

Tert.am
Հայաստանի ամբողջ անտառային ֆոնդը 1990թ. կազմել է 41 մլն խ/մ փայտանյութ, իսկ այժմ այն գրեթե 20-22 մլն խ/մ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը։
Արձագանքելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի այն հայտարարությանը, թե այս քսան տարիների ընթացքում Հայաստանն անտառային տարածքների կորուստ չի ունեցել, և դեգրադացված անտառները կարելի է վերականգնել, Սանասարյանն ասաց. «Եթե «Հայանտառի» տնօրենն իմանար, որ կա Հայաստանում դատախազություն, դատարան, Հանրապետության վարչապետ, նախագահ, որոնք մտահոգված են Հայաստանում անտառների պահպանության խնդրով, նա երբեք չէր համարձակվի այսպիսի հայտարարություն անել»։
«Հիմա ընտրովի է կտրվում անտառը. կտրվում է այնպիսի փայտանյութ, որ Եվրոպայի շուկայում արժեք ունենա, և այս ամենն ո՞ւր է գնում. պետական գանձարան չի մտնում՝ անգամ որպես հարկ։ Այս ամենը գնում է վերնախավին»,- ասաց բնապահպանը։ Ըստ նրա՝ այժմ ստեղծվել է մի համակարգ՝ պետական իշխանական համակարգը, որը միջազգային տարբեր ատյանների հետ տարբեր կոնվենցիաներ, համաձայնագրեր ստանալով, լիովին կտրվել է ժողովրդից, և մտահոգ է միայն սեփական հարստություն կուտակելու խնդրով։
«Այն մարդիկ, ովքեր այսօր արտոնված են Հայաստանի անտառները պահպանել, (դա ոչ միայն «Հայանտառին» է վերաբերում, այլև՝ ավելի վերևին), նրանք այլ նպատակ ունեն. ամբողջ նպատակն այն է, որ անտառներն աստիճանաբար դուրս մղեն պետական բյուջեի ֆինանսավորումից, և երբ կտեսնեն, որ գնում է դեպի քայքայում՝ դեպի համայնքային, կտանեն դեպի սեփականաշնորհում, որը Համաշխարհային բանկի պարտադրանքներից է»,- բացատրեց Սանասարյանը։ Նրա համոզմամբ՝ այդ է պատճառը, որ Համաշխարհային բանկը «շատ-շատ կասկածելի և չհիմնավորված թվեր է տպում անտառների վերաբերյալ. այնպես որ «Հայանտառի» գլխավոր տնօրենը այս հարցում շատ քիչ իշխանություն ունի, և ինքն իրականում «Հայանտառի» տերը չէ»։
«Նրանք [տեղի պաշտոնյաները], բնականաբար, պիտի ցույց տան, որ այս տարիներին անտառահատումներն ընդհանրապես վնաս չեն պատճառել անտառին։ Իսկ ի՞նչ եք կարծում, կարելի՞ է դրան բացատրություն տալ՝ այդ անհեթեթ, անտառային համակարգը դեպի կործանում տանող, սակայն իրենց պաշտոնը պահպանող և անձնական շահույթ ստացող հայտարարություններին։ Հնարավոր չէ»,- զայրացավ բնապահպանը։
Նրա դիտարկումներով, այդ սկզբունքը միայն անտառների նկատմամբ չի կիրառվում. առաջիկայում փորձ է արվելու սեփականաշնորհել նաև Սևանա լիճը։ «Ես ուղղակի հույս ունեմ, որ հայ ժողովուրդն, այս լսելով, ոտքի կկանգնի՝ հասկանալով, որ սա արդեն կյանքի ու մահվան խնդիր է ու անպայման իր խոսքը կասի»,- ասաց նա։
Հարցին, թե Համաշխարհային բանկի ինչի՞ն է պետք Հայաստանն անտառազրկելը, Սանասարյանը պատասխանեց. «Այժմ աշխարհում ապրում է մոտ 7 մլրդ մարդ։ Յուրաքանչյուր մարդու հաշվով համարվում է, որ 55 տ նյութ է վնասվում։ Դրա համար էլ այժմ աշխատում են սովի, հիվանդությունների, լոկալ պատերազմների և այլ միջոցներով մարդկանց քանակը նվազեցնել, և ոչ թե կիսով չափ, այլ շատ ավելի մեծ չափով»։
Հուլիս 22, 2011 at 12:55
