի Վարդանյանը ասել է, որ այնտեղ այգու տարածքի փոքրացում է  նկատվում. նախկինում այգին 17 հեկտար է եղել, այնինչ այսօր գրում են`12 հեկտար:
 
Նա նաեւ ասել է, որ այդ անտառը ճահճի վրա է գտնվում, և քանի որ Ջերմուկը գտվում է 2100 մետրից բարձր, տեղում թթվածնի պակաս կա, առանց կանաչ գոտու, առանց թթվածնի լրացուցիչ աղբյուրի` այն չէր կարող համարվել միջազգային առողջարան: «Այսօր տեղում արդեն դրենաժներ են արվել, այգու զավթումն արդեն սկսվել է, կենտրոնական մասում մեծ շինարարություն է, կազինո թե հյուրանոց  են կառուցում», ասել է բանախոսը` նշելով, որ մենք այսպես կորցնում ենք մեր անտառները: Նորքի անտառն այսօր արդեն անվերականգնելի է,  օղակաձեւ այգի չունենք, մոնումենտ չունենք, Հրազդանի կիրճը, Ծաղակաձորը այդ վիճակում են:

Փետրվար 03, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր