ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՏՎԱԾԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՏՎԱԾԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ

ԱրմԻնֆո

Գործարար հատվածը, փաստորեն, նշանառության տակ է առել Հայաստանի անտառները:
Քաղցր պատառ են դարձել Տավուշի մարզի անտառները, որոնց սպառնում է հատում փայտամշակման արդյունաբերության զարգացման դրոշի ներքո: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «ԷկոԼուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը, այդ նախաձեռնությունը քննարկվել է փետրվարին Իջևանում, ընդ որում քննարկումներին մասնակցել են «Հայանտառ»-ի, Գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև Տավուշի մարզային վարչակազմի ներկայացուցիչներ: Նախագիծը ենթադրում է ներդրումներ մարզի փայտամշակման արդյունաբերությունում` անհրաժեշտ քանակությամբ բնափայտի առկայության պայմանով: Նշվում են նաև վայրերը, որտեղ դեռ կարելի է հանդիպել արդյունաբներական հատման համար պիտանի ծառերի` բարձր լանջեր, դեպի ուր անհրաժեշտ է ճանապարհներ գցել:

«Ահա արդեն մի քանի ամիս է` մենք «Հայանտառից» լսում ենք, որ մեզ հարկավոր է ձերբազատվել հին անտառներից, ավելի քան 100 տարեկան ծառերից, որոնք ուր որ է կկոտրվեն, և որ դրա համար հարկավոր է ճանապարհներ կառուցել: Այդ առաջարկությունը հստակորեն բացահայտում է «Հայանտառի» մտադրությունները. նրան անհրաժեշտ է ճանապարհներ գցել ոչ թե սանիտարական ծառահատումների համար, այլ  արդյունաբերական բնափայտը մատչելի դարձնելու նպատակով», - նշել է Զարաֆյանը:

Նրա ասելով` ծրագրին սոցիալական բնույթ հաղորդելու համար վերադասները խոստանում են ստեղծել անտառային հիմնադրամ տեղի բնակիչների համար, ովքեր անվճար կստանան չորացած ծառերի ոստերը, իսկ փայտի դիմաց կվճարեն երկու անգամ պակաս:

Չնայած գեղեցիկ խոստումներին` Տավուշի անտառներին առնչվող իրավիճակն արդեն կարելի է համարել աղետալի: «Մենք եղանք Տավուշի երեք գյուղական համայնքներում, որտեղ մեզ հաղորդեցին, որ գյուղերից ոչ մեկում 5 կմ շառավղով ոչ արդյունաբերական բնափայտ կա, ոչ էլ սանիտարական հատումների համար նախատեսված ծառեր: Տեղի բնակիչները չեն էլ թաքցնում, որ ձմռանը տները տաքացնում են փայտով, իսկ վառելափայտն ստանում են ապօրինաբար` հարկավոր մարդկանց հետ պայմանավորվերով ծառահատման շուրջ», - պատմել է նա:
 
Այն, որ գործարար հատվածը նշանառության տակ է առել Տավուշի անտառները, Զարաֆյանը համարում է ոչ պատահական: «Լոռու անտառները շատ քիչ են, և եթե խոսելու լինենք արդյունաբերական փայտանյութի մասին, ապա այնտեղ գրեթե ոչինչ չի մնացել: Անտառներով հարուստ է Սյունիքի մարզը, սակայն այստեղ դու կարող ես անմիջապես հանդիպել արգելոցի, ազգային պարկի կամ արգելավայրի: Այնպես որ, Տավուշի մարզն ավելի շահավետ է փայտամշակման արդյունաբերության զարգացման տեսակետից», - նշել է նա:

Քանի դեռ գործարար հատվածն ախորժակ է պահում, էկոլոգները տագնապ են ազդարարում. վերջին 20 տարում Հայաստանում դիտվում է անտառապատ տարածքների կրճատում, և նախկին 25 տոկոսից մնացել է 7-ից ոչ ավելի: «Եթե այդ ծրագիրը դառնա իրականություն, ապա մենք շատ շուտով կկորցնենք  մնացած տոկոսները, և իրականություն կդառնան ամերիկացի մասնագետների այն հայտարարությունները, թե 2020  թվականին Հայաստանը կմնա առանց անտառի»,- ասել է Զարաֆյանը:
 
«Անտառը պահպանելու համար մենք պետք է վերջ դնենք գործարարությանն այդ ոլորտում, սկսենք պայքարել ապօրինի ծառահատման դեմ: Պետք է լինի անտառի փրկության պետական ծրագիր:  Դժբախտաբար,  այդ հարցում Բնապահպանության նախարարությունը, պարզապես, չի աշխատում»,- նշել է նա:

Մարտ 29, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր