

Aysor.am
Հայաստանում մեկնարկում է «Կանաչների շարժում» անունը կրող ծրագիրը` ուղղված հայրենի բնության վերականգնմանը, հանրապետության անտառածածկ տարածքներում ծառատունկերի իրականացմանը, ինչպես նաև` այդ բոլոր աշխատանքներին դպրոցականների ներգրավմանը: Փետրվարի 9-ին այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:
Նրա խոսքերով` ծրագրի շրջանակներում կհամագործակցեն բնապահպանության, կրթության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարությունների և այլ գերատեսչությունների, ինչպես նաև` դպրոցների հետ:
Բանախոսը նաև նշեց, որ գյուղի երբեմնի ծառաշատ ճանապարհներն այլևս այդպիսին չեն, կանաչազուրկ են թե' գյուղերի, թե' քաղաքների դպրոցների շրջակայքը. կանաչապատման աշխատանքները կսկսվեն հենց դպրոցներից:
Նախաձեռնողները հույս ունեն, որ «Կանաչների շարժումը» մասսայական կդառնա և այդ գործընթացի մեջ կընդգրկվի հասարակությունը և հատկապես մատաղ սերունդը:
«Կստեղծենք այս աշխատանքները համակարգող խորհուրդ»,- ընդգծեց Կորյուն Առաքելյանը:
«ԵԹԵ ԱՅՍՔԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԼԻՆԵԻՆ, ԱՊԱ ՇԱՐԺՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԱՌԱՋԱՆԱ»
Ինգա Մարտինյան, Հետք
Անտառները փրկելու շարժումներ են առաջարկում
Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը եւ «Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը զրուցում էին հայաստանյան անտառների վերաբերյալ եւ առաջարկում այլընտրանքային ծրագրեր:
Տարբեր տարիներին հանրապետությունում բնապահպանական շարժումներ են եղել, որոնք իրենց արդյունքներն են տվել: Այժմ պատրաստվում են սկսել «Կանաչների շարժում», որին կմասնակցեն սրտացավ եւ շահագրգիռ անհատներ, կազմակերպություններ: «Խնդիրն այն է, որ մեր կանաչ տարածքները պակասել եւ պակասում են, իսկ կանաչ տարածքները մեր թոքերն են, մեր շնչառությունը: Փաստորեն, մենք փակել ենք մեր թոքերը եւ դժվարացել է մեր շնչառությունը»,- ասում է Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:
Շարժման միջոցով ուզում են մասսայականություն հաղորդել խնդրին, որպեսզի թե երիտասարդությունը, թե դպրոցականները զբաղվեն դրանով: Պետական մարմիններիից մասնակցություն են ակնկալում տարածքային կառավարման, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններից, «Հայանտառից» եւ հարակից կազմակերպություններից, կոմիտեներից, վարչություններից: «Եթե այսքան թերացումներ չլինեին, ապա շարժման անհրաժեշտությունը չէր առաջանալու: Դա կհուշի նրանց, որ իրենք գործընթացը ավելի կենտրոնացնեն, համակարգեն»,- նշում է Կորյուն Առաքելյանը:
Ծրագրել են նախ Կառավարությանը կից ստեղծել աշխատանքները համակարգող խորհուրդ, որտեղ կընդգրկվեն իրենք: Ծրագրի շրջանակներում մտադիր են ստեղծել պուրակներ, ծառուղիներ: Աշխատանքները կսկսվեն հենց դպրոցների բակերից, քանի որ դպրոցների շրջակայքը, անգամ գյուղերում, բավականին չոր է: Գործընթացը խթանելու համար ծրագրում են կազմակերպել մրցույթներ, թե որ փողոցը, որ պատշգամբն է ամենականաչապատը:
«Այս ամենը կխթանի դպրոցականների եւ երիտասարդների հետաքրքրությունը բնության հանդեպ, նրանք ավելի սրտացավ կլինեն, կսկսեն ծառեր տնկել, խնամել եւ գնահատել բնությունը»,- ասում է Առաքելյանը:
Ըստ վերջին վիճակագրական տվյալների` մեր վարելահողերի 38 տոկոսը չեն մշակվել, այն դեպքում, երբ Հայաստանը բավականին սակավահող պետություն է: Պլանավորել են նաեւ մի քանի 100 հա անտառներ հիմնել: «Կապված գազի թանկացման հետ` ակտիվացել են անտառահատումները, եւ եթե այս պրոցեսների դեմը չառնենք, վատ արդյունքներ կունենանք: Այսօր անտառներում ունենք փայտի տեսակներ, ծառեր, որոնք գրանցված են «Կարմիր գրքում» եւ վտանգի տակ են»,- նշում է հանձնաժողովի նախագահը: Շարժման միջոցով երեխաները կսկսեն այդպիսի ոչնչացման եզրին գտնվող տեսակներ աճեցնել, կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել:
«Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը տնտեսական ուղղվածության ծրագիր է առաջարկում:
Ծրագիրը նախատեսում է ամենաքիչը 6000 աշխատատեղ: Ծրագրի մեջ ներառված են բազմաթիվ դրույթներ, օրինակ` փայտանյութի մշակում առանց թափոնների, ուտելի բույսերի եւ դեղաբույսերի կենտրոնացված հավաքում, իրացում, համակցված կերի արտադրություն, քիչ հանդիպող դեկորատիվ ծառերի եւ տնկարանների հիմնում, հատուկ կազմակերպությունների համար սննդի բոլոր տեսակների ապահովում, էկոտուրիզմ, բուսական եւ կենդանական աշխարհի փորք արգելանոցների հիմնում, անասնաբուծություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, մեղվաբուծություն եւ այլն:
Առաջարկում են լեգալ դարձնել անտառից փայտ բերելը, քանի որ ոչ պրոֆեսիոնալները հատման ժամանակ բավական վնասներ են տալիս թե անտառին, թե իրենց: «Այսօր վիճակը այնպես է, որ սանիտարական հատման է ենթարկվում ոչ թե այն ծառը, որը պետք է, այլ այն, որը շահեկան վիճակ կստեղծի, արդյունքում երկուսն էլ փչանում են»,- ասում է Ռուբեն Շախկյանը:
Ծրագրով առաջարկվում է կանոնակարգել եւ մինիմալի հասցնել մարդու չարչարանքները, օրինակ`երբ մարդ գնում է անտառ, չիչխան է քաղում, բերում, այդ դեպքում նրան տանեն մեքենայով եւ բերեն, որպեսզի մարդը միայն քաղելու գործը կատարի: Դա, ըստ Ռուբեն Շախկյանի, կխթանի, որ մարդիկ ավելի շատ զբաղվեն գյուղատնտեսությամբ:
«Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ-ի առաջարկած ծրագրին աջակցել են միայն Հանրային խորհուրդը եւ հասարակական կազմակերպությունները, չնայած բոլորին էլ տեղեկացրել են ծրագրի մասին:
Թե ինչպիսի ներդրումների կարիք կունենա ծրագիրը, Ռուբեն Շախկյանը նշեց, որ առայժմ ընթանում են ծրագրի գնահատման աշխատանքները եւ որեւէ թիվ չհրապարակեց:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԿԱՆԱՉՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ» ԱՆՏԱՌՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ 6000 ԱՇԽԱՏՈՂ
Tert.am
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սկսվում է նոր` Կանաչների շարժում: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:
Անտառը փրկելուն ուղղված նոր այլընտրանքային ծրագիրը նպատակ ունի հանրապետության տարածքում իրականացնել ծառատունկ, վերականգնել անտառներն ու պուրակները:
«Հայաստանում ունենք լուրջ խնդիր: Կանաչ տարածքները պակասել են ու պակասում են: Իսկ նրանք մեր շնչառությունն ու մեր թոքերն են: Մենք ուզում ենք սկսել մի շարժոմ, որին կմասնակցեն լուրջ շահագրգիռ կազմակեպություններ: Սա իրականում նրանց սրբազան պարտքն է: Մեր շարժումը կտա մասսայականություն: Այդ հարցով կսկսի զբաղվել հսարակությունն ու մատաղ սերունդը»,- ասաց Կորյուն Առաքելյանը:
Նա նշեց, որ ծրագրի աշխատանքներում կներգրավվեն Տարածքային կառավարման նախարարությունը, Կրթության նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը, «Հայանտառը»: Կստեղծվի աշխատանքները համակարգող խորհուրդ, որը կկորդինացնի բոլոր մարմինների աշխատանքը: Կանաչապատման աշխատանքները սկսելու են դպրոցների շրջակայքը բարեկարգելուց:
«Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանը ներկայացրեց անտառի բարեկարգման իր ծրագիրը, որը նախատեսում է 6000 աշխատատեղ:
«Իմ ծրագրի կետերն են` փայտանյութի մշակում, մրգերի հավաքում ու իրացում, համագործակցություն պահածոներ արտադրող ընկերությունների հետ, էկոտուրիզմի կազմակերպում, կացարանների ստեղծում, սնկի տարբեր տեսակների աճեցում, մեղվաբուծություն և այլն»,- ներկայացրեց Ռուբեն Շախկյանը:
Նա նշեց, որ Հանրային խորհուրդն ու տարբեր ՀԿ-ներ աջակցում են իր ծրագրին, որի մասին տեղյակ են նաև Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման նախարարությունները: Ծրագրի բիզնես-պլանը դեռ մշակվում է, բայց այն մեծ ներդրումներ չի պահանջում:
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԾԱՌԱՀԱՏՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԲԵՐԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ ԵՒ ԴԱՐՁՆԵԼ ԵԿԱՄՈՒՏԻ ԱՂԲՅՈՒՐ. ՌՈՒԲԵՆ ՇԱԽԿՅԱՆ
Tert.am
«Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանն առաջարկում է Հայաստանում անօրինական կատարվող ծառահատումը բերել օրինական դաշտ և դարձնել եկամուտի աղբյուր:
«Հայաստանում թույլատրվում է հատել որպես վառելիք օգտագործվող փայտանյութի միայն 10 տոկոսը: Մնացած 90 տոկոսը, իհարկե, օդից չի գալիս: Գալիս է մեր անտառներից: Մարդը գնում, հատում է, իր ավանակով բերում, տեղ հասցնում: Մենք առաջարկում ենք դա լեգալացնել: Դա դառնա աշխատանք: Այսինքն մենք կոնկրետ բրիգադներ ունենանք, որոնք այդ փայտը անտառներից կբերեն կհասցնեն այն կոնդիցիոն վիճակին, որ լինի վառելու պատրաստ»,- մանրամասնեց Ռուբեն Շախկյանը:
Նա նշեց, որ այդպիսով փայտը կդառնա ավելի մատչելի: Ներկայումս «Հայանտառը» փայտը վաճառում է 4500 դրամով, իսկ սպառողին այն հասնում է 26 000 դրամով: Եթե «Հայանտառն» ինքը կազմակերպի փայտի մշակման աշխատանքը, ունենա պահեստավորված փայտ ու մասնագիտացված խմբեր, ըստ Շախկյանի, փայտը սպառողին կհասնի ավելի էժան գնով:
Օրինական ծառահատումը նաև հնարավորություն կտա խուսափել զոհեր ու վիրավորներ ունենալու վտանգից, քանի որ փայտահատմամբ կզբաղվեն մասնագետներ:
Փետրվար 09, 2011
