Ով կտրում է, թող նա էլ փոխհատուցի, ասում են Մարցի բնակիչները

Ով կտրում է, թող նա էլ փոխհատուցի, ասում են Մարցի բնակիչները

ԷկոԼուր

Լոռու մարզի Մարց գյուղը ճանապարհից հեռու է, մոտակայքում արդյունաբերական օբյեկտներ չկան: Բայց այն թեժ կետ է: Գյուղն իր վրա կրում է անտառային բիզնեսի ազդեցությունը, որը գյուղի հաշվին է փող աշխատում, բայց մարդիկ գործնականում այդ ամենից ոչինչ չեն ստանում:

Անտառը եւ գյուղատնտեսությունը Մարցում մարդկանց ապրելու հիմքն են: Երիտասարդները` որպես վարձու աշխատողներ, կտրում են անտառը: Մյուսները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղատնտեսությունը նույնպես կապված է անտառի հետ, որտեղ տեղակայված են գյուղատնտեսական նշանակության հողերը, բարձր լեռնային արոտավայրերը, խոտհարքերը: «Մեր մեղրը առաջ կուսակցական ղեկավարների սեղանին էր լինում, իսկ այժմ այն գնալով քչանում է»,- ասում է Մարցի տարեցներից մեկը:

Գյուղին ամենից մոտ անտառային տարածքներում արդյունաբերական անտառ գրեթե չի մնացել: Իսկ այն անտառը, որ մնացել է, կիսով չափ կտրտված է: Լավ ծառերի համար պետք է ավելի վերեւ բարձրանալ եւ հեռու գնալ: Մնացած անտառային հատվածները ոչ միշտ են պիտանի բնակիչների համար, քանի որ նրանցով անտառի խորքն է գնում ծանր տեխնիկան:

«Լեռնային աղբյուրի հունը փոխվել է, եւ ջուրը լցվում է արոտավայրերը: Մենք կանոնավոր այդ հողի համար հարկ ենք վճարում, իսկ օգտվել չենք կարող: Ո՞վ է մեզ փոխհատուցելու վնասները: Ով կտրում է, նա էլ թող փոխհատուցի: Կամ էլ թող ինձ ազատեն հարկերից այնքան ժամանակ, մինչեւ չվերականգնեն իմ խոտհարքը»,- ասում է գյուղի բնակչուհին: «Մեր անտառը փչացել է: Այն, ինչ մենք առաջ անտառից ունեինք, հիմա չունենք: Նույնիսկ անտառապահները մերը չեն: Գալիս են անտառտնտեսությունից, մեզ հետ չեն խորհրդակցում, չեն հարցնում, թե որտեղ կտրեն, ինչ հատվածում, բայց չէ որ դա մեր անտառն է»,- ասում են Մարցի բնակիչները: Նրանք կարծում են, որ գյուղի ճանապարհների եւ տարածքների օգտագործման համար գյուղը պետք է փոխհատուցում ստանա: «Մեր ճանապարհները փչացնում են փայտով բեռնված մեքենաները: Անցուդարձ են անում օրվա եւ գիշերվա ցանկացած ժամի: Մեզ ասում են, որ հիմա շուկայական տնտեսություն է, եւ որ մենք պետք է ինքներս մեր մասին հոգ տանենք, այլ ոչ թե պետությունը: Դե թող շուկայական գներով վճարեն»,- ասաց Մարցի տարեց մի  բնակիչ:

Բուժքույր Գայանե Քոչինյանն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ կլիման եւ պայմանները գյուղում նույնպես փոխվել են դեպի վատը: Նա կարծում է, որ պատճառներից մեկը հատված անտառն է: «Մենք ջրի մեծ կարիք ունենք: Հիմա ամբողջ ժամանակ երաշտ է, ոռոգման համար ջուրը չի հերիքում, ամեն ինչ չորանում է: Մենք ուզում ենք, որ մեր գյուղում կրկին անտառատնկում կատարեն, եւ այդ ժամանակ, հնարավոր է` մեր գյուղը կրկին կծաղկի»:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ անտառտնտեսությունների պլանները կազմված են 10 տարվա համար, եւ որ նրանց հիմքում ընկած են անտառին վերաբերող գիտական ուսումնասիրություններ: Այդ պլանների մեջ մտնում են հատումների համար որոշված անտառային հատվածներ: «Սակայն անտառային մենեջմենթ-պլանը դոգմա չէ: Մենք ջանում ենք հաշվի առնել բնակիչների կարծիքը, եւ եթե նրանք հիմնավոր կարծիք ներկայացնեն, ապա կարող ենք փոփոխություններ մտցնել մենեջմենթ պլանում, օրինակ` փոխենք անտառահատումների տարածքը»,- ասաց «Հայանտառ»-ի տնօրենը:

Փոխհատուցման հարցն այդքան հեշտ չի լուծվում: Այդ հարցին«ԷկոԼուր»-ը կանդրադառնա հետագա նյութերում:


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 26, 2011 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր