

ԷկոԼուր
Լերմոնտովո գյուղի հարեւանությամբ` անտառում, կտրում են սոճենիներ եւ եղեւնիներ: «ԷկոԼուր»-ի աշխատանային խումբը, ահազանգ ստանալով, «Հրապարակ»-ի լրագրող Էդուարդ Արզումանյանի եւ Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանի հետ միասին եղավ հատումների վայրում: Դա Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտ տեղամասն է: Ամեն քայլափոխին ընկնում էին ծառերի բները եւ ճյուղեր, ամենուր կոճղեր էին: Առաջին տպավորությունն այն էր, որ վերադառնում ենք էներգետիկ ճգնաժամի 90-ական թվականները: Բայց կարելի էր նկատել, որ յուրաքանչյուր կոճղ նշված է կարմիր կնիքով: Դա վկայությունն է այն բանի, որ հատումներն օրինական են: Ինչպես պարզ է դառնում, այդ տարածքում կատարվում են, այսպես կոչված, խնամքի հատումներ, այսինքն` այնպիսի հատումներ, որոնք պետք է նպաստեն անտառի լավ վերարտադրությանը: Մեզ անընդհատ մեր չինովնիկները համոզում են, որ այդ հատումներն անհրաժեշտ են, որ կտրում են, որպես կանոն, ծեր ծառերը, որպեսզի մատղաշ ծառերին աճելու տեղ լինի: Բայց պատկերն այլ բանի մասին է խոսում. կտրում են ուղիղ, լավ ծառերը` արժեքավոր փայտանյութով: Անտառի խորքը չեն մտնում, որպեսզի հնարավոր լինի առանց խոչընդոտի անտառը մեքենայով դուրս բերել եւ հասցնել նշանակված վայրը: Ծառին փակցված աղյուսակում կարելի է կարդալ, որ տվյալ տեղամասում հատվելու է 43,78 խմ արդյունաբերական նշանակության փայտ եւ 44,71 խմ վառելափայտ:
Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, նախատեսված է հատել ընդամենը 405 ծառ, եւ որ այդ թիվն արտացոլված է անտառտնտեսության մենեջմենթ պլանում: Անտառում մեզ հանդիպած անտառապահն ասաց, որ այն բանից հետո, երբ թերթերը գրեցին հատումների մասին, այդտեղ ժամանեցին տեսչությունն ու ոստիկանությունը: «Հիմա ոստիկանություն եմ շտապում, կանչում են»,- ասաց անտառապահը:
Մենք վստահ ենք, որ սա արդյունքն է այն քաղաքականության, որը անտառի նկատմամբ վարում է մեր կառավարությունը: Մի կողմից հայտարարում են, որ բոլոր ջանքերը ներդնելու են, որպեսզի պահպանեն անտառը, մյուս կողմից կառավարությունը հրաժարվում է ամբողջ ծավալով ֆինանսավորել անտառային ոլորտը եւ հրամայում է, որպեսզի, Հայանտառն այդ ֆինանսավորումը` ֆինանսավորման ամբողջ ծավալի մոտ 30%-ը, լրացնի անտառի վաճառքի հաշվին: Հարց է առաջանում` ինչպե՞ս է Հայանտառը հայթայթելու այդ միջոցները, եւ արդյոք ընտրված տարածքներում կկտրի՞ ծեր, հիվանդ ծառերը, որոնք գին չունեն: Այս ֆոնի վրա զարմանալի չէ, որ կառավարության անդամ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փոխում Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարներին, ովքեր համարձակվում են հրապարակային հայտարարել, որ անտառտնտեսությունների մենեջմենթ պլանները հիմնված են սխալ տվյալների վրա եւ որ պետք է մորատորիում դնել անտառային հատումների որոշակի տեսակների վրա, մինչեւ չպարզվի, թե ինչ ունենք մեր անտառային սեկտորում:
style="height: 390px; width: 640px">
Հուլիս 18, 2011 at 13:43










